Հեքիաթներ մրցակցության մասին՝ միամիտների համար.ՀԺ

Հայկական ժամանակը իր խմբագրականում գրում է. Կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը այս տարին սկսեց գնաճի թեմայով: Ի հեճուկս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք պնդում են, թե Հայաստանում գնաճի մակարդակը ընդամենը 2.6 տոկոս է, եւ սա շատ ցածր մակարդակ է, Սերժ Սարգսյանը, կարծես թե, ուրիշ համոզման է: Անցած շաբաթ նա հրավիրեց մի խորհրդակցություն, որի մասնակիցների կազմը իր ներկայացուցչականությամբ թերեւս չէր զիջում կառավարության նիստի ներկայացուցչականությանը: Երեկ էլ նա հանդիպել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ, ու կրկին խոսել են գների մասին: «Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմման վերաբերյալ նախագահի մոտ օրերս կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում` բարձր կենտրոնացվածություն ունեցող սոցիալական շուկաների մշտադիտարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքը»,- նշված է այդ հանդիպման մասին տարածված պաշտոնական հաղորդագրությունում: Եվ ուրեմն, ի՞նչ է պատահել: Ինչու է Սերժ Սարգսյանը այդքան «մտահոգված» գների տատանումներով: Եվ ինչու է այդ համատեքստում հանդիպում հատկապես ՏՄՊՊՀ նախագահի հետ: Խնդիրն այն է, որ ով ով, բայց Սերժ Սարգսյանը ամենալավը գիտի, որ Հայաստանում գները ձեւավորվում են ոչ թե շուկայական գործոնների ազդեցության տակ, այլ իր ամենամտերիմ, ամենանվիրված օլիգարխների ախորժակի հիման վրա: 2014 թվականին Չեխիայում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրահանգել էր դահլիճից հանել տեսաձայնագրող սարքերը եւ սկսել էր պատասխանել ներկաների հարցերին: Ներկաներից մեկը՝ Արսեն անունով գործարարը, հարցրել էր, թե «ինչո՞ւ է շաքարը երկրում մեկ մարդ ներկրում»: Պատասխանը ուղղակի ցնցող է. «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»,- ասել էր Սերժ Սարգսյանը: Տնտեսության ու մրցակցության մասին այսպիսի պատկերացումներ ունեցող Սերժ Սարգսյանը վերջին շրջանում չափազանց հաճախ է խոսում մրցակցությունը խթանելու մասին: «Մենք պարտավորություն ունենք միջավայր ձեւավորելու՝ մրցակցային միջավայր, որը երեւի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը գնաճի վերաբերյալ հրավիրած վերոհիշյալ խորհրդակցության ժամանակ: Լավատեսները, իհարկե, կարող են Սերժ Սարգսյանի՝ մրցակցության վերաբերյալ այսքան մտահոգ լինելու մասին հայտարարություններից գալ եզրահանգման, որ նա ի վերջո սրտանց ուզում է որ Հայաստանում վերջապես հաստատվի մրցակցային միջավայր (ի դեպ, ըստ Համաշխարհային բանկի վերլուծությունների, Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է տարածաշրջանում եւ նախկին ԽՍՀՄ երկրներում): Որքանո՞վ իրականությանը մոտ կլինեն այսպիսի կարծիքները: Խոսենք փաստերով: Այն, որ շաքարի շուկան լիարժեքորեն վերահսկող Սամվել Ալեքսանյանը Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխն է, թերեւս բոլորը գիտեն: Չեխիայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն էլ խոսում է այն մասին, որ Ալեքսանյանի բիզնեսը գտնվում է Սերժ Սարգսյանը «բարձր հովանու» ներքո: Պաշտոնական տվյալներով, անցած տարվա դեկտեմբերին շաքարավազը Հայաստանում արժեր 350-370 դրամ, Ռուսաստանում՝ 240-260 դրամ: Եթե որեւէ մեկը կարողանա բացատրել, թե ինչպես է ստացվում, որ միեւնույն տնտեսական տարածքում գտնվող երկու երկրներում արագ չփչացող, հեշտ տեղափոխվող, լայն սպառում ունեցող այդ ապրանքի գները ինչու են իրարից տարբերվում 25 տոկոսով, ուրեմն կարող է նաեւ հիմնավորել, որ Սերժ Սարգսյանը իրոք սրտանց, հոգու ողջ ուժով ցանկանում է, որ Հայաստանում լինի իրական տնտեսական մրցակցություն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ոչ ոք չի կարող տնտեսագիտության շրջանակներում նման բացատրություն տալ: Միակ բացատրությունն այն է, որ շաքարի շուկան փակ է, այդտեղ մրցակցություն չկա, մանրածախ առեւտուրը մեծամասամբ վերահսկում է նույն շաքարի շուկան վերահսկող Սամվել Ալեքսանյանը, եւ ուրիշ ոչ ոք չի կարող ազատորեն շաքար ներկրել: Եթե ներկրի էլ, չի կարող վաճառել: Իսկ եթե ներկրի ու փորձի ցածր գնով վաճառել, անկանխատեսելի ճակատագիր կունենա: Ընդամենը: Ու այդպես բազմաթիվ ու բազմատեսակ այլ ապրանքներ: Հիմա թերեւս բոլորն են հասկանում, որ մեր տնտեսության մեջ իրական մրցակցության բացակայությունը այն հիմնական, եթե ոչ միակ խոչընդոտն է, որը արգելակում է մեր տնտեսության աճին: Ու թերեւս բոլորն են արդեն հասկանում, որ այդ մրցակցության բացակայությունը երաշխավորում է հենց Սերժ Սարգսյանը իր սնած ու աճեցրած օլիգարխների միջոցով: Հիմա թերեւս բոլորն են հասկանում, որ  մոնոպոլիաների այս կուռ համակարգը ստեղծել է հենց Սերժ Սարգսյանը, եւ դրա նպատակը երկրի ֆինանսական ռեսուրսների նկատմամբ լիակատար հսկողություն սահմանելն է: Հենց այդ մոնոպոլիաների շնորհիվ է նրա ղեկավարած ՀՀԿ-ն տարեցտարի ավելի ու ավելի շատ ձայն հավաքում ընտրությունների ժամանակ: Այլ կերպ ասած, մրցակցությունը այն ամենակարեւոր թեմաներից է, որը այսօր հետաքրքրում է առաջին հերթին գործարար աշխարհին: Եվ առաջիկայում վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ Սերժ Սարգսյանը փորձում է դրական մեսիջներ ուղարկել: Հայերեն ասած՝ «կտեր է» տալիս: Ոմանք, իհարկե, կուտեն այդ խայծը: Բայց մրցակցության խթանման մասին Սերժ Սարգսյանի ինտենսիվ ելույթները լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ: Իրական մրցակցության հաստատման պարագայում Սերժ Սարգսյանի հովանավորյալ «տնտեսվարողները» ժամանակի ընթացքում ուղղակի դուրս կշպրտվեն շուկաներից, քանի որ սովոր չեն մրցակցության պայմաններում «աշխատել»: Իսկ նրանց տեղը զբաղեցրած գրագետ գործարարները մատները մատներին չեն տա ՀՀԿ-ի, կամ որ նույնն է՝ Սերժ Սարգսյանի համար ձայն հավաքելու ու շուտով, շատ շուտով ՀՀԿ-ն կդադարի գոյություն ունենալ: Կդադարի նաեւ Սերժ Սարգսյանի 30- ամյա քաղաքական կարիերան: Կա՞ն միամիտներ, որ կմտածեն, թե Սերժ Սարգսյանը իրոք ցանկանում է մրցակցային միջավայր ստեղծել մեր տնտեսությունում:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am