Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված

«Աստվածաշունչը, Նոր կտակարանը, Նարեկացին ու տան բանալին հետս բերել եմ։ Երբ կարդում էինք, լսում հարյուր տարի առաջ կատարվածը, չգիտեինք, որ մեզ հետ էլ նույնը կլինի։ Չէ, որ մենք պայքարում էինք՝ «այլևս երբեք» գաղափարի համար, պայքարում էինք, որ այլեւս ցեղասպանություն չլինի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Արցախից բռնի տեղահանված գիտությունների թեկնածուն, հայոց լեզվի ու գրականության դասախոսը։

Ասում է՝ ենթագիտակցորեն, երևի հենց մեր ժողովրդի՝ ցեղասպանության տարիների պատմությունը հիշելու պատճառով է, որ սուրբ գրքերն ու փաստաթղթերը մեկ ամիս առաջ պատրաստ դրել էր, կարծես կանխազգում էր, որ աղետը մոտ է։

«Ցավն այն է, որ այսքանից հետո դեռ ասող կա՝ «բա մնայի՛ք, պահեի՛ք» և սա ասում են բռնագաղթված մարդկանց»,- հոգոցով ասաց մեր զրուցակիցը ու նշեց, որ Ստեփանակերտում հայոց լեզվի և գրականության դասախոս է եղել, Երևանում փորձել է իր մասնագիտությամբ աշխատել, սակայն աշխատավարձի առաջարկը 30.000 դրամից չի անցել, տանից դուրս գալու, աշխատավայր հասնելու ծախսն ու երեխային մենակ թողնելու խնդիրները կշեռքի նժարին է դրել ու չի համաձայնել։

Ընտանիքի գաղթի ճանապարհը 40 ժամ է տեւել։ Խոստովանում է՝ չէին մտածում, որ այդքան երկար կտևի, լավ է գոնե մայրը հաց էր թխել ու ճանապարհի համար հաց ու երկու փոքր շիշ ջուր դրել։ «Բայց չէր բավականացնելու, բնական է։ Մարդիկ կային, որոնք ուտելիք չունեին եւ մեր հացից բաժին էինք հանում նաև մյուսներին։ Գիշերվա ժամը երկուսին ջուր չունեինք։ Երեխեքը ջուր էին ուզում։ Ստիպված պապային եմ ուղարկել, ասել՝ «խնդրիր ում ուզում ես , չգիտեմ, խնդրի՛ր, որ մի կաթիլ ջուր տան»,- պատմեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ երկար կանգնած սպասել են ձորի մոտ ու սարսափելին այն էր, որ տպավորություն կար, որ հնարավոր խախտեն պայմանավորվածությունը ու այդ ձորում ցեղասպանեն բոլորին։

«Իրականությունը ճիշտ չեն ներկայացնում։ Կան մարդիկ, որոնք մեղադրում են մեզ։ Մինչդեռ մնացել ենք մինչև վերջ, արել ենք անհնարինը։ Ամեն օր արթնացել ենք՝ գիտակցելով, որ ցանկացած պահի մեր երեխաներից յուրաքանչյուրը կարող է ուղղակի դիպուկահարի զոհ դառնալ։Ու մեր գեղեցիկ աչքերի համար չեն բաց թողել մեզ, բաց են թողել, քանի որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը բանակցել է։ Իսկ ինչպե՞ս կարողացավ, որովհետև մեր տղաները հերոսական պայքար են մղել»,- նշեց բռնի տեղահանվածն ու պատմեց, որ իրենց շենքը գտնվել է հենց Շուշիի դիմաց ու տեսել են, թե մարդկային, տեխնիկական ինչ հսկայական կորուստներ են հասցրել մեր զինվորները։ Բնականաբար մենք էլ անդառնալի կորուստներ ունեցանք, բայց ադրբեջանցիները հասկանում էին, որ պատերազմը շարունակվելու դեպքում իրենց կորուստները կտասնապատկվեն։

«Այսպես ասեմ էլի՝ մեռնելու էինք բոլորս։ Տղաները զոհվելու էին, նրանցից (թշնամուց-խմբ) ողջ մնացածներն էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ մեր երեխաներին մորթեին։ Եթե մեր տղաները չկանգնեին մինչև վերջ, ու եթե չբանակցեր Արցախի Հանրապետության նախագահը։ Հասանք, վերջը հասանք»,- աննկարագրելին ծանր հոգոցով փորձեց պատմել մեր զրուցակիցը՝ արձանագրելով, որ Հայաստան են հասել բավական ընկճված»։

Նախ փորձել են բնակություն հաստատել Երեւանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում, բայց գները՝ «ահավոր» էին։ Պետական ինչպիսի աջակցություններից են օգտվում «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նշեց՝ «ասում են պետությունը օգնում է, ինչո՞վ է օգնում, ձմռան այդ ցուրտ ամիսներին, հազիվ տան կենցաղային վարձն էինք պետության տված գումարով վճարում։ Ութերորդ զանգվածում ենք ապրել ձմռանը, առաջին հարկում, կիսախոնավ տուն էր , արև չէր ընկնում ՝ գինը 220.000 դրամ էր, կոմունալների հետ գալիս դառնում էր 300000»։


4 հոգանոց ընտանիքը ներկայումս բնակվում է Նոր Նորքի 4-րդ զանգվածում, վարձավճարը նույնն է՝ 220000 դրամ, իսկ ընտանիքում միայն ամուսինն է աշխատում, մասնագիտությամբ՝ ատամնաբուժ է։ Հազիվ են ծայրը՝ ծայրին հասցնում՝ վարձակալության գումարը, կոմունալները վճարելուց հետո էլ ինչ մնում է՝ ապրուստն են փորձում հոգալ։

«Ասենք տանը մարդ չկա էլի, որ երեխան գա, մեծ քաղաք է՝ իր դժվարություններով, մարդ չկա, որ վերցնի դպրոցից տանի բերի։ Զուտ տեխնիկական խնդիրների հետ կապված, ինչու չէ, նաև հոգեբանական, որ պետք է տրամադրվել, հասարակության մեջ ինտեգրվել, իրականությունը ներկայացնել»,- ասաց ընտանիքի մայրը՝ ցավով նկատելով, որ բոլորը չէ, որ առանձնահատուկ բարեհամբույր են։ Բայց չի մեղադրում, ասում է՝ իշխանական մակարդակով հակաքարոզչություն է արվել արցախցիների նկատմամբ։ «Ատելության մթնոլորտ ստեղծեցին, թունավորեցին մարդկանց։ Իրենց չեմ մեղադրում, որովհետև չեն հասկանում ինչ են անում։ Լավ մարդիկ էլ կան , փա՛ռք Աստծո ու նրանք քիչ չեն»,- նշեց նա։

Ընտանիքը փորձում է համակերպվել մայրաքաղաքի պայմաններին, ասում է՝ աղմուկը շատ է, որից անընդհատ ուզում են փախչել։ «Սովոր չենք, Ստեփանակերտը սիրուն, մաքուր, փոքր քաղաք էր, այստեղ մասշտաբները մեծ են, աղմուկն էլ՝ շատ։ Երեխայի դպրոցից գալուց բռնած»,- «Փաստինֆո»-ին ասաց բռնի տեղահանված արցախցին՝ նշելով,որ դեռ չեն կողմնորոշվել նաեւ փաստաթղթերի հարցում՝ ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, թե փախստականի կարգավիճակը պահպանել։

«Մի մասը պնդում է, որ ճիշտ է փախստականի վկայական ձեռք բերելը, մյուս մասն էլ ասում է՝ քաղաքացիություն ստանալը։ Երկընտրանքի առաջ ենք կանգնած ։ Արցախցիներն իրազեկված չեն՝ ինչ անեն, որ ճիշտ լինի, որ հետագայում նոր խնդիրների առաջ չկանգնեն։ Այնտեղ տուն ենք ունեցել, մի կերպ վարկը վերջացրել էինք, պիտի սկսեինք ապրել, փակել ենք դուռն ու եկել։ Բանալին այսօր հանել, նայել եմ, նորից դրել տեղը՝ հետաքրքիր զգացողությամբ, որ մի օր նորից տուն եմ գնալու։Երեխաներին մի քանի հագուստ եմ բերել ,սուրբ գրքերը, փաստաթղթերն ու բանալին»,- նշեց կինը՝ խոստովանելով, որ այնքան էլ լավատես չէ արցախցիների համար կառավարության խոստացած բնակարանաշինության ծրագրի նկատմամբ։

«Երկրի անկայունությունից եմ վախենում, մտածում եմ թղթի վրա է մնալու, իրականություն չի դառնալու»,- ավարտելով խոսքն ասաց նա։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 517 անգամ
Լրահոս
Ի՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան Վարդանյան Տնտեսության քողարկված խնդիրները Անիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. Շարմազանով Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Սրանով կփակվի ամեն ինչ․ Նարեկ Գալստյան «Հարբեցող այս «ծաղրածուն»... Ղազարյան Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան «Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am