Փաստեր չկան, որ «Յանդեքս» տաքսի ծառայությունը դեմպինգ է իրականացնում. ՏՄՊՊՀ
Մասնագետները պնդում են, որ «Յանդեքս» տաքսի ծառայությունը Հայաստանում դեմպինգ է իրականացնում՝ սպառնալով մյուս ընկերությունների գոյությանը: Ինչպես հայտնի է, «Յանդեքսը», որ ընդամենը վերջերս է մուտք գործել հայաստանյան շուկա, 1-2 կիլոմետրի համար հաճախորդից գանձում է ընդամենը 100 դրամ, 3-րդ կիլոմետրի համար քաղաքացին վճարում է 200 դրամ եւ այդպես շարունակ: Այսպիսի գներ, Հայաստանում չկան: 1-6 կիլոմետրի համար ներկայումս Երեւանում վճարում են 600-700 դրամ: «Յանդեքսի» դեպքում վարորդները չեն տուժում, որովհետեւ բացի յուրաքանչյուր պատվերից ստացած գումարից, ընկերությունը յուրաքանչյուր պատվերի համար նրանց վճարում է հավելյալ 400 դրամ։ Այստեղ հարց է առաջանում, թե որն է սեփականատիրոջ շահը: Ու ամեն ինչ հասկանալի է դառնում: Մասնագետները պնդում են, որ «Յանդեքս» ընկերությունը ինքնարժեքից ցածր ծառայություն է մատուցում, որ շուկայի մյուս խաղացողներին սնանկացնի ու դառնա մոնոպոլիստ։ Տնտեսագետները հիշեցնում են, որ ժամանակին նմանատիպ քաղաքականություն էր իրականացվում նաեւ ավիաընկերությունների ոլորտում: Նմանատիպ մեկ այլ օրինակ է Երեւան-Աբովյան երթուղին սպասարկող եւ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «բարեգործական» ավտոբուսների գործունեությունը: Հայտնի է, որ այդ ավտոբուսների գործունեության պատճառով սնանկացավ ու շուկայից դուրս մղվեց նույն երթուղու վրա վճարովի ուղեւորափոխադրում իրականացնող «Քինգ Դելյուքսը»: Որոշ ժամանակ անց Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերություն հաղթեց վճարովի սպասարկում իրականացնող ընկերությունների մրցույթում: Եվ սա՝ ոլորտը կարգավորելու համար ստեղծված Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի լուռ անտարբերությամբ: Այսօր ՏՄՊՊՀ-ից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դեմպինգի վտանգ չեն տեսնում «Յանդեքս» տաքսի ծառայության քաղաքականության մեջ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեմպինգի վտանգ չի տեսնում «Յանդեքս» տաքսի ծառայության գործողություններում: «Որեւէ տնտեսվարող, որեւէ մեկը հանձնաժողովին մինչ այս պահը փաստեր չի ներկայացրել, որ «Յանդեքսը» խոչընդոտում է իր գործունեությանը կամ խանգարում կամ դեմպինգ է իրականացնում: Հենց այնպես ասել, որ ուրիշները մեկ կիլոմետրի համար 700 դրամ են վերցնում, իսկ այս մեկը 500, ուրեմն դեմպինգ է, առավել քան տեղին չէ: Եվ մեթոդաբանորեն եւ օրենքներին ու տնտեսագիտության բոլոր կանոններին հակասող տրամաբանություն է դա: Այս պահին որեւէ փաստ չկա, որ հանձնաժողովը վարույթ հարուցի «Յանդեքս» ընկերության հանդեպ: Բայց եթե կլինեն բողոքներ, եթե կլինի գրավոր դիմում, եթե կլինի որեւէ տնտեսվարող, որը հանձնաժողովին կներկայացնի, որ «Յանդեքսը» խոչընդոտվում է իր գործունեությունը՝ հանձնաժողովը ուսումնասիրություն կսկսի՝ պարզելու, թե արդյոք մրցակցային օրենսդրության խախտման հանգամանքներ առկա են»,- պատասխանեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը: armtimes.com
