Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում
Վերջին ամիսներին Մասյացոտնի թեմում տեղի ունեցող գործընթացները, ըստ թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի, ցույց են տալիս, որ Հայաստանը փաստացի իրավական պետություն չէ։
Լրագրողների հետ հանդիպմանը Հայր Ռուբենը հայտարարեց, որ Մասյացոտնի թեմում ստեղծված իրավիճակը «մանրակերտն է» այն բանի, թե ինչպիսի երկրում են այսօր ապրում քաղաքացիները՝ չնայած Սահմանադրությամբ ամրագրված իրավական պետության գաղափարին։
Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է հունվարի 10-ին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ թեմի առաջնորդի փոփոխությունից հետո։
«Գործադիր իշխանությունն անմիջապես արձագանքեց, թե չի ճանաչում այդ տնօրինությունը։ Դրան ձայնակցեցին նաև իշխանության մյուս թևերը, իսկ հետո սկսվեցին գործնական քայլերը»,-ասաց նա։
Հայր Ռուբենի պնդմամբ՝ ՏԻՄ ներկայացուցիչները փորձել են ազդեցություն գործել քահանաների վրա՝ նրանց խոստումներ տալով, երբեմն էլ սպառնալով անգամ եկեղեցիներից վտարել։ Նրա խոսքով՝ երբ հոգևորականները չեն նահանջել, գործընթացին միացել են իշխանության մյուս օղակները, այդ թվում՝ դատարանները։
«Դատարանը կայացնում է անօրինական որոշում, իսկ պետական մարմինները, ի դեմս հարկադիրի, փորձում են խոչընդոտել, որպեսզի ես կատարեմ իմ ծառայությունները»,-ասաց նա։
Հայր Ռուբենը հայտնեց, որ վերջին շրջանում հրավիրվել է Քննչական կոմիտե.
«Առայժմ որպես վկա էի հրավիրվել։ Պետական մարմինները, ի դեմս հարկադիրի, փորձում են խոչընդոտել, որպեսզի ես կատարեմ իմ ծառայությունները։ Ես, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորական, փաստորեն, չեմ կարող պատարագ մատուցել, չեմ կարող հանդիպել երիտասարդների հետ, չեմ կարող քահանայական դասին հանդիպել, ասում են՝ խոչընդոտ է դատական ակտին։ Որպեսզի խուսափենք ստեղծված իրավիճակից, անօրինական միջամտություններից, ստիպված սկսեցինք արձագանքել համայնքների հրավերներին։ Այսինքն՝ եկեղեցական համայնքը թեմի առաջնորդի լիազորություններն իրականացնող հոգևորականին պետք է հրավիրի, որպեսզի նա սուրբ պատարագ մատուցի»,-ասաց Հայր Սուրբը՝ հավելելով, որ իր իրավունքները պաշտպանված չեն։
Հայր Ռուբենի գնահատմամբ՝ Մասյացոտնի և Արագածոտնի թեմերում տեղի ունեցող գործընթացները հարված են ոչ միայն եկեղեցու սահմանադրական հիմքերին, այլև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական համակարգին՝ այն ներսից քայքայելու նպատակով։
