Իբր գնաճ չկա՞

Պաշտոնապես Հայաստանում գնաճ չկա, առնվազն՝ տասներկուամսյա կտրվածքով։ Անցած տարվա դեկտեմբերին նույնիսկ սպառողական գների 0,6 տոկոս նվազում է գրանցվել՝ նախորդ տարվա համեմատ։

Սննդամթերքի պարագայում տասներկուամսյա հատվածում գնանկումն ավելի մեծ է. կրկին պաշտոնապես, գներն իջել են 4,8 տոկոսով։

Դրանից մեկ տարի առաջ էլ պաշտոնապես Հայաստանում գնաճը բազմաթիվ, այդ թվում՝ հարևան ու ոչ հարևան, նաև ԵԱՏՄ երկրների համեմատ՝ ավելի ցածր էր, երբեմն՝ կրկնակի ցածր։

Բայց պարզվում է՝ գնաճային շատ ավելի մեղմ միջավայրում գտնվող Հայաստանում գներն ավելի բարձր են, ապրելը՝ ավելի թանկ, քան այն երկրներում, որտեղ գնաճի անհամեմատ բարձր ցուցանիշներ են գրանցվում։

Դեռ թարմ են Ամանորի նախաշեմին հայ-վրացական սահմանին տեղի ունեցած հսկայական կուտակումների հետ կապված հիշողությունները։

Հայաստանի տասնյակ-հազարավոր քաղաքացիներ շտապում էին Նոր տարին դիմավորել ոչ թե սեփական երկրում, այլ հարևան Վրաստանում։ Ժամերով հերթ էին կանգնում սահմանը հատելու համար, բայց միևնույն է, նախընտրում էին գնալ Վրաստան։

Գնում էին բնավ ոչ այն պատճառով, որ Վրաստանում իրենց ավելի լավ են զգում, որ այնտեղ ավելի հարմարավետ ու հաճելի է Ամանորը դիմավորելը։ Պարզապես Վրաստանում ամեն ինչ շատ ավելի էժան է, քան Հայաստանում, որտեղ պաշտոնապես գնաճ չկա, կամ ավելի ցածր է, քան այլ երկրներում։

Դեռ Վրաստանը՝ մի կողմ. այնպես է ստացվել, որ նույն Մոսկվայում, որը համարվում է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը, ապրելը Երևանից ավելի էժան է։

Մոսկվայում ապրելու, նաև բնակարան վարձակալելու համար ավելի քիչ գումար է պետք, քան Երևանում։

Բնակարանների վարձակալության գները Երևանում իսկապես բարձր են։ Դրանք բարձրացան հատկապես վերջին երկու տարում։ Այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Ռուսաստանից բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվեցին Հայաստան։ Անցած տարվա վերջին վարձակալության գների հերթական աճը տեղի ունեցավ՝ արդեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ Հայաստանում հարկադրաբար հաստատվելու ժամանակ։ Օգտվելով պահանջարկի ավելացումից՝ բնակարանների սեփականատերերը կրկին բարձրացրեցին գները։

Այս երկու գործոններն էլ դարձան բնակարանների վարձակալության թանկության պատճառը։

Թվում է, թե օբյեկտիվ հանգամանքների բերումով է բնակարանների վարձակալությամբ Հայաստանը դարձել ապրելու համար թանկ երկիր։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում ոչ միայն վարձակալության, այլև սպառողական ապրանքների գներն են ավելի բարձր, քան նույն Մոսկվայում։

Երևանում սպառողական գները, առանց բնակարանների վարձակալության, ավելի քան 15 տոկոսով գերազանցում են Մոսկվայի գներին։

Սննդամթերքի դեպքում տարբերությունն ավելի մեծ է՝ հասնում է գրեթե 18 տոկոսի։

Եվ սա՝ այն պարագայում, երբ Հայաստանում մարդկանց գնողունակությունն ավելի ցածր է։

Ցածր գնողունակության պատճառը մի կողմից՝ բարձր գներն են, մյուս կողմից՝ նվազ եկամուտները։

Որքան էլ իշխանությունները հայտարարեն, թե Հայաստանում աշխատավարձերն ավելի արագ են աճում, քան գները, ինչը նշանակում է, որ տեղի է ունենում մարդկանց սոցիալական վիճակի լավացում, իրականում այդպես չէ։

Հայտնի է, թե ում հաշվին են ավելանում աշխատավարձերը. աճերը հիմնականում սահմանափակ ոլորտներում են։ Փոխարենը՝ բազմաթիվ աշխատող քաղաքացիների աշխատավարձերը տարիների ընթացքում գրեթե չեն բարձրանում կամ շատ քիչ են բարձրանում։ Արդյունքում՝ նրանց գնողունակությունն ընկնում է։

Այդպիսիք Հայաստանում շատ են՝ չհաշված նրանց, ովքեր բացառապես սոցիալական վճարների հույսին են։

Զարմանալի չէ, որ ըստ գնահատումների, Երևանում մարդկանց գնողունակությունը գրեթե 57 տոկոսով ցածր է, քան Մոսկվայում։ Դրա հետևանքով էլ, չնայած պաշտոնապես վերջին տարիներին գնաճային միջավայրը Հայաստանում շատ ավելի մեղմ է, քան այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Երևանում մարդիկ անհամեմատ վատ են ապրում։

Երևանում ապրելը դարձել է թանկ հաճույք. գները բարձր են, եկամուտները՝ ցածր։

Իսկ թե ինչո՞ւ են գներն ավելի բարձր, պետք է հարցնել իշխանություններին։

Դա առնվազն կասկածի տակ է դնում ցածր ու արդյունավետ կառավարվող գնաճի վերաբերյալ Կենտրոնական բանկի և կառավարության հայտարարությունները։

Նախկինում երբևէ Երևանը սպառողական ապրանքների ու սննդամթերքի գներով ավելի թանկ քաղաք չի եղել, քան Մոսկվան։ Հիմա հակառակն է։

Սրա պատճառներից մեկն էլ ըստ էության այն է, որ թանկացումները Հայաստանում տեղի են ունենում առավելապես լայն սպառման ապրանքների պարագայում։

Երկու-երեք տարի առաջ, երբ երկիրը հայտնվեց բարձր գնաճային միջավայրում, միջին գնաճը հասնում էր 8-9 տոկոսի, առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ պաշտոնապես արձանագրվող գնաճից անգամներով ավելի արագ էին թանկանում։

Թանկացումներից հետո, դրանք հիմնականում այլևս չէժանացան։ Ու հիմա արձանագրվող համեմատաբար մեղմ գնաճը տեղի է ունենում նախկին բարձր գների վրա։

Արտաքուստ գնաճ չկա կամ ցածր է, բայց իրականում շատ առաջին անհրաժեշտության ապրանքների գներ երբեմն կրկնակի-եռակի ավելի բարձր են, քան երկու-երեք տարի առաջ էին։

Այսպիսի դրսևորումների պատճառով է, որ կյանքը Հայաստանում այդքան թանկ է։ Դրա համար էլ ռուս-ուկրաինական պատերազմից հետո տեղափոխված բազմաթիվ քաղաքացիներ կարճ ժամանակ հետո հեռացան։

Անցած տարի Ռուսաստանի գրեթե 17.000 քաղաքացի լքեց Հայաստանը։

Պատճառները գուցե միայն ապրելու պայմանները չէին, բայց դա պատճառներից մեկն էր, եթե ոչ՝ գլխավորը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը` 168.am

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am