Հակառուսական պոռթկման գագաթնակետին

Ռուսաստանում հույս ունեն, որ Մոսկվայի և Երևանի կապերը չեն քայքայվի

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ մի շարք հայտարարություններ է արել, կարծես, փորձելով, վերջին նախազգուշացումներն անել Հայաստանի իշխանություններին:

Հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը շարունակվում է. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրերս Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ էր տվել հիշել այն երկրների ոչ նախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ արտաքին անվտանգության համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն։

Ահա, երեկ Լավրովը նշել է, թե «Ռուսաստանում հուսով են, որ Մոսկվայի և Երևանի կապերը չեն քայքայվի»: Այս մասին ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը լրագրողներին ասել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 20-րդ տարեկան հավաքում։

ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարությունները ինքնուրույն որոշման հարց են, բայց Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի կապերը, հայտարարել է Լավրովը։

«Եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, նրանք հիմա հիասթափված են Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, նրանք կսկսեն կողքից սեփական անվտանգությունն ամրապնդելու գործընկերներ փնտրել՝ դա իրենց սուվերեն իրավունքն է, հայաստանյան ղեկավարության իրավունքը։ Բայց ես հույս ունեմ, որ այն կապերը, որոնք կան ռուս և հայ ժողովուրդների միջև, դրանք ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի ոչնչացնի», - «Վալդայ» ակումբում կայացած քննարկումից հետո լրագրողներին ասել է Լավրովը։

Նրա խոսքով, Մոսկվան աշխատում է ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ՝ Լեռնային Ղարաբաղում վիճակը կայունացնելու համար։ «Մենք աշխատում ենք այնտեղ վստահության ամրապնդման, բնականոն կյանքի վերսկսման, հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքի վերականգնման պայմաններ ստեղծելու համար։ Հուսով եմ, որ Երևանը նույնպես շահագրգռված կլինի դրանում և դրա համար ջանքեր կգործադրի»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալը Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումն է, ասում է Մոսկվան, միաժամանակ Լավրովն ասել է, թե Մոսկվան հույս ունի, որ «ռուս և հայ ժողովուրդների դարավոր կապերը չեն քանդվի»։

«Զարմացնում է ռուսական հեռուստատեսության փակման թեմայի քննարկումը»

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինն էլ անդրադարձել է հայաստանյան քաղաքական շրջանակներում քննարկվող ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցին: «Ինձ զարմացրել է հայ խորհրդարանականներից մեկի տարօրինակ հայտարարությունը: Խոսվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հնարավոր փակման, մասին։ Տոնը, անկեղծ ասած, սկանդալային է»,- Տելեգրամ-ալիքում գրել է Կարասինը:

Այդ գրառմամբ սենատոր Կարասինն արձագանքել է ռուսական հեռուստաալիքների հնարավոր փակման թեմայով Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Լուսինե Բադալյանի մեկնաբանություններին։ «Չգիտեմ՝ սա հակառուսական ալիքի վրա քաղաքական միավորներ վաստակելու փորձ է, թե ոչ։ Համոզված եմ, որ այդպիսի բաները Հայաստանում աջակցություն չեն ստանա և չեն խաթարի մեր ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը։ Մենք ուշադիր հետևելու ենք զարգացումներին»,- գրել է Կարասինը։

Նկատենք, որ այսօր Հայաստանի ԱԺ-ում արդեն քննարկվում է Հռոմի ստատուտի վավերացման հարցը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված է մի հարց, որը հակասահմանադրական է։ «Ազգային ժողովն իրավասու չէ Հռոմի ստատուտի հարցը քննարկման առարկա դարձնել՝ առանց սահմանադրական փոփոխությունների, իր բազմաթիվ ռիսկերով հանդերձ»,-ասաց պատգամավորը։ Մինասյանի խոսքով՝ դրա համար խորը, կշռադատված քննարկումների կարիք կար։

Կոչ էին արել Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, դիմել ԵՄ-ին անդամակցության համար

Հակառուսականության ցուցադրական մի ժեստ էլ օրերս հայաստանյան մի շարք ՀԿ-ների կողմից ցուցադրվեց, նրանք հայտարարություն տարածեցին:

Հասարակական և քաղաքական մի շարք ուժեր, ինչպես նաև անհատներ օրերս կոչ են անում Հայաստանի իշխանություններին անհապաղ մեկնարկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց, դիմել Եվրոպական միությանը անդամակցության հայտով։

Նրանք այս մասին հայտարարությունը ընդունել են երեկ Անկախության ֆորումի ժամանակ։ Հայտարարությունը դատապարտում է «Ռուսաստանից և Ադրբեջանից հնչող սպառնալիքները Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության հանդեպ»։ «Այս օրերին Ռուսաստանի իշխանությունների որդեգրած հակահայ կեցվածքն ու քաղաքականությունը, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը Արցախում, ոչ միայն դատապարտելի է, այլև ավելի է խորացնելու վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջացած անջրպետը, դարձնելով այն գրեթե անհաղթահարելի, ինչը հրատապ անհրաժեշտություն է ստեղծում Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև գործող ողջ իրավապայմանագրային բազայի արմատական վերանայման», - նշում են նրանք։

Հայտարարության հեղինակները «արցախահայության՝ սովի և ռազմական ագրեսիայի կիրառմամբ բռնի հայրենազրկումը» դիտարկում են նույն տրամաբանության մեջ, ինչ «Ուկրաինայի ժողովրդի հանդեպ Ռուսաստանի գործադրած ագրեսիան ու ցեղասպանությունը»։ Կազմակերպությունները, գործիչները, ողջունելով Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, հորդորում են դա անել առանց որևէ վերապահման։ Մոսկվայից Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը «ծայրահեղ թշնամական» քայլ էին անվանել Ռուսաստանի նկատմամբ։

Արևմուտքին նրանք կոչ են անում դիվանագիտական ու քաղաքական անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ որպես առաջին քայլ հասնել Արցախից «ռուսական օկուպացիոն ուժերի» դուրսբերմանը, Արցախի տարածքում միջազգային փաստահավաք ու մոնիտորինգային առաքելության տեղակայելուն, միջազգային լրատվամիջոցների և ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազատ մուտքին, իսկ հետագայում՝ նաև միջազգային մանդատով օժտված խաղաղարար առաքելության տեղակայմանը, ինչը, կարծում են, հնարավորություն կստեղծի արցախահայության վերադարձի համար՝ նրանց անվտանգության և իրավունքների ապահովմամբ։

Հայաստանի իշխանություններին նրանք կոչ են անում դուրս գալ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից՝ լուծարելով Ռուսաստանի հետ բոլոր ռազմական ու տնտեսական պայմանագրերը, արգելել հայկական մուլտիպլեքսում և կաբելային ցանցով հեռարձակվող ռուսաստանյան պետական ու պետության հետ փոխկապակցված հեռուստաալիքների հեռարձակումը, դիմել Եվրոպական Միությանը՝ վեջինին լիիրավ անդամակցության հայտով, ԵՄ անդամ պետությունների, ԱՄՆ, Կանադայի, Հնդկաստանի, միասնական Արևմուտքի այլ ժողովրդավարական երկրների հետ կնքել երկկողմ ռազմավարական գործընկերության համաձայնագրեր, սկսել քայլեր արևմտյան երկրների ու եվրատլանտյան անվտանգային համակարգերի հետ երկկողմ ու բազմակողմ ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության խորացման համար։

«Այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունը»

Հակառուսական տրամադրությունների այդ թեժ ֆոնին, թվում էր, թե Արևմուտքը արցախահայության նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությանը գոնե համարժեք կարձագանքի... Բայց ոչ...

Անգամ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչն է այսօր «մուննաթ» եկել:

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը քննադատել է Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը՝ շեշտելով, որ առաքելությունն օրինականացրել է Ադրբեջանի կողմից իրականացված զանազան հանցագործություններ, այս մասին Մարուքյանը գրել է X սոցիալական հարթակում։ «Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն արեց հնարավոր ամեն բան՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործությունները։ Այս մարդիկ վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբերությամբ սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը», - գրել է Մարուքյանը։

 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3678 անգամ
Լրահոս
Որտեղ են առաջիկայում պատրաստվում հանդիպել և բանակցել ՀՀ և ԱՀ արտգործ նախարարները․ Մհեր Աբրահամյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում Օդի ջերմաստիճանը կնվազի Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի ու Բաքվի միջև ճգնաժամի կարգավորմանը․ Պետքարտուղարություն ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից Մի խումբ կիրանցիներ փորձել են մտքափոխ անել պայքարողներին, որ քանդեն ճանապարհին տեղադրված վրանը Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում Պայքարողները չեն տրվել սադրանքներին Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը խոշտանգում է. փաստաբան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am