Աէրոպորտում մի մասը սովահար է, մյուս մասը խաշլամա է անում․ Արցախցի կինը՝ Ստեփանակերտի օդանավակայանում իրավիճակի մասին
«Փաստինֆոն» կապ է հաստատել Ստեփանակերտի օդանավակայանում գտնվող Արցախի բնակչուհիներից մեկի հետ, ով պատմեց, որ արդեն 2-րդ օր են անցկացնում օդանավակայանում։
Նրա փոխանցմամբ՝ իրենց բնակավայրից փախուստի են դիմել, երբ իմացել են, որ ադրբեջանցիները մտել են կողքի գյուղը, գրեթե ոչինչ չեն հասցրել վերցնել։
«Իմացանք, որ կողքի գյուղում բազմաթիվ զոհեր են եղել, ահաբեկվել էինք, որքան հնարավոր է արագ փախանք, ոչինչ չհասցրիք վերցնել։ Արդեն 2-րդ գիշերն է չենք քնում, իսկ այստեղ ոչ նստելու տեղ կա, ոչ քնելու։ Անգամ սնունդ չկա, նրանք ովքեր հասցրել էին իրենց հետ սնունդ վերցնել՝ այստեղ ուղիղ փողոցում կրակ են վառել ու ամեն մեկը մի բան սարքում է, որ ուտի, իսկ ով չի հասցրել վերցնել՝ սովի են մատնված։
Զանգում ենք կառավարություն չեն պատասխանում։ Խաղաղապահներն էլ առաջակցություն են տրամադրել միայն նրանց, ովքեր առաջին օրը հերթագրվել են։ Մեզ ասացին հերթագրվեք, ով չի հերթագրվել՝ օգնություն չի հասնում, հերթագրվել ենք, բայց մինչև հիմա ոչ մի օգնություն չկա։ Չեմ ուզում խաղաղապահներից բողոքեմ, մեզ էլի ջուր են տալիս, կամ հեռախոսն են թողնում լիցաքվորենք, բայց մարդիկ անտերության են մատնված։ Մի քիչ առաջ կողքովս մի մարդ անցավ, գրկին երեխա էր, ասում էր՝ պապա սոված եմ, պապա սոված եմ։ Ինչ աներ էդ մարդը, չէր հասցրել տանից բան բերել։ Շատ ծանր վիճակ է։ Մերոնք էլ չեն հասցրել ոչինչ վերցնել, ես մի քանի կտոր հաց եմ վերցրել արագ-արագ, բայց դա էլ արդեն վերջացել է։ Չենք կերել էդ հացից, ասում ենք երեխոնց կտանք՝ սոված չմնան»։
Կինն ասաց, որ հոգնած են, քաղցած, հյուծված ու ահաբեկված։ «Կողքից էլ մարդիկ խոսում են, թե Փաշինյանը ուզում է Ղարաբաղը հեչ անի։ Էսօր էլ ասում են, թե բանակցությունները արդյունք չեն տվել։ Մեզ էլ ասում են, թե ադրբեջանցիներն ասել են, որ 6-7 օր է մնացել, որ տանջվեք։ Թե ինչի 6-7 օր չգիտեմ, մենք դա կապում ենք խաղաղության պայմանագրի հետ։ Ասում են, երբ Նիկոլը ստորագրի պայմանագիրը՝ ամեն ինչ կավարտվի»։
Նա նաև նշեց, որ անելանելիությունից ուզում են տուն վերադառնալ, բայց վախենում են։
«Ես չեմ ուզում Երևան գալ, հավանաբար չենք էլ կարողանա, տպավորություն է, որ ուզում են մեզ հետ վերադարձնել տուն, բայց վախենում ենք, որ թուրքերը գյուղ մտած կլինեն։ Գյուղում էլ չլինեն, կողքի անտառներում կլինեն, մտածում ենք, բա, որ գիշերը տուն մտնեն․․․ մենք էլ ենք ուզում գնանք մեր տները, բայց վստահություն չկա։ Անորոշ վիճակ է։ Բայց գիտեք, ես թուրքին չեմ մեղադրում, իրենք իրենց գործ են անում։ էս ամենի մեղավորը մեր ղեկավարներն են, բոլորը, բոլոր նախկին ու ներկա ղեկվարներին, իրանք՝ իրենց ժողովրդի նկատմամբ անարդար էին, մեր սուտի գեներալներն են մեղավոր։ Հիմա էդ ղեկավարներն ասում են՝ ինչի է աշխարհը էսքան անարդար։ Իրենք, որ անարդար են եղել, հիմա աշխարհն ինչի պիտի արդար լինի։ Էդ նույն անարդարությունն հիմա է, էստեղ է՝ աէրոպորտում մի մասը սովահար է, մյուս մասը խաշլամա է անում․․․»
