Մոսկվան փաստաթղթեր է մշակել. Պուտին-Փաշինյան-Ալիև նոր հանդիպում կկազմակերպվի

«Երևանում հասկանում եմ, որ անհրաժեշտ է համոզել Ղարաբաղի հայերին՝ բանակցությունների սեղանի շուրջ նստել Բաքվի հետ», - ըստ «Ազատության», երեկ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների ավարտին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Հայկական կողմում առկա է այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ շուտափույթ կերպով հանդիպումներ անցկացնել ադրբեջանական ներկայացուցիչների հետ՝ այն իրավունքների համաձայնեցման նպատակով, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից, միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի կողմից ստանձնած)՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ միջազգային կոնվենցիաները», - ասաց Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարի հետագա խոսքից, սակայն, ստացվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը բանակցությունների ընթացքում ուղղակիորեն շաղկապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։

«Ադրբեջանական կողմը, փոխադարձության սկզբունքից ելնելով, պատրաստ է նույնանման երաշխիքներ տրամադրել իր տարածքում ապրող մարդկանց։ Հայերն այդ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով պատրաստ են նույնն անել այն մարդկանց պարագայում, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարում էր Լավրովը։

Լավրովը նաև ընդգծում էր, որ կողմերը հասկանում են՝ Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը պետք է ուղղակիորեն կապված լինի 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հետ։ «Ամենազգայուն հարցը նախկինում եղել է և հիմա էլ մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման կոնտեքստում։ Այն ամբողջությամբ պետք է համապատասխանի 1991-ին Ալմա-Աթայում, նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրի դրույթներին», - հայտարարում էր Լավրովը, ընդգծելով, որ այդ հռչակագրի վավերականությունը երեկ կայացած բանակցությունների ընթացքում հաստատել են թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը և որ «խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը կառուցվում է հենց դրան համապատասխան»։

Երեկ ավելի քան երեք ժամ կայացած եռակողմ բանակցություններում չի շրջանցվել Լեռնային Ղարաբաղի շրջափակման թեման: «Մենք մեր զրուցակիցներին ներկայացրեցինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից ներկայացված զեկույցները։

Ներկայացրեցինք նաև գնահատականներն այն քայլերի մասին, որոնք շատ ցանկալի է, որ ձեռնարկվեն որքան հնարավոր է արագորեն, առանց հապաղման, որպեսզի Ղարաբաղի բնակչությունն ապահովվի սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով, վերականգնվի էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարումը։ Այս ամենը բխում է հասարակ մարդկանց, հասարակ հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից», -ասաց Լավրովը՝ ընդգծելով, որ առկա ճգնաժամը պետք է հանգուցալուծվի այն եռակողմ հայտարարությունների հիման վրա, որոնք ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները 2020, 2021 և 2022 թվականներին։

Լավրովի խոսքով՝ երեկվա բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև սահմանների դելիմիտացիայի և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերագործարկման հարցերը: Լավրովը չբացառեց նաև, որ մինչև տարեվերջ կարող է կայանալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ևս մեկ եռակողմ հանդիպում։ Ուշագրավ է, ի դեպ, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը երեկ խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններում Ռուսաստանից բացի այլ միջնորդների ներգրավման մասին՝ փոքր-ինչ մեղմացնելով քննադատական տոնայնությունը։

«Ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանն այլև մյուսներին որպես միջնորդ օգտագործելու թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի շահը մենք հասկանում ենք։ Ողջունում ենք այն ուժերի ցանկությունը, որոնք անկեղծորեն շահագրգռված են օգնելու, որպեսզի Բաքուն և Երևանը պայմանավորվածությունների հանգեն, որոնք, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Դրա հետ մեկտեղ, պետք է բացառել այն դեպքերը, երբ փորձ է արվում պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրել՝ ելնելով ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից, այլ հանուն լրատվամիջոցներում գեղեցիկ վերնագրերի, աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական նկատառումներից ելնելով», ասաց Ռուսաստանի արտգործնախարարը։

Առավել ուշագրավ էր Լավրովի կողմից մեկ այլ բացահայտում, թե` Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում...

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում՝ ի լրումն մինչ օրս ստորագրված հայտարարությունների, երեկ Մոսկվայում ընդունելով Ադրբեջանի արտգործնախարարին՝ ասաց Լավրովը։ Փաստաթղթերի բովանդակության մասին Սերգեյ Լավրովը որևէ բան չասաց։

Փոխարենը որոշ ակնարկներ արեց Հայաստանի արտգործնախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ․ - «Կարևոր ենք համարում առաջ գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման, դելիմիտացիայի ու հասարակական կառույցների միջև երկխոսության։ Պատրաստ ենք դրան ամեն կերպ աջակցել։ Ակնկալում ենք հատուկ շեշտադրում կատարել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ լուծումներ գտնելու վրա։ Մենք մի շարք գաղափարներ ունենք, որոնք, հուսով ենք, որ անօգուտ չեն լինի»։

Թե Հայաստանի, թե Ադրբեջանի արտգործնախարարների հետ երկկողմ հանդիպումներում Լավրովն ընդգծեց, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ «Երկրորդ հարցը, որ առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի համար, վերաբերում է Լեռնային Ղարաբաղին և այն ամենին, ինչ կապված է դրա հետ», - փոխանցեց Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարին։ Ավելին՝ ակնարկեց, թե Բաքվի հետ որոշակի փոխըմբռնում կա Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության հարցում։ Թե երբ և ինչպես է Ադրբեջանը փոխանցել այդ պատրաստակամությունը, Լավրովը չհստակեցրեց։

«Մենք շատ ենք գնահատում, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը։ Սա առանցքային հարցերից մեկն է», - նշեց նա։

Լաչինի միջանցքին ու Ղարաբաղում ստեղծված իրադրությանը Լավրովն անդրադարձավ նաև Միրզոյան հետ հանդիպմանը, մի փոքր այլ շեշտադրությամբ։ Նախ ընդգծեց, որ Մոսկվան ուզում է աջակցել ի հայտ եկած սուր մարդասիրական խնդիրների լուծմանը, հետո հավելեց, որ «դրա համար կան ռուսական խաղաղապահ առաքելության բոլոր հնարավորությունները, բայց առանց կողմերի համագործակցության դա անելը հեշտ չէ»։
Ապա Լավրովն առաջարկեց քննարկել՝ ուր են հասել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները...

Երկկողմ բանակցություններից հետո մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Լավրովը այստեղ էլ հստակ հայտարարեց՝ Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին, այս անգամ, սակայն, հատուկ շեշտելով, որ հակամարտող կողմերն են նման ցանկություն հայտնել. - «Ռուսաստանը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ։ Եվ մենք, կողմերի համաձայնությամբ, ինչը, որքան հասկանում եմ, վերահաստատվել է, կշարունակենք մեր ջանքերը իրավիճակի կայունացման ուղղությամբ թե հայ-ադրբեջանական սահմանի, թե մարդասիրական խնդիրների լուծման, թե տնտեսական ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ»։ «Առաջարկում եմ քննարկել՝ ուր են հասել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները», - հորդորեց Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին։

Բայրամովն իր հերթին պնդեց՝ բանակցային գործընթացը ակտիվ է, արդյունքները՝ ոչ այդքան։ «Բայց, սխալ կլինի ասել, թե արդյունքներ ընդհանրապես չկան», - ասաց նա։
Մոսկվան, այսպիսով, վերադարձնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների, պայմանավորվածությունների և նույնիսկ փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ գլխավոր դիրիժորի իր դերակատարումը:

Երեկվա եռակողմ բանակցությունների համատեքստում Լավրովի կողմից հնչեցված հայտարարությունները, գոնե, դրա մասին են վկայում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1726 անգամ
Լրահոս
Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS Բայց ինչն է ողբերգականն այս պատմության մեջ. Մլադիչին միջազգային տրիբունալին հանձնեց նույն Սերբիայի նախագահը Քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը Ռուսական բանակն ազատագրել է Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը. Լևոն Ազիզյան Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական երեք նավթային տանկերների Ուժեղ քամի՝ Երևանում․ Նոր Նորքում թիթեղներ են պոկվել տանիքներից․ Sputnik Արմենիա Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա hարվածներից. Զելենսկի Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու. WSJ Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. Դանիելյան Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական Պսևդո շուստրի դավաճաններ 2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով Իսրայելի ԶՈւ-ն նոր hարվածներ է հասցրել Լիբանանի հարավին Պուտինը հրամայել է երեք օր ձեռնպահ մնալ Կիևի վրա հարձակումներից՝ սկսած այսօր կեսգիշերից․ Պեսկով Երևանի գրքի փառատոն չի, ՔՊ ձայնագողերի թայֆայատոն ա «Արմեն Գրիգոյանը անկեղծ պատմել է այն ամենի մասին, ինչ արել են»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am