Չգիտեմ՝ Լեւոն Բարսեղյանի հետ ինչ է կատարվում. Շարմազանով
ՀՀԿ կենտրոնական շտաբում ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այսօր հարգանքի, համերաշխության եւ անցյալից դասեր քաղելու օր է: Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ անդամներն այսօր Եռաբլուր պանթեոն են այցելել` ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակը հարգելու. «Այսօր հարգանքի, համերաշխության եւ անցյալից դասեր քաղելու օր է: Մենք հպարտանում ենք, որ մենք այնպիսի որդիներ ունենք, որոնց շնորհիվ Հայաստանն ու Արցախը կարող են դիմակայել մարտահրավերներին եւ գնալ անվտանգության ուղով»: Այնուհետև անդրադառնալով քվեարկությանը՝ նշեց, որ այն ընթանում է բնականոն հունով. «Ես նաեւ կապ եմ հաստատել միջազգային դիտորդների հետ, նրանք միաբերան պնդում են, որ այն մեխանիզմը, որ ներդրվել է ՀՀ-ում ընտրական օրենսգրքի ընդունումից հետո, հնարավորություն է տալիս նախկինում եղած այն չարաշահումներն ու խնդիրներին, որոնք ստվեր են գցել ընտրական գործընթացի վրա, այսօր հիմնականում չկան»: Հարցին, թե ՀՀԿ-ն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտարարել է, թե որոշ ընտրատեղամասերում ընտրախցիկների մոտ տեսախցիկներ կան, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Չգիտեմ Լեւոն Բարսեղյանի հետ ինչ է կատարվում այսօր, առավոտյան իր բնակության հասցեն էր շփոթել, խնդրում եմ նրան ավելի աչալուրջ լինել, իսկ մյուսներին խնդրում եմ այդքան ուշադրություն չդարձնել նրան»:
