ՆԱՏՕ-ն ընդլայնվում է. Մոսկվան ու Անկարան դեմ են, բայց Էրդողանը «առևտուր» կանի

Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցության համար

Ֆինլանդիան և Շվեդիան այսօր ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել դաշինքի կենտրոնակայան։ Պաշտոնական արձագանքը սպասվում է մի քանի շաբաթից։ Համաձայն կանոնների՝ դաշինքին նոր անդամի միանալու համար անհրաժեշտ է բոլոր դաշնակիցների միաձայն հավանությունը։ Դրական որոշման դեպքում վավերացման ընթացակարգը, դիվանագետների կարծիքով, կարող է տևել մոտ մեկ տարի։
Սկանդինավյան երկու պետությունների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ֆորմալ գործընթացի մեկնարկի առջև վերջին խոչընդոտները վերացան այս շաբաթասկզբին։ Ըստ «Ազատության», երկուշաբթի անդամակցության գործընթաց սկսելու օգտին քվեարկեց Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը։ Երեկ երեկոյան էլ քվեների 188 կողմ և 8 դեմ հարաբերակցությամբ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթաց սկսելու օգտին արտահայտվեց Ֆինլանդիայի խորհրդարանը։

Արևմտյան մայրաքաղաքներից արդեն իսկ հայտարարություններ են հնչում, որ սրընթաց փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների՝ նախևառաջ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ֆոնին, Շվեդիան և Ֆինլանդիան պետք է որքան հնարավոր է արագորեն անդամակցեն Հյուսիսատլանտյան դաշինքին։ «Հստակ է, որ թե' ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, թե' որպես Եվրամիության անդամ բարեկամ և գործընկեր երկրներ մենք պարտավորություններ ունենք Շվեդիայի և Ֆինլանդիայի առջև։Երկու երկրներն էլ կարող են վստահ լինել, որ այս իրավիճակում կարժանանան մեր աջակցությանը», - ըստ «Ազատության» նախօրեին հայտարարեց Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։

Սկանդինավյան երկրների առջև ծառացած գլխավոր խոչընդոտը, սակայն, ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ անդամներից մեկի՝ Թուրքիայի առարկություններն են։ Պաշտոնական Անկարան սպառնում է օգտվել վետոյի իրավունքից՝ մատնանշելով այն հանգամանքը, որ թե՛ Շվեդիան և թե՛ Ֆինլանդիան չեն շտապում Թուրքիային արտահանձնել ահաբեկչական կառույցների հետ առնչություններ ունեցող անձանց։ Խոսքը Քրդական բանվորական կուսակցության (PKK) և իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի Սկանդինավիայում բնակվող աջակիցների մասին է։ Բեռլինում, այդուհանդերձ, հույս ունեն, որ Թուրքիայի կոշտ մոտեցումն ի վերջո կփոխվի։ «Ինչպես և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ես ևս վստահ եմ՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության պրոցեսը բավական արագ կընթանա։ Դրան նպաստելու է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների՝ այդ թվում Թուրքիայի աջակցությունը։ Դրա հավանականությունը շատ մեծ է, քանի որ մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է գործում Թուրքիան, ինչպես է ստեղծված իրավիճակում բազմաթիվ կառուցողական առաջարկներով հանդես գալիս», - հայտարարում էր Գերմանիայի դաշնային կանցլերը։

«Թող նեղություն չքաշեն ու մեզ համոզելու չգան». Թուրքական արձագանք

«Թող նեղություն չքաշեն ու մեզ համոզելու չգան», - նախօրեին ասել է նախագահ Էրդողանը՝ արձագանքելով Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո դաշինքին անդամակցելու ցանկություն հայտնած Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտարարություններին։ «Ասում են՝ երկուշաբթի Թուրքիա են գալու: Գալու են մեզ համոզելու։ Կներեք, բայց թող նեղություն չքաշեն: Նախ և առաջ մենք չենք կարող այո ասել նրանց անդամակցությանը ՆԱՏՕ-ին այն դեպքում, երբ նրանք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում: Այդ դեպքում ՆԱՏՕ-ն այլևս չի լինի անվտանգային կառույց, կվերածվի ահաբեկիչների կենտրոնացման տեղի: Հնարավոր չէ հավանություն տալ սրան: Ներեցեք, բայց մենք նույն թակարդը կրկին չենք ընկնի», - ասել է Էրդողանը:

Չնայած Անկարայի բացահայտ առարկությանը, այսօր Շվեդիայի արտգործնախարարը արդեն ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը: Իսկ այցով Շվեդիայում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն այդ երկրի խորհրդարանում ասել է, թե լավատեսական է տրամադրված և վստահ է, թե կկարողանան համաձայնության գալ Թուրքիայի հետ: «Մենք հիմա ընդհանուր մարտահրավերի առաջ ենք: Վերջին մի քանի օրվա ընթացքում Թուրքիայից հնչող հայտարարությունները շատ արագ փոխվեցին՝ դառնալով ավելի կոշտ: Սակայն համոզված եմ, որ կկարողանանք հարթել իրավիճակը կառուցողական քննարկումների ճանապարհով», - ասել է Նինիստոն: Նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կաջակցեն իրենց անդամակցությանը, և գործընթացը կարճ ժամանակում կավարտվի:

Թուրքիայի նախագահը, սակայն, դեռ անցած շաբաթ էր հայտարարել, որ Անկարան չի աջակցում Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի մտադրությանը և նույնիսկ ակնարկել, թե կարող է վետոյի իրավունքով արգելափակել այդ գործընթացը: Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկանդինավյան երկրներին մեղադրել էր քուրդ զինյալներին և Թուրքիայում ահաբեկիչ համարվող այլ անձանց ապաստանելու համար և այդ պետություններն անվանել «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն»:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը այսօր պնդել է, թե մինչ օրս Ֆինլանդիան ու Շվեդիան Թուրքիային ոչ մի ահաբեկիչ չեն արտահանձնել, միայն սին խոստումներ են տվել: Վերջին հինգ տարում Անկարան այդ երկրներից պահանջել է արտահանձնել 33 մարդու, որոնք, ըստ թուրքական կողմի, առնչություն ունեն գյուլենական շարժման և քրդական զինված խմբավորումների հետ:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վետոյի իր իրավունքը չկիրառելու համար Հելսինկիի և Ստոկհոլմի առաջ պայմաններ է առաջ քաշում՝ «դադարեցնել իրենց երկրներում ահաբեկչական խմբավորումների աջակցությունը», «ապահովել անվտանգության հստակ երաշխիքներ», «չեղարկել Թուրքիայի արտահանման արգելքները»:

Հյուսիսատլանտյան դաշինքը անդամ մյուս երկրները չեն առարկում Ռուսաստանի սկանդինավյան հարևանների անդամակցությանը։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այսօր հույս է հայտնել, որ ռազմական դաշինքի անդամ երկրները կկարողանան հաղթահարել տարաձայնությունները և կաջակցեն Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը:

Օրերս նույն կարծիքն էր հայտնել նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր. - «Թուրքիան կարևոր դաշնակից է, և պետք է փարատել անվտանգության հետ կապված Անկարայի մտահոգությունները; Վստահ եմ, որ կկարողանանք փոխզիջման հասնել, համաձայնության գալ, թե ինչպես առաջ շարժվել այս հարցում»:

Թուրքիայից բացի, Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում բացասական դիրքորոշում ունի նաև Ռուսաստանը, որն Ուկրաինա էր ներխուժել նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի ցանկությանն ի պատասխան։ Մոսկվան հայտարարում է, թե սկանդինավյան հարևանների որոշման հետ խնդիր չունի, բայց Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի այդ երկրների տարածքներում դաշինքի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնման պարագայում։

Հիմնադրումից ի վեր, 73 տարվա ընթացքում ռազմական դաշինքի անդամների թիվը հասել է 30-ի: Վերջինը կառույցին միացել է Հյուսիսային Մակեդոնիան՝ 2020 թվականին։ Արևմտյան մամուլը գրում է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումի հաստատման դեպքում անդամակցության վավերացումը բոլոր անդամ երկրների կողմից կարող է մինչև մեկ տարի տևել։

Թուրքիայի ախորժակը բացվել է

Թեև պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիան չի պատրաստվում սակարկել Ֆինլանդիայի և քրդական հակամարտության հանդեպ Շվեդիայի դիրքորոշման շրջանակներից դուրս եկող հարցերի շուրջ, Անկարայի հավակնությունները ՆԱՏՕ-ի հանդեպ խորն են, և նրա ցանկությունների ցանկը երկար է, ըստ News.am-ի, գրում է Bloomberg-ը: «Թուրքիան ուզում է, որ իրեն կրկին ընդգրկեն F-35 կործանիչների ծրագրում, որից դուրս է մնացել Ռուսաստանից Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելուց հետո։

Նա նաև ԱՄՆ-ից պահանջել է մեկ տասնյակ F-16 ինքնաթիռներ և արդիականացման կոմպլեկտներ իր գոյություն ունեցող պարկի համար: Ավելին, Թուրքիան ցանկանում է, որ ԱՄՆ-ը չեղարկի Ս-400-ների գնման համար նախատեսված պատժամիջոցները։

Պաշտոնյաները հերքել են այն գաղափարը, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալուն Թուրքիայի դիմադրությունը որևէ կապ ունի Ռուսաստանի հետ նրա կապերի կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարեկամության հետ:

Աղբյուրները նաև հերքել են, որ ՆԱՏՕ-ի գամբիտը կապված է ներքին քաղաքականության հետ՝ հերքելով այն առաջարկությունները, թե քրդական հարցը համաշխարհային հարթակ դուրս բերելը նպատակ ունի օգուտ բերել Էրդողանին՝ հաջորդ տարի նախատեսված ընտրություններից առաջ ազգայնականների աջակցության հաշվին: Պաշտոնյաներն ասում են, որ Թուրքիան իր ազգային շահերին համահունչ արտաքին քաղաքականություն է վարում և կհամաձայնի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, եթե սկանդինավյան երկրների վերաբերյալ իր արտահայտած մտահոգությունները բավարարվեն:

Թուրքիան նաև ուզում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան չեղարկեն զենքի արտահանման սահմանափակումները, որոնք նրանք սահմանել էին Թուրքիայի և Եվրամիության մի քանի այլ անդամների հետ՝ 2019 թվականին Սիրիա ներխուժումից հետո: Թեև երկու երկրների հետ Թուրքիայի զենքի առևտուրը աննշան է, և նա չի ձգտում որևէ մեծ պաշտպանական գնումների, պաշտոնյաներն ասում են, որ Անկարան չի համաձայնի ռազմական դաշինքի ընդլայնմանն այն երկրների հետ, որոնք արգելափակում են զենքի գործարքները: Այդ մասին հրապարակայնորեն հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ասելով, որ սպառազինությունների սահմանափակումները դաշինքի «ոգու դեմ են»:

«Թուրքիան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության համար 10 պայման է առաջադրել»

Թուրքիան պատրաստվում է Ֆինլանդիային և Շվեդիային, որոնք հայտարարել են ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրության մասին, 10 պայմանից բաղկացած մանիֆեստ ներկայացնել, ըստ News.am-ի՝ գրել է Sabah թերթը։ Ինչպես գրել է թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, որպեսզի Թուրքիան այդ երկու երկրների հետ «դաշնակցային» հարաբերությունների մեջ գտնվի, պետք է կատարվեն Անկարայի տասը պայմանները։ Թերթի տվյալներով՝ խոսքը Ֆինլանդիայի և Շվեդիայի այն դիրքորոշումը հստակեցնելու մասին է, որը վերաբերում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը և նրա «ածանցյալները» «ահաբեկչական կազմակերպություններ» համարելուն։

Թուրքիան, գրել է Sabah-ը, Շվեդիայից և Ֆինլանդիայից կպահանջի դադարեցնել իրենց խորհրդարաններում ընդունել այն կազմակերպությունների անդամներին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, ինչպես նաև դադարեցնել քրդական կազմավորումների ֆինանսական աջակցությունը ԻՊ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անվան տակ։

Անկարան, նշվել է հոդվածում, ՆԱՏՕ-ի թեկնածուներից կպահանջի խուսափել Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար կազմի հետ շփումներից, ինչպես նաև դադարեցնել իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի՝ Թուրքիայում արգելված կազմակերպության «գործունեությունը»։

Թուրքիան Ստոկհոլմից և Հելսինկիից կպահանջի արագացնել իր տարածքում արգելված կազմակերպությունների հետախուզվող անդամների արտահանձնումը, ինչպես նաև չաջակցել «Թուրքիայի անվտանգության դեմ ցանկացած գործողության»։ Անկարան Շվեդիային և Ֆինլանդիային առաջարկում է «հանդես գալ այնպիսի մեխանիզմի ստեղծման համատեղ նախաձեռնությամբ, որը կսատարի կանոնավոր խորհրդակցությունների անցկացմանը և Թուրքիայի հետ սերտ համագործակցությանը ահաբեկչության դեմ պայքարում», գրել է թերթը։ Նրա տվյալներով՝ Թուրքիան կխնդրի «դադարեցնել ահաբեկչական կազմակերպություններին տրվող դրամական հոսքը, փակել նրանց բանկային հաշիվները սկանդինավյան երկրների տարածքում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1103 անգամ
Լրահոս
Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am