Արշակ Կարապետյանը չի զեկուցել ինձ. Փաշինյանը նրա պաշտոնավարման մասին
Արշակ Կարապետյանը՝ լինելով ՊՆ նախարար, չի զեկուցել ինձ, որ ադրբեջանցիները դիրքեր են վերցրել։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արշակ Կարապետյանը ամենակարճ պաշտոնավարած ՊՆ նախարարն է։ Այդ ընթացքում եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ, եղել է 2021-ի մայիսի իրադարձությունները, հետո եղել է ՊՆ նախարար՝ եղել են 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Ես նրան որոշում եմ կայացրել հանել աշխատանքից, 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան նա ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանդարտ է, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել մեր տարածք եւ նույնիսկ դիրքեր են վերցրել։ Նա կամ դրա մասին տեղյակ չի եղել, կամ տեղյակ լինելով՝ չի զեկուցել։ Նման իրավիճակներում ես որեւէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում»,- նշեց նա։
