ԱԺ շենքում կսահմանափակվի լրագրողների տեղաշարժը
Ազգային ժողովի շենք մուտք գործելու անվտանգության միջոցառումները խստացվել են, որոշում է կայացվել նաև ԱԺ շենքում սահմանափակել լրագրողների տեղաշարժը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ անվտանգության առումով է նման որոշում կայացվել։ Ինչպես նաև տեղեկացրեց, որ սա միակ որոշումը չէ, կլինեն փոփոխություններ, որոնք միտված կլինեն Ազգային ժողովի շենքն էլ ավելի անվտանգ դարձնելուն։
«Պատճառները անվտանգային են, խոսք չի գնում կոնկրետ լրագրողների, կոնկրետ անձանց մասին։ Գործելու են նոր կանոններ, որոնց նպատակն անվտանգությունն է։ Վերջիվերջո մենք ունեցել ենք բազմաթիվ վատ նախադեպեր մեր պատմության մեջ, և բավական վերջերս և անցյալում այդ նախադեպերը շատ են՝ սկսած հոկտեմբերի 27-ից վերջացրած պատերազմով։ Էլ չեմ ասում, որ վերջերս դուք լուսաբանեցիք գնդակահարության տեսարաններ Բաղրամյան փողոցում, եղավ մահափորձ ԱԺ նախագահի դեմ։ Եվ դուք զարմանում եք, որ անվտանգության կանոնները կարող են ավելի խստանալ այն պարագայում, երբ մենք ամեն օր ունենում ենք սահմանային միջադեպեր»,- պատճառաբանեց Ալեն Սիմոնյանը։