Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ

Եթե Փաշինյանը իսկապես խուսափել է «Հայոց Ցեղասխանություն» եզրույթն օգտագործել իր դասախոսության մեջ, ապա ես մեծ մտավախությամբ կսպասեմ ապրիլի 24-ի ելույթին, որպեսզի հասկանամ, թե սա հատուկ մտադրված գործողություն է, թե պարզապես մոռացության արդյունք, գուցե մոռացել է բառը ու օգտագործել է այլ տերմին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը՝ անդրադառնալով նախօրեին երիտասարդ քպականների համար Փաշինյանի դասախոսությանը, որի ընթացքում վերջինս խուսափել էր «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը օգտագործելուց, փոխարենը կիրառել՝ «Մեծ Եղեռն», «կոտորածներ», «գաղթ» տերմինները։

Ցեղասպանագետն ընդգծեց, որ «Հայոց Ցեղասպանություն» և «Մեծ Եղեռն» ձևակերպումները նույնը չեն։ «Մենք բոլորս երկու տերմիններն էլ օգտագործում ենք, և օգտագործում ենք որպես հոմանիշներ, բայց իրավական առումով մեկը մյուսով փոխարինելը սխալ է, որովհետև «ցեղասպանությունը» իրավական տերմին է, որը նկարագրում է մի հանցագործություն, որի վերաբերյալ կա ընդունված միջազգային փաստաթուղթ՝ 1948 թ-ի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժի մասին» կոնվենցիան է, որը, բնականաբար, որպես իրավական տերմին, իրականացնողների կամ ոճրագրոծների համար նախատեսում է որոշակի իրավական հետևանքներ։

«Մեծ եղեռնը» իրավական տերմին չէ, կարող ենք «Մեծ Եղեռն» օգտագործել և օգտագործում ենք, դրա մեջ որևէ վատ բան չկա, եթե մենք այն օգտագործում ենք «Ցեղասպանության» եզրույթի հետ մեկտեղ, այսինքն՝ եթե տեքստում կա 2 եզրերն էլ»,- ասաց ցեղասպանագետը՝ ավելացնելով, որ իրավիճակն այլ է, եթե օգտագործվում է միայն «Մեծ Եղեռնը», քանի որ այս տերմինի հիման վրա չես կարող ոչ մեկի դատարան տանել, կամ պատասխանատվության հարց բարձրացնել՝ կատարած հանցագործության համար։

Ս. Մանուկյանը հիշեցրեց, որ երկար ժամանակ այլ պետությունների ղեկավարներ, որոնք չէին ուզում օգտագործել Հայոց Ցեղասպանություն տերմինը՝ այն փոխարինում էին հենց «Մեծ Եղեռնով», ինչպես օրինակ ԱՄՆ նախագահները, նրանք իրենց տեքստերում չէին օգտագործում «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը, այլ՝ «Մեծ Եղեռն» բառակապակցությունը։

«Ես վախենամ, որ սա նման մի հնարք է, բայց հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը։

Մեր զրուցակիցը նշում է, որ ինքն, իրականում, դավադրությունների տեսության սիրահար չէ, բայց մեր իշխանություններն ամեն բան անում են, որ ինքը հավատա, որ սա մի կենտրոնում գծվող, մի տեղից դուրս եկող, հատուկ քաղաքականություն է։ «Այս արտահայտությունները, այլ թեմաներ, որոնք վերջին շրջանում դաշտ են նետվում՝ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ, իմ մոտ կասկածներ են առաջացնում, որ սա թուրքական ժխտողականության թեզերը հայկական դաշտ բերելն է»,- արձանագրել է ցեղասպանագետը։

Նրա ընդգծմամբ՝ այս նույն թեզերը թուրքական ժխտողականությունն է կիրառել։ «Մենք միշտ փորձել ենք դրա դեմ պայքարել, եւ, մեծամասամբ, մեզ դա հաջողվել է, բայց, ցավոք, տեսնում ենք, որ հիմա դա մեր իշխանություններն են անում։ Ես կցանկանայի որ դա լիներ հիմարության կանխավարկածից ելնելով, այսինքն, որ իրենք չեն հասկանում, թե ինչ են անում, բայց, ցավոք, դրանից հետևանքները չեն փոխվում։ Անում են դա միտումնավոր, ինչ-որ ծրագրի շրջանակներում, թե անում են չիմացության, բավարար գիտելիք չունենալու պատճառով, միևնույն է, նույն բացասական արդյունքն ենք ունենալու»,- նշել է Ս. Մանուկյանը՝ ավելացնելով, որ ամբողջ կյանքում զբաղվել է Հայոց Ցեղասպանության ուսումնասիրությամբ և միշտ հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ։


«Ես միշտ խոսել եմ թուրք ժխտողականության կատարած գործողությունների վերաբերյալ և, ցավում եմ, որ հիմա ստիպված եմ դա անել սեփական կառավարության անդամների կամ իշխանությունների պարագայում»,- նկատել է ցեղասպանագետը։

Անդրադառնալով Ցեղասպանության արդյունքում 1.5 մլն զոհերին նույնականացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը՝ Մանուկյանը պատասխանեց, որ մի իշխանություն, որը պատերազմից ավելի քան 3 տարի անց չի կարողանում նույնականացնել և հրապարակել 2020 թ-ի պատերազմում մեր զոհերի անունները՝ հիմա խոսում է ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության ընթացքում զոհերին իդենտիֆիկացնելու մասին։ «Ես ուղղակի չգիտեմ, թե ինչպես սրան լուրջ վերաբերվել։ Մարդիկ չեն կարողանում մի քանի 1000 նահատակների անունները մեր հասարակությանը ներկայացնել և հիմա հավակնություն ունեն 100 տարի անց ներկայացնելու՝ Օսմանյան Կայսրության նման վատ փաստաթղթավորում ունեցող մի պետությունում ապրող քաղաքացիների տվյալները։ Սա նույն այն ասածիս մեջ է տեղավորվում, որ ասում էի, թե մենք տարիներ շարունակ պայքարել ենք թուրք ժխտողականների դեմ, որոնք մեզանից պահանջում էին այն նույնն ինչ այսօր ասում է մեր իշխանությունը։ Այսինքն 1.5 մլն զոհերի իդենտիֆիկացում է պահանջում։

Դա չափազանց դժվար գործ է, եթե չասենք անհնարն, դա շատ մեծ ռեսուրսներ է պահանջում, ամբողջ պետական համակարգի ռեսուրսները բավարար չեն լինի, որպեսզի մենք այդ գործով զբաղվենք։ Սա կամ միտում է պարալիզացնելու պետական համակարգը՝ անիմաստ գործով իրեն ծանրաբեռնելով, կամ ուղղակի թուրքական ժխտողականությանը ևս մի հնարավորություն է տալիս ասել, թե քանի դեռ դուք այդ գործընթացի մեջ եք՝ այդ գործընթացի մասին չպետք է խոսել։ Կարծում եմ, սա էլի թուրքական թեզ է, որը բերվում է մեր դաշտ»,- եզրափակել է Ս. Մանուկյանը։

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am