Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել
Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչի՝ Մարոկկոյի դեմ խաղում (2:0) աչքի ընկնելուց հետո միանգամից երկու պատմական ռեկորդ է սահմանել։
Վիճակագրական Opta ռեսուրսի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հավաքականի առաջատարը դարձել է Աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ հաղթական գոլեր հեղինակած ֆուտբոլիստը։ Մարոկկոյի դարպասն ուղարկված գնդակը նրա համար 8-րդ հաղթականն էր Մունդիալներում։ Այս ցուցանիշով Մբապեն շրջանցեց լեհ լեգենդար հարձակվող Գժեգոժ Լյատոյին, ում ակտիվում կա 7 հաղթական գոլ։
Բացի այդ, Մբապեն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է 8-ական գոլ խփել Աշխարհի երկու տարբեր առաջնություններում։
Հիշեցնենք, որ չորս տարի առաջ՝ Կատարում կայացած ԱԱ-2022-ում, հարձակվողը նույնպես 8 անգամ էր գրավել մրցակիցների դարպասը (այն ժամանակ ֆրանսիացիները եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով զիջեցին Արգենտինային)։
Մարոկկոյի դեմ հանդիպումը Մբապեի համար հագեցած էր իրադարձություններով. առաջին խաղակեսում նա չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը, սակայն ընդմիջումից հետո դարձավ գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ, իսկ 77-րդ րոպեին փոխարինվեց։
Ընթացիկ առաջնությունում հարձակվողն իր ակտիվում արդեն ունի 8 դիպուկ հարված։ Ռմբարկուների մրցավազքում նա հավասարվեց Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին, ով նույնպես 8 գոլ է հեղինակել, սակայն դեռ մեկ հանդիպում պահեստում ունի։
Կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Իսպանիա – Բելգիա զույգի հաղթողի հետ։
Աղբյուրը՝ Armsport.am:
