Մանկապղծության ահագնացող տեմպերն Ադրբեջանում
«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․
Երեխաների շահագործումը, մանկապղծությունն ու դրանց տարածումը շարունակում են մնալ ադրբեջանական հասարակության արատավոր երևույթներից։ Սա պայմանավորված է համակարգային ձախողումներով, սոցիալ-մշակութային խնդիրներով և իրավական համակարգի անգործությամբ: Միայն 2025 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Ադրբեջանում Երեխաների պաշտպանության հարցերով թեժ գիծը ստացել է երեխաների բռնության փաստերի վերաբերյալ 334 ահազանգ, որոնցից 19-ը վերաբերել են երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերին: Այս թիվը փաստում է, որ այս՝ սեռական հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացվող քայլերն Ադրբեջանում մեծամասամբ ձևական բնույթ են կրում: Ավելին՝ կան փաստեր, որ անչափահասները սեռական բռնության են ենթարկվել հենց ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից:
Ադրբեջանի Հանրապետության Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Բահար Մուրադովան դեռևս 2023 թվականին հայտնել էր, որ այդ տարվա տասը ամիսների ընթացքում կոմիտեն ստացել է երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ 15 դիմում։ Սակայն նույն կոմիտեի 2024 թվականի պաշտոնական զեկույցում բացակայում է երկրում սեռական բռնության ենթարկված երեխաների թվի վերաբերյալ վիճակագրությունը։
«UNICEF Azerbaijan»-ի հրապարակած «Ադրբեջանում երեխաների պաշտպանության համակարգը․ իրավիճակի վերլուծություն» զեկույցի համաձայն՝ անչափահասները առևանգվում և հիմնականում Բաքու են տեղափոխվում գյուղական շրջաններից։ Թրաֆիքինգով զբաղվող խմբավորումները նրանց ենթարկում են սեռական շահագործման կամ դրդում մուրացկանության։
Այս փաստերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը ձևականորեն է միացել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մի շարք կոնվենցիաների։ Մասնավորապես՝ 1992 թվականին Ադրբեջանը վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն դրա դրույթների իրականացումը փաստացի կրում է ձևական բնույթ: Իրավական կարևոր խնդիր է Ադրբեջանի օրենսդրությունը, որը չի համապատասխանում երեխաների սեռական շահագործման կանխարգելման և պատժելիության վերաբերյալ միջազգային դրույթների չափանիշներին:
Մանկական պոռնոգրաֆիայի տարածման և երեխաների սեռական շահագործման դեպքերի բարձրաձայնումը, փաստագրական նյութերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում երեխաների սեռական շահագործումը տարածված է անպատժելիության միջավայրում։
2025 թվականի ամենաաղմկալի իրադարձություններից մեկը Նախիջևանի Քանգարլի շրջանում 14-ամյա տղայի բռնաբարությունն է: Այս գործով մեղադրանք է առաջադրվել չորս տղամարդու, որոնցից երեքը զինվորականներ են: Տուժածի հայրը հայտնել է, որ հանրային քննադատությունից հետո որդին որոշ ժամանակ ստիպված դադարել է հաճախել դպրոց: Տղայի բռնաբարության գործով դատավոր Սախավաթ Հուսեյնովը բավական մեղմ վճիռ է կայացրել։ Մեղադրյալ զինվորականներից մեկը դատապարտվել է ինը ամիս ազատազրկման, հիմք համարելով համասեռամոլությունը որպես հոգեկան հիվանդություն։ Մեկ զինվորական դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, իսկ երրորդն ընդհանրապես չի դատապարտվել։
Ոստիկանների մասնակցությամբ բռնաբարության դեպք տեղի է ունեցել Գախի շրջանում: Գախբաշ գյուղի 17-ամյա բնակիչը պատմել է, որ շրջանի ոստիկանության 6 աշխատակիցներ նրան տարել են անտառ և բռնաբարել: Ըստ նրա՝ ոստիկանները վիրավորել, ծեծել ու սպառնացել են իրեն: Վերջինս դեպքի մասին հաղորդում է ներկայացրել տեղի ոստիկանական բաժին, ինչից հետո տուժողին սպառնացել են՝ չբարձրաձայնի կատարվածի մասին: Ավելի ուշ՝ դեպքի մասին հաղորդում է ներկայացվել Ադրբեջանի Ներքին գործերի նախարարություն և Ադրբեջանի գլխավոր դատախազություն։
Ուսումնասիրությունների համաձայն՝ Ադրբեջանում երեխաների սեռական շահագործման զոհերի թվում մեծ տեղ են զբաղեցնում տղաները: Բաքվի Սուրախանը շրջանի մթերային խանութներից մեկի 64-ամյա սեփականատերը մեկ տարի շարունակ բռնաբարել է 12-ամյա տղայի։
Մանկապղծության դեպքեր են արձանագրվել նաև կրթական հաստատություններում: Բաքվի թիվ 57 միջնակարգ դպրոցում 16-ամյա երկու աշակերտ բռնաբարել են 8-ամյա տղայի: Ի պատասխան ծնողների բողոքի՝ դպրոցի փոխտնօրենը դեպքը որակել է որպես զրպարություն։ 2018 թվականին նման դեպք տեղի է ունեցել նաև Բաքվի թիվ 263 միջնակարգ դպրոցում: Առաջին դասարանում սովորող ծնողազուրկ տղան սեռական բռնության է ենթարկվել նույն դպրոցում սովորող տասներորդ դասարանի աշակերտի (որոշ տեղեկությունների համաձայն՝ աշակերտների) կողմից: Շրջանառվող տեղեկության համաձայն՝ միջադեպը կոծկելու նպատակով տնօրենը համաձայնության է եկել 10-րդ դասարանի աշակերտի ծնողների հետ և 2000 մանաթ է տվել բռնության ենթարկված երեխայի մորաքրոջը: Նշենք, որ նույն դպրոցի 10-ամյա աշակերտուհիներից մեկը բռնաբարության էր ենթարկվել 2023 թվականին՝ տարեց տղամարդու կողմից։
Մանկապղծության վերաբերյալ արձանագրված փաստերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենաթողությունն ու կանխարգելիչ մեխանիզմների բացակայությունն էլ ավելի են սրում առկա խնդիրները․ բռնություն իրականացնողները կա’մ խուսափում են պատասխանատվությունից, կա’մ ստանում են անհամեմատելի մեղմ պատիժ:
Հաճախ բռնություն իրականացնողները ստիպում են երեխային չբարձրաձայնել միջադեպի մասին՝ լռության դիմաց առաջարկելով գումար, կամ ահաբեկում են՝ անգամ սպանության սպառնալիքով:
Մասալլըի շրջանում 21-ամյա երիտասարդն անբարո գործողություններ է կատարել 12-ամյա տղայի նկատմամբ՝ սպառնալով անչափահասին սպանել, եթե վերջինս որևէ մեկին պատմի կատարվածի մասին: Նման մեկ այլ դեպք տեղի է ունեցել Սաբիրաբադում։ Համագյուղացի երեք տղամարդ գետափին բռնաբարել են 12-ամյա տղայի, այնուհետև գումար պահանջել՝ տեսագրությունը սոցիալական ցանցերում չհրապարակելու համար։ Անչափահասի հայրը նշել է, որ տղան հանցագործներին պարբերաբար գումար է տվել: Հարկ է նշել, որ դեպքի առթիվ ոչ ոք պատասխանատվություն չի կրել:
Ադրբեջանում բավական տարածված են ազգականների կողմից անչափահասներին սեռական բռնության ենթարկելու դեպքերը։ Նեֆթչալայում 14-ամյա աղջիկը, ով բնակվել է մտավոր խնդիրներ ունեցող հոր, երեք անչափահաս եղբայրների և 80-ամյա տատիկի ու պապիկի հետ, պարբերաբար սեռական շահագործման է ենթարկվել տարբեր տղամարդկանց, այդ թվում՝ ազգակցական կապ ունեցող անձանց կողմից։
2025 թվականին ադրբեջանական մամուլում հրապարակվել էր 13-ամյա աղջկա հղիության մասին լուր: Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ անչափահասին բռնաբարել էր հորաքրոջ ամուսինը:
Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ Սաբիրաբադի շրջանի Գարաթեփե գյուղում 64-ամյա բնակիչը անառակաբարո գործողություններ է կատարել հարևանի անչափահաս թոռնուհու նկատմամբ:
Սեռական շահագործման են ենթարկվում նաև մշտական կացարանից զրկված երեխաները: Այսպես՝ 2016 թվականին Բաքվի փողոցներում ապրող անչափահասների մոտ սիֆիլիս էր հայտնաբերվել:
Ադրբեջանի տարբեր շրջաններում արձանագրվել են անչափահասների խմբակային բռնաբարության բազմաթիվ դեպքեր: 2025 թվականի օգոստոսին մեծ աղմուկ է բարձրացրել Գախում 13-ամյա աղջկա խմբակային բռնաբարությունը: Այս գործով ձերբակալվել է մոտ 30 տղամարդ, որոնցից երկուսը՝ ոստիկան:
Բարդայում 15-ամյա աղջկա բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է չորս անձ։ Վերջիններս տեսագրել էին հանցագործությունը և տարածել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 152.1 հոդվածի (բռնաբարություն կամ սեռական բնույթի այլ գործողություններ տասնվեց տարեկանից փոքր անձի հետ) հատկանիշով:
Հայտնի են դեպքեր, երբ երեխաներին սեռական շահագործման են հանձնում իրենց ծնողները: Այսպես՝ Յարդըմլըի շրջանում 8-րդ դասարանի երեխային սեռական բռնության ենթարկելու համար ձերբակալվել է չորս անձ, այդ թվում՝ անչափահասի մայրը:
Խմբակային բռնաբարության դեպքեր են արձանագրվել նաև Ադրբեջանի կողմից բռնազավթած տարածքներում։ Այսպես՝ 2025 թվականին Ակնայում (Աղդամ) 16-ամյա աղջկա բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է չորս անձ:
Նշենք, որ մանկապղծության արատավոր երևույթը տարածված է նաև արտերկրում բնակվող ադրբեջանցիների շրջանում: Այսպես՝ 2020 թվականին Ռուսաստանի Բերյեզովսկի շրջանում ադրբեջանցի 33-ամյա տղամարդը բռնաբարել էր իր երեխաներին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ադրբեջանցի տղամարդու մասնակցությամբ անչափահասի բռնաբարության մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Վոլգոգրադում: Ադրբեջանի 35-ամյա քաղաքացին՝ Խայալ Մամմադովը, 13-ամյա անչափահաս աղջկան, ճանապարհը ցույց տալու պատրվակով, տեղափոխել է անտառ և բռնաբարել:
Ռուսաստանում ձերբակալվել է անչափահասների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարած մեկ ադրբեջանցի ևս: 54-ամյա տղամարդը՝ Ա. Շահմուրադովը, բռնաբարել է 8-ամյա աղջկա: Հանցագործությունից մեկ շաբաթ անց՝ հետաքննության ընթացքում, Շահմուրադովը խոստովանել է, որ նմանատիպ հանցագործություն է կատարել նաև երեք այլ երեխաների նկատմամբ:
Իրականում մանկապղծության դեպքերը շատ ավելին են, քան դրանց մասին բարձրաձայնվում է: Սեռական բռնության ենթարկված երեխաները ստիպված են լինում թաքցնել իրենց հետ տեղի ունեցածը՝ հիմնականում վախի պատճառով։ Այնուամենայնիվ՝ արձանագրված դեպքերի քանակը թույլ է տալիս արձանագրել, որ ադրբեջանական հասարակության մեջ անբարո գործողությունների այսպես կոչված «ցանկալի» զոհերը տղաներն են: Ազգականների կողմից երեխաների սեռական շահագործումը, մանկահասակների խմբակային բռնաբարությունները, իրավապահ մարմինների անգործությունն ու նրանց անմիջական ներգրավվածությունն այս զազրելի գործընթացին փաստում են Ադրբեջանում երեխաների սեռական շահագործման «արմատացած» երևույթի առկայության մասին:
Ըստ երևույթին՝ ադրբեջանական հասարակությունը նույնպես հաշտ չէ այս իրականության հետ, սակայն պատկան մարմինների անգործությունը, պետական գերատեսչություններում այլասերված անձանց առկայությունը (մեր բերած փաստերի հիման վրա անգամ տեսանելի), երկրում ստեղծել է երեխաների շահագործման համար նպաստավոր միջավայր: Երեխաների նկատմամբ սեփական հասարակության ոտնձգությունները պետք է ազդակ հանդիսանան Ադրբեջանի հանրության համար՝ ընդվզելու և իշխանություններից պահանջելու, որ նման երևույթներն արմատախիլ արվեն՝ անկախ դրանցում իշխանությունների մեղավորության չափից։
