Չարենցավանում ջերմոցը մասամբ փլուզվել է աշխատակցի վրա․ նա տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում ջերմոցը փլուզվել է և քաղաքացին մնացել է փլատակների տակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Մինասյանը և Արման Գազարյանը։
Փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ կարողացել են փլատակների տակից դուրս բերել Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Գարիկ Ս․-ին և պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։
