Այս նկարից ոչ մի տեղ չեք տեսնի․ Կարեն Սարգսյան
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր ասուլիս էր հրավիրել, ներկայացնելու մարզում իրականացվող աշխատանքները:
«Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ» խոսքերի հեղինակին, ով իր գլխավերևում փակցրել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, ասուլիսի ժամանակ հարց տվեցին` ի՞նչ կոնտեքստով եք ասել այդ նախադասությունը: «Էլի նորից գալիս ենք էնտեղից, որտեղից իրականում պետք չի գալ: Ես մասնագիտությամբ լրագրող եմ եւ ինձ թույլ չեմ տա ինչ որ մեկի ասածը ներկայացնել հավաստի լուր, որ ես ասել եմ, որ ես այս մարզի Նիկոլ Փաշինյանն եմ: Ես ցավում եմ այդ մարդու համար, ինքը փորձեց ինձ շանտաժ անելով` այն, ինչը որ ինքը ուզում էր ստանար՝ իր մոտ չստացվեց: Համայնքային շահը հաղթեց նեղ շրջանակի մարդկանց, եւ իրենք դրանից մի երկու ամիս հետո զանգել են ինձ, ներողություն է խնդրել իր արածի համար ու խնդրել է, որպեսզի իմ հետ հանդիպում ունենա եւ բացատրի, թե ինչի համար է ինքը այդպես արել, ես մերժել եմ եւ ասել` չեմ ցանկանում իր հետ հանդիպել, որովհետեւ, եթե դուք ինչ որ մեկի ասելով, կամ ինչ որ պահի ազդեցության տակ կարող եք ձեզ էդպես պահել, ես ցանկություն չունեմ նման մարդու հետ հանդիպել եւ ինչ որ հարց քննարկել»: Մարզպետին հիշեցրեցինք, որ մինչ հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը ակցիա էր անում` ասելով, որ պետական կառույցներից պետք է հանվի Սերժ Սարգսյանի նկարները, քննադատում էր, որ այդ նկարների համար պետական բյուջեից գումար է ծախսվել, Սերժ Սարգսյանին կուռք են դարձրել, Ձեր գլխավերևում հիմա փակցված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, սա կո՞ւռք է, պարտադրա՞նք, թե՞ ցանկություն. «Եթե նկարին նայեք, այս նկարից ոչ մի տեղ չեք տեսնի, դա իմ ցանկությունն է, իմ ընտրած նկարն է եւ իմ ցանկությամբ եմ պատին փակցել վարչապետի նկարը: Որեւէ պարտադրանք չկա, կարող եք շատ պաշտոնյանների սենյակներ մտնել ու հասկանալ , որ այդպիսի պարտադրանք չկա, կան նաեւ պաշտոնյաներ, որոնց սենյակներում Նիկոլ Փաշինյանի նկարը չկա փակցրած»:
«Հրապարակ օրաթերթ»
