Ինչպես է Աննա Հակոբյանը ձեռք առնում Սամվել Կարապետյանի դստերը

Դու ծնվել ես: Ծնվել ես` որպես մի սովորական, փոքրիկ աղջիկ: Մեծ ուշադրության կենտրոնում ես, շրջապատված ես սիրով և հոգատարությամբ, կյանքը գեղեցիկ է, հարմարավետ, լի և անգամ շքեղ: Այս մասին գրել է Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Հետո գալիս է մի պահ, երբ քո փոքրիկ ու անմեղ հոգին զգում է, որ դու և քո կյանքն ինչ-որ խորհրդավոր շղարշով եք ծածկված: Հետո դու հասկանում ես, որ այն, ինչը խորհրդավոր է, իրականում քո դատավճիռն է, մղձավանջը, որը հաղթահարելը լինելու է քո ամբողջ կյանքի մեծ պայքարը:

Դու հասկանում ես, որ այն մարդը, որ պետք է այս աշխարհում քո ամենամեծ պաշտպանն ու հենարանը լիներ, դավաճանել է քեզ դեռ քո լույս աշխարհ գալուց շատ առաջ, դավաճանել է՝ աններելի անպատասխանտվություն դրսևորելով և քո անմեղ ու մաքուր հոգին հավերժ դնելով անմարդկային մի ծանր բեռի տակ:

Հասկանում ես, որ քո հայրը, ումով դու կցանկանայիր հրապարակայնորեն հպարտանալ, երբեք չի գա քո ծնողական ժողովներին, երբեք ձեռքդ չի բռնի ու քեզ այգի չի տանի, երբեք քո ծննդյան տարեդարձներին իր հայրական խոսքը չի ասի, քո հարսանիքի ժամանակ թամադան չի հայտարարի. «Իսկ հիմա երեկոյի ամենահուզիչ պահն է` հայրիկը պարի է հրավիրում իր չքնաղ դստերը»: Հասկանում ես, տառապում, ըմբոստանում, հիասթափվում, պայքարում և ի վերջո՝ հարմարվում:

Ու երբ կյանքը քիչ թե շատ պետք է կարգավորված լիներ, վերքերը` սպիացած, տեղի է ունենում անսպասելին` քո ծնունդի, քո գոյության իրավունքը դառնում է տեղական և միջազգային քննարկման առարկա:

Քո կյանքը վերածվում է դժոխքի: Այն մարդը, որ քո պաշտպանը պետք է լիներ, վերջնականապես վերածվում է քո դահիճի` շարունակելով լուռ հետևել, թե ինչպես են քեզ հարվածում` այդ ընթացքում հոգ տանելով միայն սեփական անձի, սեփական էգոյի, սեփական պատկերացումների և սեփական գործերի մասին: Մարդիկ, քեզ դաժանաբար օգտագործելով, պատասխանատվություն, ազնվություն և առաքինություն են սպասում մեկից, ով ամենաանպատասխանատուն, ամենաանազնիվն ու ամենաանբարոյականն է եղել հենց քո հանդեպ:

Վերոնշյալը երևակայական պատմություն է, թե՛ հայրը, և թե՛ դուստրը երևակայական կերպարներ են:

Բայց այս երևակայական պատմության մեջ ես իմ խորը խղճահարությունն եմ ուղղում հորը, ով այդպես էլ երբեք հնարավորություն չի ունենալու ուղղելու այն սխալները, որ գործել է իր դստեր հանդեպ, և վայելելու վերջինիս զուլալ սերն ու հիացմունքը:

Այս երևակայական պատմության մեջ ես իմ բարձր և անվերապահ զորակցությունն եմ հայտնում այն կնոջը, ում կյանքը վերածվել է մղձավանջի: Ես իմ երևակայական հերոսուհուն ասում եմ՝ այս ամբողջ երևակայական պատմության մեջ ինձ համար ամենամեծ արժեքը դու՛ ես, քո ապրումնե՛րը, զգացմունքնե՛րն ու տառապանքնե՛րը: Ես կիսում եմ քեզ հետ քեզ բաժին հասած բեռը ու ուզում եմ` իմանաս, որ, օրինակ` իմ հայրիկն ինձ ավելի շատ չի կարողացել պաշտպանել, քան քոնը` քեզ: Մեր իրականության մեջ կանանց հիմնականում հարվածում են, և ոչ թե պաշտպանում, և դու այս հարցում հարյուր հազարավոր բախտակիցներ ունես:

Ու քանի որ սկսել եմ, մինչև վերջ ասեմ:

Ես իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանի կնոջը և դստերը, որովհետև երբ ամուսինը բանտում է՝ վայելելով հերոսացման դափնիները, կինը հազար անգամ ավելի շատ տառապում ու տանջվում է: Իսկ թե ինչպես են սիրում դուստրերը, հայրիկների համար հայտնի բան է:

Ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուբենի, Բակոյի, Արայիկի և մյուսների կանանց, ովքեր, վստահ եմ` իրենց կյանքի այս դժվար փուլում ստիպված են դիմակայել շրջապատի պարսավանքին, թե. «Հլը դու տես` ամուսինը որտեղ է, ինքն ասում, խոսում, ուրախանում է»։

Ես իմ զորակցությունն եմ հայտնում Թագուհի Թովմասյանին, ում արտաքինը բռի, գռեհիկ, անկիրթ ու տգետ տղամարդիկ արդեն մի քանի տարի է` դարձրել են իրենց համար ինքնահաստատման միջոց:

Ես իմ զորակցությունն եմ հայտնում ընդդիմադիր կին պատգամավորներին, արտիստներին, երգչուհիներին, բլոգերներին, լրագրողներին:

Ես իմ զորակցությունն եմ հայտնում Անահիտ Ավանեսյանին, բոլոր մյուս պաշտոնյա կանանց, ինչպես նաև տղամարդ պաշտոնյաների տիկնանց, ովքեր իրենց սեռի բերումով արտաքինին, բարոյականությանը ուղղված հարվածներ են ստանում և չունեն ոչ մի պաշտպանություն ոչ մի կողմից:

Ես իմ զորակցությունն եմ հայտնում Նանե Իսրայելյանին, Նանե Արզումանյանին և բոլոր կին լրագրողներին, ովքեր քաղաքական ճաշակի և կին լինելու հանգամանքով կրկին մշտական հարվածների տակ են:

Ես իմ զորակցությունն եմ հայտնում երկու օր առաջ մոլագար ամուսնու դանակի հարվածներից մահացած կնոջ հոգուն, որը հիմա, վստահաբար, խաղաղ չէ` լսելով, թե ինչպես է շրջապատը, ամենայն հավանականությամբ, կատարվածի դատավճիռը կարդացել հետևյալ կերպ՝ դե երևի հունից հանել է խեղճ մարդուն:

Ես իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր կանանց, ովքեր ամեն օր լռելյայն բռնության են ենթարկվում և չեն կարող խոսել այդ մասին, որովհետև չունեն ոչ մի պաշտպանություն:

Ես իմ զորակցությունը չեմ հայտնում Հայաստանի այն սնուցող մայրերին և գերդաստանի տատիկներին, ում սև փեշի «բարձր» հովանու ներքո էլ բռնության մշակույթը փոխանցվում է սերնդեսերունդ: Նրանք են, որ իրենց ծանր լռությամբ ու սաստող հայացքներով, իսկ ավելի հաճախ՝ ուղիղ խոսքով, քաջալերում են որդիներին և թոռներին բռնության ենթարկել սեփական կանանց: Ու դա տեղի է ունենում՝ «Ամոթ է, հարևան, բարեկամը բա չե՞ն ասի` դու ի՞նչ տղամարդ ես» խավարամիտ խոսույթի ներքո:

Ես իմ զորակցությունը չեմ հայտնում տղամարդկանց: Ճիշտ է` նրանք բռնության մշակույթի առաջին, ամենամեծ զոհն են, բայց այդպես էլ չեն փորձում կյանքի ինչ-որ փուլում ուղեղներն աշխատեցնել և հասկանալ, թե իրենց հետ ինչ է կատարվել, երբ և ինչպես: Իսկ կատարվել է այն, որ վաղ տարիքից նրանք հետևում են, թե ինչպես են հայրերը բռնանում այս աշխարհում իրենց ճանաչած ամենասիրելի, ամենաթանկ և ամենափխրուն էակներին` մայրիկներին, տենչում են պաշտպանել նրանց, բայց անկարող են, որովհետև իրենք նույնքան անպաշտպան են: Բնականաբար, չարանում են հայրերի հանդեպ, որ այդպես են վարվում, բայց նաև՝ մայրերի հանդեպ, որ չեն կարողանում իրենք իրենց և իրենց երեխաներին պաշտպանել: Հետո հասունանում են և մայրերի հետ միասին կատարվածի համար վրեժխնդիր լինում երիտասարդ աղջիկներից՝ հարսներից: Ու սա՝ գերդաստանի տատիկների լուռ և գոհունակ հայացքի ներքո:

Այսպես խեղվում են ինքնություններ, մարդկային ճակատագրեր և սերունդներ:

դիտվել է 4779 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am