Ընտրակաշառքն ազդել է ընտրության վրա. ԵԱՀԿ խիստ գնահատականը
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, բայց դրանց վրա ազդեցություն է ունեցել ընտրակաշառքը, ասուլիսում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության համակարգող Իգնասիո Սանչես Ամորը: «Չնայած իրավական համակարգի հավանության արժանացած բարեփոխումներին եւ նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը՝ երեկ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ վստահության արժանի տեղեկությունները, եւ քաղաքացիական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների մասին այլ տեղեկությունները, որի հետեւանքով, ընդհանուր առմամբ, նկատվել է հանրային վստահության պակաս առ ընտրությունները»,- այսօր Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Իգնասիո Սանչես Ամորը: Նրա խոսքով՝ իրենք արձանագրել են, որ քվեարկության օրն ընդհանուր առմամբ շատ հանդարտ ու խաղաղ է եկել, սակայն նկատվել են կազմակերպչական խնդիրներ և անհարկի միջամտություն գործընթացի նկատմամբ՝ հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: Քվեարկության գործընթացին բնորոշ են եղել կուտակումները, ընտրատեղամասերում երկար հերթերը և կուսակցության ներկայացուցիչների ու ոստիկանների կողմից միջամտությունները:«Երեկվա ընտրություները գծանշեցին Հայաստանի՝ նոր քաղաքական համակարգ կառուցելու առաջին քայլը, սակայն փոփոխությունը չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում: Քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ է վարքագծային փոփոխություն, պետք է ավելի մեծ հասունեություն ցուցաբերել և հրաժարվել անցյալի գործելակերպից», ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության համակարգողը: Վերջինս թվեց այն հիմնական թերությունները, որոնց ականատես են եղել. «Մենք նկատել ենք ընտրակաշառքի վերաբերյալ վստահության արժանի տեղեկություններ, հանրային ծառայողների, հիվանդանոցներում, դպրոցներում աշխատողների նկատմամբ ճնշումներ... կուտակումները, երկար հերթերը եւ ոստիկանութան ներկայացուցւչների կողմից միջամտությունները: Դիտարկված տեղամասերի 35 տոկոսում ընտրողները դժվարություններ են ունեցել քվեարկության գործընթացը հասկանալու առումով»,- ընդգծել է նա: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին էլ հայտարարեց, որ կիսում է գործընկերոջ տեսակետը: Նա ընդգծեց, որ արվել է մեծ աշխատանք նոր ընտրակարգն ընտրողներին ներկայացնելու համար: «Ընտրություններում կային և՛ դրական, և՛ բացասական տարրեր: Առկա էր քվեարկության գաղտնիության և ընտրակաշառքի խնդիրը: Մենք տեսնում ենք, որ այս ընտրությունները բարելավվել են քվեարկության գաղտնիության առումով: Քվեներ անելու խնդիրն, իհարկե, շատ բարձր տեղ է զբաղեցնում մեր օրակարգում»,- հայտարարեց Պետերսենին: Սոնա Դավթյան
