Սա մեր գոյաբանական պայքարի մաս է․ Արման Թաթոյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը
Այս շարժումը կարևոր նշանակություն ունի, այն մեր գոյաբանական պայքարի մաս է, որովհետև այն պրոցեսը, որը տեղի է ունենում, այսպես կոչված, «սահմանազատումը»՝ սահմանազատում չէ, անօրինական գործընթաց է, միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում, ամբողջությամբ խաթարում է մեր իրավունքները, երկրի անվտանգության համակարգը խաթարող պրոցես է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որը միացել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը։
«Ավելին, հայտարարում են, թե այս պրոցեսը (սահմանազատման հեղ․) ինչ-որ հանձնաժողովների իրավական ակտերի հիման վրա։ Ես ասեմ ձեզ՝ այս հանձնաժողովները որևէ իրավական հիմք չունեն գործունեության։ Բացի այդ, այս պրոցեսը կոպտորեն նաև հակադրվում է մեր շահերին, որովհետև կարծրատիպ է ստեղծվում, որ իրականացվում է օրինական սահմանազատում։ Դա է պատճառը, որ նաև տարբեր երկրներ, միջազգային կազմակերպություններ անգամ ողջունում են այս գործընթացը՝ ասելով, թե ուրախ են, որ սա համաձայնագրի հիման վրա է տեղի ունենում։ Հատուկ եմ ասում՝ չկա որևէ համաձայնագիր, ինչի մասին է վկայում արդարադատության նախարարության, կառավարության տարածած հաղորդագրությունները, որոնք կոպիտ խախտումներով են»,- ընդգծեց Թաթոյանը։