Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Բաքվում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ

«2026 թ․ օգոստոսի 21-ին իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Գանգատը ներկայացվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, գեներալ-մայոր և նախկին ավագ զինվորական հրամանատար Դավիթ Մանուկյանի, գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության բանակի նախկին նախարար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Լևոն Բալայանի, Դավիթ Ալլահվերդյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Գուրգեն Ստեփանյանի և Մելիքսեթ Փաշայանի վերաբերյալ։ Գանգատում բարձրաձայնվում է Ադրբեջանի կողմից 15 հայերի նկատմամբ իրականացված «դատավարությունների» անհամապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։

Բաքվի ռազմական դատարանում իրականացված «դատավարությունները» կրել են շինծու և կանխորոշված բնույթ՝ զուրկ լինելով անկախ և անաչառ քննության հիմնարար երաշխիքից։ Միաժամանակ, ռազմական դատարանը չի ունեցել քաղաքացիական անձանց վերաբերյալ գործեր քննելու և դատական ակտեր կայացնելու համապատասխան իրավասություն։

Միաժամանակ, դատավարությունից առաջ և դրա ընթացքում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, ամբաստանյալներին հրապարակայնորեն ներկայացրել են որպես «ահաբեկիչներ», «ռազմական հանցագործներ» և «անջատողականներ»՝ նախքան նրանց մեղավորության վերաբերյալ դատական ակտի կայացումը։

Նույն մոտեցումն արտացոլվել է նաև Ադրբեջանի պետական և իշխանամետ լրատվամիջոցների հրապարակումներում, որտեղ առաջադրված մեղադրանքները ներկայացվել են որպես հաստատված փաստեր։ Այսպիսով, մեղավորության վերաբերյալ հանրային և պաշտոնական դիրքորոշումը ձևավորվել է դատական գործընթացի ավարտից առաջ՝ խաթարելով անմեղության կանխավարկածը։

Գանգատում բարձրացվում են նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցեր։

Մասնավորապես, 422 հատորից և շուրջ 105 հազար էջից բաղկացած գործի նյութերի մեծ մասը հասանելի չի եղել պատշաճ թարգմանությամբ։ Պաշտպանական կողմի՝ գործի նյութերին ծանոթանալու, թարգմանություններ ստանալու, բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու և պաշտպանյալների հետ արդյունավետ հաղորդակցվելու պահանջները մերժվել կամ անհարկի ձգձգվել են։

Պաշտպանության իրավունքի խախտումները շարունակվել են նաև «դատավճռի» տրամադրման և դրա բողոքարկման փուլում։ Գերիներին հնարավորություն է տրվել միայն ընթերցելու «դատավճիռը», որի վրա առկա չեն եղել պաշտոնական կնիք կամ դրա իսկությունը հավաստող այլ վավերապայմաններ։ Այս պայմաններում հնարավոր չի եղել ստուգել՝ արդյոք ընթերցման համար ներկայացված տեքստը «դատավճռի» ամբողջական և վերջնական տարբերակն է, ինչպես նաև երաշխավորված չի եղել դրա անփոփոխելիությունը։

Միաժամանակ, «դատավճռի» օրինակները չեն տրամադրվել ո՛չ գերիների ընտանիքներին, ո՛չ անվճար իրավաբանական օգնության շրջանակում Ադրբեջանի կողմից նշանակված փաստաբաններին․ վերջիններիս հասանելի են դարձվել միայն առանձին քաղվածքներ։ Չնայած պաշտպանության իրավունքի այս ակնառու սահմանափակումներին՝ 2026 թ․ օգոստոսի 6-ին վերաքննիչ դատարանը «դատավճիռն» ու դրանով նշանակված պատիժները թողել է անփոփոխ՝ միջազգային հանրության առջև բացահայտելով Ադրբեջանի ներպետական իրավական մեխանիզմների համակարգային անարդյունավետությունը՝ էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության ապահովման հարցում։

Գանգատում բարձրացվում է նաև Կոնվենցիայի 7-րդ հոդվածով երաշխավորված՝ առանց օրենքի հանցագործություն և պատիժ չլինելու սկզբունքի խախտման հարցը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների մասնակցությունը ռազմական գործողություններին կամ զենք կրելը ինքնին չեն կարող նույնացվել ահաբեկչական կամ այլ հանցավոր գործունեության հետ և հիմք ծառայել քրեական պատասխանատվության համար՝ առանց յուրաքանչյուր անձի վերագրվող կոնկրետ հանցավոր արարքի և անհատական մեղքի հաստատման։ ՄԻԵԴ-ի հնարավոր վճիռը կարող է ունենալ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական հետևանքներ։

Այն միջազգային դատական մակարդակով կասկածի տակ է դնելու իրականացված դատավարության և դրա արդյունքում կայացված «դատավճռի» օրինականությունն ու իրավական արժեքը՝ առաջ բերելով իրավունքի խախտումների հետևանքների վերացման անմիջական պարտականություն։

Քաղաքական նպատակներով հետապնդումների միջազգային դատական արձանագրումը էապես չեզոքացնում է Ադրբեջանի փորձը՝ ներպետական շինծու դատական գործընթացների միջոցով իրավական հավաստիություն հաղորդելու հակամարտության վերաբերյալ սեփական պաշտոնական պատմույթին։

Այդ պարագայում «դատավճիռը» կկորցնի իր նշանակությունը՝ որպես հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի միակողմանի պատմական և քաղաքական մեկնաբանությունը արտացոլող փաստաթուղթ՝ սահմանափակելով այդ «դատավճռի» օգտագործումը միջազգային քաղաքական և դիվանագիտական հարթակներում։

Գանգատը ներկայացվել է հասարակական գործունեության շրջանակում՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» և «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հետ համագործակցությամբ»։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ» ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ» Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ» Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը. «Ժողովուրդ» Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ» Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ» Շենգավիթի տնակների բնակիչների հետ քաղաքապետարանը հանդիպում կանցկացնի․ «Ժողովուրդ» Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել․ «Ժողովուրդ» Նուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. Հրապարակ Ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին ու տեղափոխում են Երևան Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ Հայտնաբերվել են չափաքանակից ավելի որսի դեպքեր Մենք բոլորս սպասում ենք, որ ճշմարտությունը հաղթի Հայաստանում․ Զատուլինը շնորհավորել է Քոչարյանին Հայաստանը կարող է դառնալ 120 կմ թռիչքային հեռահարությամբ Pinaka հրթիռների առաջին պատվիրատուն. IDRW Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Ստամբուլում կկայանա Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am