Պարտադրում են հրաժարվել

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները շրջանցելու առումով, Արևմուտքը մինչև հիմա, քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, լոկալ վերաբերմունք է դրսևորել Հայաստանի իշխանությունների ու նրանց գործողությունների նկատմամբ։ Իմանալով, որ իշխանությունների գիտությամբ Հայաստանի միջոցով մեծածավալ մատակարարումներ են իրականացվում պատժամիջոցների տակ գտնվող ռուսական շուկա, աչք է փակել դրա վրա։

Օգտվելով պատժամիջոցների ընձեռած հնարավորություններից, Հայաստանն իր հերթին՝ կարողացել է մեծ ծավալի առևտրաշրջանառություններ ապահովել, բարձր տնտեսական աճեր ցույց տալ, նաև եկամուտներ ստանալ՝ այդ շարժերը սպասարկելու ու հարկելու միջոցով։

Տարբեր երկրներից ապրանքները ներմուծվել են Հայաստան և մատակարարվել ռուսական շուկան։ Դա հանգեցրել է Հայաստանից Ռուսաստան արտահանումների անգամներով աճին։ Այդ ընթացքում, չնայած դրսից երբեմն-երբեմն մեղադրանքներ են հնչեցրել, հայտարարել են, որ Հայաստանը շրջանցում է պատժամիջոցները, այնուհանդերձ գործնական քայլեր, կարելի է ասել, չեն իրականացվել։ Բացառությամբ նրա, որ մեկ-երկու հայկական ընկերություններ եղել են պատժամիջոցների վտանգի տակ։ Այլ կոնկրետ սահմանափակումներ չեն կիրառվել։

Բայց Հայաստանին տրված, այսպես կոչված՝ արտոնյալ ժամանակը կարծես մոտենում է ավարտին։ Առաջին ազդակները երևում են բանկային համակարգում։

Արևմուտքի ճնշման տակ ու պարտադրանքով՝ Հայաստանի բանկերը մի քանի օրից հարկադրված կլինեն դադարեցնել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումը։ Մարտի 30-ից այդ քարտերը բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում այլևս չեն գործելու։

Միակ բացառությունն առայժմ կլինի «ՎՏԲ-Հայաստան» բանկը, որը, ինչպես հայտնի է, հանդիսանում է ռուսական ՎՏԲ բանկի դուստր կառույցը և շարունակելու է ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումը։ Մյուս բանկերը դադարեցնելու են դրանց միջոցով գործարքների իրականացումը։

Որքան էլ արտաքուստ փորձում են տպավորություն ստեղծել, որ բանկերն ինքնուրույն են հանգել այդ մտքին, պարզ է, որ դա նրանց պարտադրվել է։

Կան տեղեկություններ, որ Հայաստանում ռուսական «Միր» վճարային քարտերով գործարքները դադարեցնելու որոշումը Կենտրոնական բանկը ստիպված է կայացրել։ Հակառակ պարագայում Արևմուտքը սպառնացել է կոլապսի ենթարկել Հայաստանի բանկային համակարգը։

Այս մասին, իհարկե, Կենտրոնական բանկում գերադասում են չխոսել։ Բավարարվել են հայտարարելով, թե Հայաստանում առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, ներառյալ՝ պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։ Բայց պարզ է, որ իրականությունը մի քիչ այլ է. դա պարտադրված քայլ է, որին Կենտրոնական բանկն ու առևտրային բանկերը ստիպված են եղել գնալ։

Ամբողջ խնդիրն այն է, որ «Միր» վճարային համակարգն ընդգրկվել է ԱՄՆ Oտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (Office of Foreign Assets Control (OFAC)) սահմանած պատժամիջոցների ցանկում։ Դրանով պայմանավորված՝ Հայաստանի առևտրային բանկերը, հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերը և դրանց տակ հայտնվելու հնարավոր բացասական հետևանքները, հարկադրված դադարեցնում են համագործակցությունը «Միր» վճարային համակարգի հետ։

Սա, անշուշտ, ոչնչով չի բխում բանկերի շահերից ու հետաքրքրություններից։ Այն առաջին հերթին բացասական ազդեցություն կունենա հենց առևտրային բանկերի վրա։ Բանկերը ֆինանսական կորուստներ կունենան և կզրկվեն այն հասույթներից, որոնք ստացվում էին այս քարտերով գործարքները սպասարկելու ժամանակ։

Հայտնի չէ, թե խոսքն ինչ չափի գումարների մասին է, բայց ենթադրվում է, որ դրանք փոքր չեն։ Առավել ևս՝ եթե հաշվի առնենք, թե ռուս-ուկրաինական հակամարտությունից ու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո այդ երկրից ինչպիսի մեծ ֆինանսական հոսքեր են գալիս Հայաստան։ Նախորդ երկու տարիներին մասնավոր տրանսֆերտների տեսքով միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումներն անցնում են 6 մլրդ դոլարից։

Այդ հոսքերը, բնականաբար, ոչ ամբողջությամբ, բայց մասամբ սպասարկվում են նաև ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի միջոցով։

Համակարգից Հայաստանում օգտվում են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները, այդ թվում՝ բիզնեսի ներկայացուցիչները։ Մասնավորապես, նրանք, ովքեր տեղափոխվել և շարունակում են հանգրվանել Հայաստանում։

Համակարգի շահառու են նաև Ռուսաստանի հայերը, որոնք ևս դժվարություններ կունենան Հայաստանում ու Հայաստանի հետ ունեցած գործարքներում։

Սա անհարմարություններ կստեղծի զբոսաշրջիկների համար և կարող է բացասաբար ազդել նաև ռուսական զբոսաշրջային հոսքերի վրա։ Զուտ դրանով պայմանավորված, անշուշտ, կլինեն մարդիկ, ովքեր կհրաժարվեն Հայաստանում իրենց հանգիստը կազմակերպելու մտադրություններից։

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո, վերջին տարիներին ռուսները բավական ակտիվ են եղել Հայաստանի զբոսաշրջային հոսքերի մեջ։ Զբոսաշրջիկների կեսից ավելին եկել են այդ երկրից՝ հաշվի առնելով նաև կապիտալի ազատ շարժի հնարավորությունները։ Սրանով այդ հնարավորությունները սահմանափակվում են, կարող են նաև այլ խնդիրներ առաջացնել։ Դա բացասական գործոն է զբոսաշրջության համար։ Ու կարող է լրացուցիչ ճնշում առաջացնել Ռուսաստանից եկող զբոսաշրջային հոսքերի վրա։

Առանց այդ էլ՝ տարվա սկզբին արդեն իսկ որոշակի պասիվացում է նկատվում։ Ինչպես հունվարին, այնպես էլ փետրվարին, նախորդ տարվա համեմատ՝ զբոսաշրջիկների քանակը Հայաստան կրճատվել է։ Այս միտումն առաջիկայում կարող է խորանալ՝ կապված նաև ի հայտ եկած այս նոր հանգամանքի հետ։

Իհարկե, «ՎՏԲ-Հայաստան» բանկը պատրաստվում է նախկինի նման սպասարկել ռուսական «Միր» վճարային քարտերը, բայց դեռ հարց է, թե դա էլ ինչքան կարող է շարունակվել։

Ռուսական հայտնի վճարային համակարգի հետ հայաստանյան բանկերի համագործակցության դադարեցումը կարող է լինել այն առաջին քայլը, որով Հայաստանն աստիճանաբար սկսի ներգրավվել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների գործընթացում։ Մինչև հիմա Հայաստանը գրեթե նման խնդիրներ չի ունեցել և քաղաքական նպատակահարմարություններով ու իշխանությունների նկատմամբ Արևմուտքի ցուցաբերած բարյացակամ վերաբերմունքով պայմանավորված, կարողացել է խուսափել պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգից։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդ վտանգն արդեն մոտենում է նաև Հայաստանի սահմաններին։ Բանկերը հարկադրված են ենթարկվել Արևմուտքի պահանջներին ու պարտադրված գնացել են այդ քայլին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am

դիտվել է 1312 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am