«Կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան տարբեր ծառայություններ մատուցել տարբեր քաղաքական ուժերի»
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքով` ընտրությունները ընթանում են բնականոն հունով, եւ լուրջ խախտումներ չեն արձանագրվել: Նրա խոսքով` այդ մասին են հայտարարել նաեւ միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները, որոնց հետ ինքը կապվել է: Անդրադառնալով ընտրական գործընթացի խախտումների մասին ահազանգերին հայտարարել է, որ դրանք բաժանում են երկու մասի: Առաջինն, ըստ Շարմազանովի, օբյեկտիվ ահազանգերն են, և կան չակերտավոր ահազանգեր, որոնք ունեն մեկ նպատակ՝ ստվեր գցել ընտրական գործընթացի վրա: Նա հայտարարել է, որ այս պահի դրությամբ ընտրական գործընթացը նորմալ հունով է եւ ցույց է տալիս, որ Ընտրական նոր օրենսգիրքը ծառայել է իր նպատակին: «Ես խախտման վերաբերյալ ոչ մի լուրջ հաղորդագրություն չեմ լսել, որը կարող էր ստվեր նետել ընտրությունների վրա: Ընտրությունների կազմակերպման մեխանիզմն այնպիսին է, որ դա բացառվում է։ Բայց ես չեմ բացառում, որ մարդիկ կգտնվեն, ովքեր կցանկանան տարբեր ծառայություններ մատուցել տարբեր քաղաքական ուժերի», - ասել է նա:
