Պուտինը, Բատկան ու Ալիևը` Բիշքեկում. Հայաստանին լավ «գործընկեր» չեն համարում

Պուտինը` հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակման մասին

Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև նախևառաջ նախարարական մակարդակով, հետագայում խաղաղության պայմանագրի մշակման համար, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

«Սկզբի համար, եթե պետք լինի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների և փորձագետների ձևաչափով, և, իհարկե, մենք կնպաստենք որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները»,- ընդգծել է Պուտինը՝ միաժամանակ հավելել, որ ընտրությունը միշտ համապատասխան երկրինն է, իսկ Մոսկվան իր կողմից պատրաստ է «անհրաժեշտ պայմաններ ստեղծել»։

Ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում, հավելել է Պուտինը, միաժամանակ հույս հայտնել, որ հաջորդ տարի, ինչպես նախատեսված է, Հայաստանը կկարողանա Գյումրիում անցկացնել ԱՊՀ սպորտային խաղերը, չնայած բոլոր դրամատիկ իրադարձություններին, որոնք այժմ տեղի են ունենում տարածաշրջանում:

Բիշքեկում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հանդիպումը նախ անցկացեց նեղ կազմով՝ միայն առաջնորդների մակարդակով, ապա նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցում են Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Հայաստանի կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկ չի մեկնի։ Երեկ Բիշքեկում հանդիպեցին ԵՊՀ երկրների արտգործնախարարները։

Բատկան դժգոհ է Հայաստանից

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում, հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների հավաքի ժամանակ։ «Վրաստանն առաջինը լքեց մեր միավորումը, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA գործակալությունը:

«ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են, մյուսների դեպքում՝ լուծման ուղիներ են ուրվագծվել», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում։ Բելառուսի առաջնորդը չի հստակեցրել, թե «հաջողությամբ լուծված» ո՞ր հակամարտությունները նկատի ունի։

Ալիևը` Բիշքեկում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը երեկ ժամանեց Ղրղըզստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանում դիմավորեցին Ղրղըզստանի նախարարների կաբինետի նախագահ-նախագահի աշխատակազմի ղեկավար Աքըլբեկ Ջափարովը և պաշտոնատար այլ անձինք։

Մինչ ժամանելը Ադրբեջանի նախագահը քննադատեց Փաշինյանին, մասնավորապես շեշտելով՝ «Նիկոլ Փաշինյանը 6 ժամ անհասկանալի հանդիպման է մեկնել իսպանական Գրանադա, բայց մի քանի ժամ չի կարողացել թռչել Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին»։ Ըստ Эхо Кавказа-ի՝ Իլհամ Ալիևն այս մասին ասել էր՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Ռուսական կողմը հաղորդել էր, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կարող է կայանալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Երևանը հաղորդեց, որ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցող արտգործնախարարների նիստին Հայաստանը կներկայանա փոխարտգործնախարարի մակարդակով։

Ալիևը հատուկ ընդգծեց, որ ադրբեջանական կողմը «երախտագիտությամբ է ընդունում» Ռուսաստանի միջնորդությունը։ «Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է։ Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ է հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից», - ասել է Ալիևը՝ շարունակելով․ - «Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղությո՞ւն է ուզում։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանային, չէին հրաժարվի այս հնարավորությունից»։

Ալիևը նկատել է՝ «Հայաստանի վարչապետը վեց ժամ թռչել է Գրանադա, մասնակցել այնտեղ անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվել է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց 2-3 ժամ չի կարողացել թռչել Բիշքեկ, որովհետև կարևոր գործեր ունի»։ «Սա այն է, ինչ մենք բոլորս պետք է բացահայտ ասենք»,- ասել է Ալիևը։

Գրանադայում հոկտեմբերի 5-ին հիշեցնենք, որ տեղի ունեցավ քառակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Հանդիպումն ի սկզբանե պետք է հնգակողմ լիներ՝ դրան պետք է մասնակցեր նաև Ադրբեջանի նախագահը, սակայն, Իլհամ Ալիևը վերջին պահին հրաժարվեց։ Բաքուն ավելի ուշ պարզաբանեց, թե այդ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցությանը Ֆրանսիան և Գերմանիան դեմ էին արտահայտվել, Ալիևը նաև հայտարարել է, թե չի մասնակցել հանդիպմանը «Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշման պատճառով»։

Պուտին-Ալիև հանդիպման օրակարգում` ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի հարցը

Բիշքեկում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման առանցքում ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի հարցն էր Արցախում։

«Թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, սակայն մենք ունենք ևս մեկ օրակարգ, որը բավականին ընդարձակ է, առաջարկում եմ սկսենք երկրորդ մասից, ինչից հետո կմնանք դեմ առ դեմ և կխոսենք ամբողջ համալիրի մասին, ներառյալ, այսպես կոչված, զգայուն հարցերը», - ասել է Պուտինը: «Շատ ուրախալի է, որ Դուք Ղրղըզստան կատարած պետական այցի ընթացքում ժամանակ գտաք մեր այս հանդիպման համար։ Իրոք, հարցերը շատ են։ Կարծում եմ, Ձեր առաջարկը միանգամայն ողջամիտ է», - արձագանքել է Ադրբեջանի նախագահը։

Ալիև-Պուտին հանդիպումից առաջ այդ օրակարգը Ռուսաստանի նախագահի օգնականն է բացահայտել։ Երկու նախագահները կքննարկեն Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ հարցեր, օրակարգում է Ղարաբաղի հայերի խաղաղ ինտեգրումը Ադրբեջանի իրավական դաշտ և միջազգայնորեն ընդունված իրավունքների ու ազատությունների պահպանումը։ Ռուսական խաղաղապահ առաքելությունը պատրաստ է դրան աջակցել։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահներն Արցախում պետք է մնան մինչև 2025 թվականը։ Մոսկվան վերջին օրերին շարունակ ընդգծում է, որ ԼՂ-ից իր բանակը հանելու մտադրություն չունի, թեև տեղում գրեթե հայ չի մնացել՝ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումից հետո։ Բաքուն հրապարակավ որևէ դիրքորոշում դեռ չի հայտնել, թեև ավելի վաղ Ադրբեջանի նախագահին մոտ կանգնած աղբյուրները չէին բացառել, որ ռուսները կարող են դեռ որոշ ժամանակ մնալ Արցախում։

Բիշքեկում ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշյոտնիկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Ադրբեջանի պատվիրակության կազմում էին փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը։

Պուտինը հույս է հայտնել ուժեղացնել ու ընդլայնել ռազմական համագործակցությունը Ղրղըզստանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում երկկողմ հանդիպումներ է անցկացնում, այդ թվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ռուսաստանի նախագահը առաջինը հանդիպեց Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովին։ Նրանք միասին մասնակցել են Ղրղըզստանում ռուսական ավիաբազայի տեղակայման ու 20-ամյակին նվիրված միջոցառմանը։ «Հուսով եմ, որ Ռուսաստանի ու Ղրղըզստանի միջև ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցությունը, մեր դաշնակցային հարաբերությունները, որոնց խորհրդանիշը Կանտում ռուս զինվորականների ներկայությունն է, ապագայում ավելի կուժեղանա ու կընդլայնվի»,- ասել է Պուտինը։

Ղրղըզստանի նախագահը տեղեկացրել է, որ նախօրեին խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր Մոսկվայում։ «Համոզված եմ, որ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգը արդյունավետ գործիք է լինելու ապահովելու մեր ընդհանուր օդային տարածքը ցանկացած սպառնալիքից ու նպաստելու ռազմական համագործակցությանը»,- ասել է Ժապարովը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2863 անգամ
Լրահոս
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը խոշտանգում է. փաստաբան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Քիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. civilnet.am Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև ՌԴ Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am