Դաժան ու ողբերգական դեպք.Շղարշիկում մայրը պատշգամբում հայտնաբերել է 16-ամյա տղայի կախված դին
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել Թալինի բժշկական կենտրոնի հերթապահ խմբից, որ կանչով մեկնել են Շղարշիկ գյուղ, որտեղից անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է նույն գյուղի բնակիչ, 16-ամյա Մ. Գ.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ է մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ երեխան իրենց տան պատշգամբում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է մայրը, ում աղմուկի վրա այդ պահին նրանց տան մոտով անցնելիս է եղել գյուղապետի որդին: Վերջինը կարողացել է կտրել այն պարանը, որով երեխան կախվել է ու նրան տեղափոխել են շտապօգնության մեքենա, սակայն, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Այս պահին գյուղ են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Թե ինչն է եղել երեխայի կողմից ինքնասպանություն գործելու պատճառը՝ դեռևս հայտնի չէ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
