Պատմական պահ. ընտրություններին մասնակցող հիմնական ուժերն ընդունում են ընտրությունների արդյունքները
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Այս խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրվեց մի փաստ, որն, իմ կարծիքով, պատմական է. Ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունները ուղղակիորեն և միջնորդավորված ձևով հայտարարեցին, որ ընդունում են ընտրությունների արդյունքները։ Բացառություն է թերևս ՕՐՕ-ն, որը, հավաքելով ընտրողների ձայների մոտ 2 տոկոսը, հավանաբար, ենթադրում է, որ արդար ընտրությունների դեպքում կհավաքեր 50+1-ը։ Բայց նույնիսկ ՕՐՕ-ն, որքան գիտեմ, չի դիմել վերահաշվարկի պահանջով։ Մնացածը՝ «Ելք» և ՀՎԿ-ն՝ ուղիղ տեքստով, իսկ «Ծառուկյան» դաշինքն ու Կոնգրեսը՝ իրենց հայտարարությունների ենթատեքստով, հասկացնել են տալիս, որ իրենց հետագա գործողության ժամանակ ելնելու են փաստացի ստեղծված իրավիճակից։ (Առաջին նախագահի արձագանքում կար նաև հետևյալ երանգը՝ «Այ, եթե ինձ չլսեք, կտեսնեք ձեր հալը», բայց դա ընդհանուր պատկերը չի փոխում)։ Նախ՝ արձանագրված պատմական փաստը կարևոր է հենց այդ կուսակցությունների արդյունավետ ընդդիմադիր պայքարի համար։ Վերցնենք թեկուզ «Ելք»-ը, որին ձայն է տվել 122 հազարից ավելի քաղաքացի։ Ի՞նչը կպահպաներ այս պատկառելի քաղաքական կապիտալը՝ մի երկու երեք շաբաթ պահել այդ ընտրազանգվածի մի մասը փողոցում, մաշել, ջարդել նրան, հետո ուղարկել տուն՝ « թեյ խմելո՞ւ», թե՞ շարունակել պայքարը խորհրդարանում և փողոցում՝ դիմելով իրագործելի, կոնկրետ պահանջներ։ «Ելք»-ի լիդերների քաղաքական հոտառությունը հուշեց երկրորդ ճանապարհը, և այն հաստատ ավելի արդյունավետ է», - գրել է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
