Ի՞նչ այլընտրանք է առաջարկում Իրանը Հայաստանին
Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Իրանը պատրաստ է «հարմար գնով» գազ վաճառել Հայաստանին. «Եթե Հայաստանը կարողանա գազ գնել իր հարևաններից, Իրանը պատրաստ է այս հարցում իր առաջարկություններն անել»,- հայտարարել է դեսպանը և հավելել, որ եթե Հայաստանն էներգետիկ ոլորտում աշխուժություն ցուցաբերի, կարվեն համապատասխան քայլեր, և դա կնպաստի շատ աշխատատեղերի ստեղծմանը: Դեսպանը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի՝ «հարմար գին» ասելով: Ո՞րն է այդ հարմար գինը՝ ավելի ցա՞ծր, քան Հայաստանն այսօր ստանում է Ռուսաստանից: Եթե այո, ապա ինչու դեսպանը այս մասին ավելի պարզ ու հստակ չի ասում: Այս կարգի հայտարարություններ իրանական կողմից հնչել են նաև նախկինում: Իրանի նախկին դեսպան Մ. Ռեյիսին ևս հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է Հայաստանին մատակարարել ռուսականից ավելի էժան գազ, սակայն գազի գնման շուրջ ՀՀ իշխանությունները երբևէ չեն բանակցել Իրանի հետ։ Հայկական կողմն էլ սակայն պնդում էր, թե իրանական կողմը Հայաստանին ավելի էժան գազի առաջարկ չի արել: Հիմա, փաստորեն, պատմությունը կարծես թե կրկնվում է: Իրանն այսօր գազ է վաճառում Հայաստանին բարտերային պայմաններով: Այսինքն՝ մենք Իրանից գազ ենք ստանում, որն օգտագործվում է էլեկտրաէնեգիայի արտադրության մեջ, և Իրանին վճարում ենք էլեկտրաէնեգիա: Դեսպանը նկատի է ունեցել էներգետիկ բարտերի ծավալների մեծացու՞մը, թե՞ գազի ուղղակի վաճառքը, որի մենատերը հայկական շուկայում, ինչպես հայտնի է, Ռուսաստանն է: Դեսպան Սաջադին արել է մեկ այլ ուշագրավ դիտարկում նույնպես: Նա ասել է,ո ր իրանական կողմը որեւէ շոշափելի բան չի ստացել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից՝ պատասխանելով դիտարկմանը, թե Իրանը կարող է օգտվել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից. «Մենք ոչինչ չենք նկատել, եթե դուք նկատեք, մեզ տեղեկացրեք այդ մասին»,- ասել է Սաջադին: Ինչպես հայտնի է, Հայաստանը ԵՏՄ մտավ ռուսական պարտադրանքով՝ մտնելով մի տնտեսական գոտի, որի գլխավոր դերակատարը Կրեմլն էր: Գազի համեմատաբար մատչելի գինը ԵԱՏՄ մտնելու գլխավոր հիմնավորումներից էր: Այն ժամանակ էլ Իրանը հայտարարեց, թե կարող է ավելի էժան գազ տալ, սակայն կոնկրետ գին այսպես էլ չասվեց: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, նշել էր, թե Հայաստանը միշտ պատրաստ է Իրանի հետ գազային գործակցության ընդլայնմանը, եթե Իրանը հանդես գա կոնկրետ նախաձեռնությամբ: «Եթե Հայաստանը որևէ հարցում խոչընդոտ է կամ չի գործակցում, ապա իրանական կողմը թող նշի»,- ասել էր Կարեն Կարապետյանը: Կնշի՞ Իրանը որևէ կոնկրետ առաջարկություն, որը Հայաստանը չի ընդունել, հետևաբար նաև չի իրագործել հայ-իրանական տնտեսական կապերն ամրապնդելու և զարգացնելու ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները: Եթե ոչ, ապա ո՞րը կարող էր լինել դեսպանի նման հայտարարության իմաստը: Գուցե իրանական կողմն ինքը հայկական կողմից ինչ-որ ակնկալիք ունի, որի մասին խոսում է ակնարկո՞վ: Ի վերջո գազն ու գազի գինը պարզապես տնտեսական գործարքներ չեն, դրանք լուրջ քաղաքական լծակներ են: Բնականաբար իրատեսական չէ կարծել, թե Հայաստանը կարող է հրաժարվել ռուսական գազից: Բայց գազային այլընտրանքը տվյալ դեպքում լիովին համարժեք է քաղաքական այլընտրանքին: Եվ ուրեմն՝ ի՞նչ այլընտրանք է առաջարկում Իրանը Հայաստանին: Հայկ Դավթյան
