Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զարմանալի է, եթե չասենք՝ տարօրինակ, երբ հանրահայտ պատմական եղելությունների վերաբերյալ մեկ էլ ելնում, ասում են՝ այ, եթե այնինչ թվականին այսինչ բանը լիներ կամ չլիներ, օրինակ՝ Նապոլեոնը չհարձակվեր Ռուսաստանի վրա, կամ՝ Մանազկերտի ճակատամարտի ժամանակ բյուզանդական կողմը մի գնդացրային դասակ ունենար, կամ՝ եթե Մխիթար Սպարապետը դավաճանաբար չսպանվեր...

Երբ նման «եթե»-ներով զբաղվում են պատմություն առարկայի հետ նոր ծանոթացող աշակերտները, դեռ ոչինչ: Երբ ինչ-որ ֆանտազյորներ նման «եթե»-ների վրա «այլընտրանքային պատմություն» են հորինում, մտածում ես՝ դե, մարդիկ են, պարապ են մնացել, ինչ-որ սերիալներից են ազդվել, զբաղմունք են գտել և այլն, քմծիծաղում, անցնում ես:

Բայց երբ միանգամայն հասուն, անգամ ինչ-որ գիտական աստիճան ունեցող մարդիկ են նման «եթե»-ների հետևից ընկնում, ավելին՝ սկսում են դրանց վրա տեսություններ ու «գաղափարախոսություն» կառուցել, ուրեմն՝ բանը բանից անցել է, և չի կարելի դա լուռ շրջանցել՝ քունքի մոտ բնութագրական շարժում անելով:

Չէ՛, պատմության հետ կապված «ռևիզիոնիզմը» մի նոր երևույթ չէ: Սակայն մեր պարագայում սա սոսկ «ռևիզիոնիզմ» չէ: Հարկավ, Նիկոլ Փաշինյանն իր, այսպես ասենք, գրքում, «հակառակ կողմից» ինչ մտքով անցներ, կարող էր գրել: Ու, ըստ երևույթին, հենց այդ մոտեցմամբ էլ այդ «երկը» գրվել է: Բայց երբ վարչապետի պաշտոնում նստածն է այդ անլվա «ֆանտազիաները» սկսում փաթեթավորել որպես «գաղափարախոսություն», դա արդեն դառնում է աղետ: Բնութագրական է, որ Փաշինյանն ու նրա տարաբնույթ կարկառուն քարոզիչները հետևողականորեն նենգախեղում են պատմական իրողությունները, սկսում են կասկածի տակ դնել հանրահայտ եղելությունները, ծաղրական կամ անհեթեթ մեղադրանքներ են սկսում հղել հարյուրավոր, անգամ հազարավոր տարիներ առաջ եղած պետական կամ ռազմական գործիչների հասցեին:

Մեթոդաբանությունը հիմնականում նույնն է: Օրինակ՝ վերցնում են որևէ «դրվագ», հնարավոր է՝ անգամ մտացածին, այն կոպտորեն կտրում են պատմաքաղաքական ենթատեքստից, ապա սկսում են դա արծարծել... ժամանակակից իրողությունների համադրությամբ:

Այդ նույն «ծակ-պրոֆեսորական» տակառից են հորդում զանազան մեղադրանքները, օրինակ՝ 120 տարի առաջ Դաշնակցության այս կամ այն որոշման վերաբերյալ, կամ՝ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անվանացանկի հետ կապված: Նույն «տակառից» է նաև այն արտածորումը, թե «թավշյա» իշխանազավթումը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան շարժումը... Լրիվ նույն կեղծարարական մեթոդաբանությունն է:

Բայց ի՞նչն է հիմնականը, որ արժե արտածել նմանօրինակ դրսևորումներից:

Իսկ հիմնականը հետևյալն է. փոխարենն այն բանի, որ Փաշինյանն ու ՔՊ-ն պատասխան տան նրա համար, թե ինչպես Արցախը ուրացան, ինչպես Արցախի ինքնահռչակ պետականությունը կործանման տարան, ինչպես հազարավոր զինվորականների մահվան մատնեցին, ինչպես Արցախի 149 հազար բնակչությանը տնազուրկ ու հայրենազուրկ դարձրեցին, մեջտեղ են բերում ինչ-որ «եթե»-ներ: Տվյալ դեպքում՝ ինչ-որ մի հռչակագիր՝ 1991 թվականի, ու փորձում են ինչ կա-չկա՝ ջարդել դրա վրա, նախկինների վրա, Ռուսաստանի վրա, մարսեցիների վրա ու... չգիտես, թե էլ ում:

Մինչդեռ ակնհայտ է, չէ՞, որ 1991-ից առ 2018 թվականը հարյուրավոր դիվանագետներ, քաղաքական ու պետական գործիչներ, այդ թվում՝ օտարազգի, այդ թվում՝ գերտերությունների ներկայացուցիչներ, կներեք, բայց անգետ-ցնդածներ չէին, էլի, որ «ԱլմաԱթայի հռչակագիրը» մի կողմ դրած՝ Արցախի հիմնախնդիրն ու դրա կարգավորման տարբերակներն էին քննարկում:

Սա ընդամենը օրինակներից մեկն է:

Այսինքն, փոխանակ պատասխան տաս քո գործած ավերների ու քո բերած աղետների համար, ընդամենը մի կամ մի քանի «եթե» ես մեջտեղ նետում, ձայնդ գլուխդ գցում, թե՝ «բա եկեք բանավիճե՜նք, տեսնենք, թե ով է հանձնել...»: Ու ոմանց թվում է, թե՝ վերջ, դրանով բոլոր հարցերը սպառվեցին: Այսպես ասենք. ոմանք չարաչար սխալվում են:

Իսկ պատմական իրողությունների նենգախեղումը, մեծ հաշվով, ճահիճ է: Ճա-հի՜ճ: Որի ընդլայնումը, եթե ժամանակին չես կանխում, կարող է դառնալ ու դառնում է իրականության դահիճ:

Հա, ու եթե հիմա որոշ իշխանական քարոզիչների լսենք, ավելի ճիշտ՝ հակիրճ ի մի բերենք նրանց ասածները, դուրս է գալիս, որ Հայրենական պատերազմում հարյուր հազարավոր հայեր զոհվել են հանուն... ոչնչի:

Ծանոթ ֆրազ է, այնպես չէ՞:

Ի դեպ, վերոնշյալ երևույթին սերտորեն շաղկապված կրթության «նորաձևության» մասին: Երբ հետևում ես այդ «շրջիկ լիկբեզի» հիմնական բանախոս Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այդ թվում՝ կառավարության նիստերում հնչող «դասախոսություններին», ապա հանրագումարում նրա ասածն ի՞նչ է:

«Իզմ»-եր չունեցող Փաշինյանն այդ ի՞նչ գաղափարախոսություն է ուզում փաթաթել հանրության պարանոցին: Մեծ հաշվով, նրա ասածները նպատակաուղղված են հնարավոր բոլոր արժեքները, ընկալումները, բոլոր արժանիքները ջնջելուն: Եթե նրան ու նրանց լսես, ապա հայերը կառուցել չգիտեն, դպրոց չեն կարողանում կառուցել, անգամ ասֆալտ փռել չեն կարողանում, հայերը բռի են, փնթի են, անմշակույթ են, պատմություն չունեն, տգետ են, անշնորհք են, վախկոտ են, ոչ մի հաղթանակ չեն ունեցել, կռվել չեն կարողանում, գող են, թալանչի են, զազրախոս են...

Հա, դե բնականաբար, Գառնու տաճարն էլ «հավաբուն» է, ըստ Փաշինյանի...

Եվ ընդհանրապես, ըստ Փաշինյանի «գաղափարաբանության», որտեղ հաց, այնտեղ կաց: Այսինքն՝ հայերը բացառապես միայն ստամոքսը լցնելու համար են ապրում, զուտ կենսաբանական օրգանիզմ են, ու՝ վերջ:

Գիտեք, այդպես հնարավոր է գնալ միայն մեկ տեղ՝ դեպի ինքնության զրոյացման, դեպի անէություն: Նման խոսք կա, թե՝ պատմությունը վրեժ է լուծում, երբ այն չես սովորում: Բայց թույլ տանք մեզ նկատել, որ պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am