Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանում այսօր քննարկվել է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը։ Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով վերացնել Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, որպես խափանման միջոց կիրառել միայն ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Միևնույն ժամանակ, պաշտպանության կողմն առաջարկեց որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը։
Նշենք, որ գործով այս պահին հարցաքննվել են վկաների մեծ մասը՝ շուրջ 30 անձ, ըստ այդմ, խոչընդոտելու հավանականությունն էապես նվազել է։ Դատախազը, սակայն, առարկեց միջնորդության դեմ։
Դատարանը, լսելով կողմերին, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը։
Հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 17-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ նախատեսվում էր, որ նա կրկին կվերընտրվի քաղաքապետ, քանզի ՔՊ-ն Վանաձորում պարտվել էր, իսկ ընդդիմությունը՝ հաղթել, սակայն դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք:Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս երկու անձ, որոնք մեղադրվում են Ասլանյանին օժանդակելու մեջ։
Մասնավորապես, Սուրեն Աբովյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 26-ը զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի պաշտոնակատարի, իսկ այնուհետև ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի պաշտոնը՝ օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն: Արևհատ Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, 2016 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հուլիսի 11-ը զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատարի, իսկ այնուհետև ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնը, օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն, չարաշահելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն:
Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան