«Մենք լե մզի խամար պետութուն ինք». Մասնակցե՞լ թե՞ չէ
«Մենք լե մզի խամար պետութուն ինք» Մասնակցե՞լ թե՞ չէ, ընտրե՞լ, թե՞ չընտրել Արդեն մի քանի տարի է, հատկապես վերջին հանրաքվեից սկսած, բոյկոտը որպես քաղաքականության կամ իշխանության վրա ազդելու գործիք լայնորերեն քննարկվում է: Շատերը, ովքեր լրջորեն համարում են, որ ընտրական համակարգը բացարձակ չի գործում Հայաստանում, այդով համոզված են, որ ուղղակի չպիտի մասնակցել ընտրություններին, հիմնավորումները մի փունջ են. եթե չես կարող ազդել, ապա ի՞նչ իմաստ ունի մասնակցել, մասնակցելով անուղղակի ճանաչում ես իշխանության ձեւավորման այս ձեւի օրինավորությունը, միեւնույն է քվեդ կեղծվելու է ու հերթական անգամ խաբված ես համարելու քեզ, չկա հարմար թեկնածու, բոլորը Բաղրամյան-26-ի խաղացողներն են, ում էլ ընտրես՝ քաշված ես, «բոլորին դեմ» տող չկա, անտեսում են բոլորին դեմ լինելու իմ դիրքորոշումը, ..., ուրեմն գնամ ինչ անեմ: Քվեաթերթիկներում «բոլորին դեմ»-ի մոտեցման տարատեսակ դրսեւորումներ տեսել ենք նախորդ մի քանի ընտրություններում՝ հայհոյանքներ, «Չակ Նորիս», «КПСС», եւ այլն, դրանք, մասնակցածների քվեներից առավելագույնը 5-6 տոկոս են եղել: Անշուշտ ընտրություններին չմասնակցողների (ընտրական իրավունք ունեցողների կամ ընտրացուցակներում ընդգրկվածների 40-60 տոկոսը), մի մասը արտերկրում են, որոնց, իշխանությունը հասկանալի վախերով զրկեց դրսում քվեարկելու հնարավորությունից: Երկրորդ մասի պետքը չէ այս ընտրությունները՝ պատրաստվում են արտագաղթի, կամ իրենց համար աջ քաշած ապրում են, եւ երրորդ խումբը ընտրական համակարգին չվստահող բոյկոտողներն են: Բոլորն էլ օգտվում են իրենց ընտրական իրավունքից, որովհետեւ, իրավունքից չօգտվելը նույնպես այդ իրավունքի օգտագործում է եւ միանգամայն հարգելի բան է: Այն մեղադրանքները, թե ովքեր բոյկոտում են ու բոյկոտի կոչեր են անում, Սերժիկի դրածոներն են, կամ Բաղրամյան-26-ի քողարկված խոսնակներն են, անհեթեթ են, եթե փաստական հիմքեր չունեն: Այս քարոզարշավի ընթացքում նման օդեղեն մեղադրանքներ հնչեցին մի քանի անգամ, որոնք բոյկոտողների զայրույթն հրահրեցին արդարացիորեն: Արդեն գրեթե երկու տարի է ընտրությունները բոյկոտելու կոչեր անողների մի մասը, գուցե կեսից ավելի, զարմանալի անտեղյակություն է դրսեւորում, կարծելով ու հայտարարելով, թե բոյկոտելու կամ շատ քիչ մարդու մասնակցելու դեպքում ընտրությունները վավերական չեն լինի, օրինական չեն լինի եւ այլն: Նախկինում, երբ լսում էի այս խմբի մարդկանց, այդ թվում շատ հարգելի մարդկանց այսօրինակ մեկնաբանությունները, մտածում էի, թե խոսում են բարոյականության դեֆիցիտի մասին, ոչ թե ի նկատի ունեն օրենքով սահմանված քվորում կամ ինչ-ինչ լիմիտներ: Պարզվեց, սխալվում էի, բոյկոտողների այս մի խմբում իսկապես համարում էին, թե այսքան տոկոս մարդ պիտի մասնակցի, որ ընտրությունները համարվեն կայացած: Ակնհայտորեն տեղի էր ունեցել շփոթ, չեմ կարծում, թե այս մարդիկ կեղծում էին ու ստում, իրենք իսկապես այդպես էին կարծում, ամենայն հավանականությամբ, սահմանադրական հանրաքվեների նախորդ կարգավորումների ազդեցության տակ կամ այս հանրաքվեների մասկացության նվազագույն շեմի անհիմն արտածման արդյունքում: Պիտի հիշեք, որ 2015 թ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի համար, այն վավերական կլիներ, որ մասնակցեր ընտրական իրավունք ունեցողների առնվազն 25 տոկոսը, իսկ 2005 թվին, նախորդ հանրաքվեն առնվազն 50 տոկոսանոց մասնակցություն էր պահանջում: 2015-ին այդ կարգավորմամբ հանրաժեշտ էր մոտ 641.749 ընտրողի մասնակցություն, որ հանրաքվեն կայացած լիներ՝ լիներ սահմանադիր: Այդ ժամանակ մի քանի գործիչներ ու ուժեր սկսեցին բոյկոտ քարոզել, որպեսզի մարդիկ չգնան հանրաքվեի, այն չունենար այդպիսի մասնակցություն ու չկայանար: Այլ ուժեր՝ հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ «Ոչ»-ի շարժումը նախաձեռնեցին, քարոզելով մարդկանց գնալ հանրաքվեի ու քվեարկել դեմ Ս.Սարգսյանի նախագծին: Դրդապատճառները կարող էին տարբեր լինել, գուցե համարում էին, որ այդ արշավի արդյունքում ինչքան էլ մասնակցեն՝ «Ոչ»-ի օգտին ավելի շատ մարդ էր քվեարկելու, քան «Այո»-ի օգտին, գուցե դավադրություն կար՝ մարդկանց ոտի հանել, որ գնային տեղամասեր, հետո իշխանությանը ինչ պետք էր՝ կնկարեր, կարեւոր էր, որ մասնակցիների թիվը գերազանցեր այն պահանջված նվազագույն 25 տոկոսը, եւ չլիներ ուրվականների քվեարկությունը, ինչպես եղավ 2009-ին, երբ տաբեր ուսումնասիրողների տվյալներով մասնակցեցին ընտրողների մինչեւ 8 տոկոսը, բայց նկարեցին 65 տոկոս: Որեւէ մեկին մեղադրելու հիմքեր չունեմ, սրանք այն երկու ենթադրությոններն են, որոնք կան դեռ այն ժամանակներից: Ակնհայտ էր, որ եթե առաջին սցենարն էր, «Ոչ»-ի նախաձեռնողները պիտի կռահեին, որ մարդկանց տեղամասեր գնալու եւ «Ոչ» քվեարկելու քարոզից կատաղած իշխանությունը պիտի մոբիլիզացներ իր այոյական ռեսուրսը, որպեսզի կարողանար հաղթել «Ոչ»-ին: Ինչորէ. «Այո»-յի օգտին (կեղծարարոթյունն ու վարչական ռեսուրսը ներառյալ) տարան 825.521 քվե, «Ոչ»-ի օգտին՝ 421.568: Մասնակցեց անհրաժեշտ 641.749-ի փոխարեն 1.262.000 ընտրող: Դժվար է ասել, որքան կլինեին «Այո»-ի քվեները, եթե «Ոչ»-ի արշավի փոխարեն բոյկոտի արշավ իրականացնեին նախաձեռնողները, իսկ 421.000 մարդու տեղամաս քվեարկելու ուղարկելու փոխարեն ավելի հզորացվեր հսկողական/դիտորդական ռեսուրսը, որ բոլոր տեղամասերը մարդավարի հսկվեին ու իշխանությունը չկարողանար լցոնել: Այդ դեպքում գուցե չկարողանար 641.000 «Այո» քվեարկող ապահովել («Այո»-յի պաշտոնական հավաքածից 22,2% (183.772 քվե) պակաս): Դժվար է ասել: Սա անցյալ է արդեն: Բայց ակնհայտ է, որ իշխանությունները հինք ունեցան ասելու, թե չնայած ընտրություններին մասնակցածների 1/3-ը դեմ էր սահմանադրական փոփոխություններին, բայց մասնակցության մակարդակը եւ հանրային հետաքրքրությունը բավարար է հանրաքվեն ոչ միայն օրենքով, այլեւ բարոյապես կայացած համարելու համար, վերջապես տեղամաս էր գնացել ընտրական իրավուք ունեցողների 50,66%-ը, եւ «Այո» կամ «Ոչ» էին քվեարկել ընտրական իրավունք ունեցողների 48,58%-ը: Սրան հակառակ, ի զարմանս բոյկոտը քվորումով հիմնավորող բոյկոտողների խմբի, ԱԺ ընտրությունների համար գործող եւ նախորդ ընտրական օրենսգրքերով երբեք քվերումի պահանջ չի եղել: Այս մեկ ամսվա ընթացքում ահագին մարդ իմացան ու զարմացան, որ բավական է հիմա տեղամաս գնան միայն Ս.Սարգսյանն ու իր թանկագին տիկինը՝ ընտրողների 0,000078%-ը, ընտրությունները գործող օրենքով կհամարվեն կայացած, ու, եթե այդ երկուսն էլ քվեարկեն կոմունիստական կուսակցության օգտին, խորհրդարանը 100%-ով կլինի միակուսակցական: Հիմա բերեք հասկանանք, թե ովքեր են, որ ձեւ չունեն ընտրություններին չգնալու, արդյո՞ք միայն Սերժ եւ Ռիտա Սարգսյանն են գնալու քվեարկության, թե՞ այնքան բերման ենթարկվող կա միայն իշխանության թեւից, որ անհնար է բոյկոտի նմանվող մի բան երեւակայել: 1. Ուժայինները. բանակ, ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ, քննչականներ, քրեակատարողաններ եւ մեզ անհայտ հատուկ ծառայություններ, մոտ 90 տոկոսով : 2. Պետական իշխանության ապարատի աշխատակազմերի երեւի 70-80 տոկոսը, նախագահական պալատ, ԱԺ, կառավարություն, առընթեր մարմիններ, նախարարություններ, մարզպետարաններ իրենց վարչություններով եւ այլն: 3. Տեղական իշխանությունների համակարգ, մոտավորապես 800 համայնքապետարաններ, Երեւանի քաղաքապետարանից սկսած Դրախտիկի գյուղապետարանով վերջացրած, երեւի այս ամբողջ կազմի 80 տոկոսը գնալու է քվեարկության: 4. Պետական եւ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող համակարգերի աշխատակազմերի մոտ 50-70 տոկոսը (հանրակրթական, համայնքային, արվեստի, սպորտի, երաժշտական, նկարչական եւ այլ դպրոցներ, բուհեր, ուսումնարաններ, քոլեջներ, առողջապահական հաստատություններ, գրադարաններ, թանգարաններ, ակումբներ, մշակույթի պալատներ, սոցապներ, կոմունալ տնտեսություններ եւ այլն): 5. Բնական մենաշնորհների տիրապետող հիմնարկների աշխատակազմերի մոտ 40-60 տոկոսը, եթե ոչ ավելին (գազամատակարարում, էլցանց, ջրմուղ եւ այլն): Չմոռանաք, որ սրանք բոլորը իշխանության թիկունքում են, սրանցից բազմաթիվ թեկնածուներ կան ցուցակներում: 6. Հիմնականում հանրապետականի ցուցակներում բնավորված օլիգարխաց բիզնեսների (արտադրություն, առեւտուր, բանկեր, հանքեր եւ այլն) աշխատակազմերը իրենց ազգուտակով: 7. Ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերի անդամներ, համախոհներ եւ համակիրներ՝ բոլորը, ով գտնվում է Հայաստանում: Ես թվեր չեմ գրում կողքերը, յուրաքանչյուրը կարող է աչքաչափով թիվ գրել, գումարել այդ 7 խմբերն իրար ու կտեսնի, որ ստացվում է առնվազն 1,2 մլն մասնակից, առավելագույնը 1,5 մլն քվե: Այդ ծավալը հենց որպես կանոն մասնակցածների ծավալն է: Այս պայմաներում բոյկոտը ակնհայտորեն նույնիսկ հավաքական իմաստով բարոյական օգուտ չի տալիս: Անհատական, թույլ տվեք ասել՝ էքզիստենցիալ բոյկոտի տեսանկյունից անշուշտ գոհացնում է, ես այսդպես վարվել եմ 1995-ից մինչեւ 2007թ. ներառյալ, ինքս ինձնից գոհ ֆռֆռում էի ու աջուձախ ասում էի ընկերոջս խոսքը. «Մենք լե մզի խամար պետություն ինք»: Հաց բերողը, Սասնա Ծռերի մեծ մասը, բոյկոտի դիրքորոշում ունեցող եւ բոյկոտի կոչ անող մյուս մեծ խումբը տեղյակ է, որ քվորումի հարց չկա, բոյկոտի պնդումն անում են, որպես բողոք ռեժիմի եւ այս ընտրակարգի դեմ, որը անշուշտ հիմնականում ընթանում է ռեժիմի գծած սցենարով: Հիմնակում, բայց ոչ ամբողջությամբ, որովհետեւ սա այն սցենարը չէ, որ կուզեր իշխանությունն ունենալ սահուն վերարտադրման համար: Տարբեր հանգամանքների ճնշման տակ իշխանությունը մի քանի տեխնիկական միջոցներ ներմուծեց քվեասենյակ եւ ընտրություններ (ընտրողների նույնականացում, տեղամասերից 1500-ում՝ տեսագրություն եւ ինտերնետային հեռարձակում, ընտրություններին մասնակցածների ցուցակների հրապարակում), ինչով ակնհայտորեն էականորեն կսահմանափակվեն տեղամասերում կեղծիքների ծավալները, սակայն դրա փոխարեն աննախադեպ ու անհիմն գործիքներ մտցրեց իշխանության ձեւավորման եւ վերահսկողության գործընթացներում. նախ կոալիցիվելիք կուսակցությունների թիվը սահմանփակեց 3-ով, ապա մեծամասնականը անվանափոխեց, դարձրեց վարկանշային, որպեսզի մարզային, օրիգարխիկ, քրեական կամակատարները փայ ունենան ու օգնեն իրեն, նաեւ սահմանափկեց ԶԼՄ-ների եւ դիտորդների իրավունքները, շատ է խոսվել այդ մասին: Հիմա այս դրության մեջ, Հայաստանը ձախողումների տարած ու երկրին շոշափելի վնասներ տված իշխանությունների դեմ ընտրություններով ոտի ելնելը, կամ ընտրություններով այս իշխանությունները փոխելու մտքերն ու մի քանի այլ քաղաքական ուժերի մտադրությունները ծիծաղելի են թվում շատերին եւ բոյկոտողների այս խմբին: Այս խումբը, թույլ տվեք կոչել բոյկոտի գաղափարական թեւի ներկայացուցիչներ, համարում է, որ այլ գործիքներ են հարկավոր, ընտրություններին մասնակցելը, որ մի կերպ միջոց չէ քաղաքական համակարգը փոխելու համար: Սակայն նրանց առաջարկները՝ թե ինչ անել կամ չկան, կամ ձեւակերպված չեն որպես իրատեսական ծրագիր: Այդ գործիքներից արմատականներից մեկը՝ զենքի գործադրումը, զինված պայքարը կամ զինված ապստամբությունը նորից կարող է տեղի ունենալ, էլի կարող են փորձեր լինել, դժվար է ասել՝ ինչով կավարտվեն նման փորձերը, այս եղանակի մասին, հասկանալի է, բարձրաձայն չի խոսվում ու այս եղանակը հայտնագործություն չլինելով, պարբերաբար քննարկվում է ոչ միայն բոյկոտողների փակ խմբերում: Երկիրը կագի բերելու մյուս եղանակը, որ արծարծվում է քաղաքացիական հասարակության շրջանակներում, սրա ճիշտ հակադրությունն է. տեւական քաղաքացիական կրթություն, օրինականության քարոզ, սերնդափոխություն, արժեքների հեղափոխություն եւ այլն: Առայժմ իշխանությունից եւ իր մանկլավիկներից դուրս հասարակության մեջ չկա ու չի երեւում նույնիսկ մոտավոր համաձայնություն, թե ինչ ռազմավարություն, հայեցակարգ կամ առավելեւս ծրագիր կարող է մեր երկիրը պետության զավթման այս խոր ճգնաժամից հանել: Բոլոր խմբերն են համոզվել, որ այսպես շարունակել չի լինի, որ մենք կորցնում ենք մարդկանց այստեղ եւ գաղթով, որ կորցնում ենք ժամանակ, տնտեսություն, հույս, հավատ ու ամենակաեւորը՝ կամք, անհատի կամք եւ հանրային կամք: Բայց ոչ մեկը լուծում չունի առայժմ: Ընտրություները այս ֆոնին ոչ մի դեպքում փրկություն չեն, բայց փոքր փոփոխության շանս են հուշում: Այս իրողություններում միանգամայն հասկանալի է ե՛ւ բոյկոտի գաղափարախոսների մերժողականությունը, ե՛ւ մասնակցելու ջատագովների՝ փոքր առաջընթացի շանսի օգտագործման պնդումները: Միաժամանակ փորձը ցույց է տալիս, որ բոյկոտը ինչքան էլ դա եղել նախորդ ընտրությունների ժամանակ, ոչ մի կերպ չի ազդում իշխանությունների վրա, չի փոխում նրանց, չի ստիպում հրաժարվել ապօրինություններից, ու բոյկոտը առայժմ մնում է որպես անարդյունավետ բողոք մեր կյանքը փոխելու գործիքի փոխարեն: Տեխնիկական իմաստով ի՞նչ ազդեցություն է թողնում բոյկոտը: Ակնհայտորեն ռեժիմի գերիները գնալու են կամ տարվելու են տեղամասեր քվեարկելու, տրանսպորտով եւ փողով տեղամասեր տանելու են նաեւ նրանց, ում տանողները կստիպեն գնալ: Բոյկոտի մարդկանց ոչ մի տեղ տանել չեն կարողանա ու արդյունքում իշխանության եւ փողատեր 1-2 կուսակցությունների քվեները տոկոսային համադրությամբ առավել մեծ կշիռ կունենան, քան այն կուսակցությունները, որոնք այդ վարչական ու ֆինանսական ռեսուրսներին չեն տիրապետում: Ակնհայտորեն, եթե ընտրողը բոլոր 9 քաղաքական ուժերին համարում է ռեժիմի մաս եւ Բաղրամյան 26-ի խաղացողներ, հարցը փակված է, ինչ մասնակցություն, ինչ բան: Այս մարդիկ համոզմունք ունեն ու ոչ մի հրաշք այս մոտեցումը փոխել չի կարող: Այս դրության մեջ պարբերաբար առաջանում է սրբի, մաքրամաքուրի պահանջը: Թող առաջ գա, նա ով որեւէ քննադատելի բան չի ունենա, հասանք ավետարանին: Տիպական հայկական մաքսիմալիզմ՝ Ծովից-ծով, համաշխարհային ազգ՝ դու մի ասա, «մենք որ գիր-գրակություն ունեինք, մյուսները դեռ բանան կպճել չգիտեին...» եւ այլն: Բայց ներողություն, 20 տարվա ապականությամբ քաղաքական դաշտում, պետության զավթման պայմաններում, երբ զավթած է ոչ միայն իշխանությունը, այլեւ տնտեսությունը, մեդիան ու մշակույթը, որտեղի՞ց առաջանան մաքրամաքուրներ: Արդարեւ, մրցող բոլոր քաղաքական ուժերի ցուցակներում էլ կարելի է գտնել մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ կամ եղել է իշխանության մեջ, կամ հակասական վարք է դրսեւորել այս կամ այն քաղաքական գործում կամ սրացման ժամանակ, կամ մանկապարտեզում վերջապես շռել է տակը ու այդ գիտեն ամենքը, ինչպե՞ս գտնել սրբին: Չկան սրբեր: Մնում է նվազ վնասի մոտեցումը նրանց համար, ով համաձայն է, որ սրբեր չկան: Ո՞վ, ո՞ր քաղաքական ուժերն են առավելագույն վնասը տվել մեր երկրին: Գլխավոր հակահերոսի մասին տարակույս չկա կարծում եմ: Դա Սերժի ղեկավարած հանրապետական կուսակցությունն է, որ իր տխրահռչակ առաջնորդի հետ 9 տարի միահեծան եղել է երկրի տեր տիրականը, ընտրակեղծիքներով թույլ չի տվել մյուսներին մոտենալ իշխանությանը, այս ընթացքում կարողացել է աղքատությունը աճեցնել 4 տոկոսով, արտաքին պարտքը եռապատկել, չլուծել 33.000 անօթեւան ընտանիքների (բնակչության մոտ 5 տոկոսը) նվազագույն կեցության խնդիրը, կարողացել է գործազրկությունը աճեցնել 1,6 տոկոսով, արտագաղթն է աճեցրել, հասցնելով տարեկան 50.000 հոգու, բանակի թալանին է մասնակցել, վերջնականապես ծնկի է բերել ու ուծացրել է կրթական համակարգը, Հայաստանի ինքնիշխանությունը էականորեն թուլացնել, երկիրը տարել կոխել է իմպերիալիստական գետտո, ապա կորցրել է 800 հեկտար հող ու կործանել հարյուրավոր կյանքեր, չմոռանանք, իհարկե, թե ինչպես ցուցարարներ գնդակահարելով, 150 քաղբանտարկյալ բանտերը լցնելով նախագահ սարքերցին էս պատուհասին, որ Սերժ Սարգսյան են ասում: Երկրին տված վնասի տեսանկյունից սրանք անգերազանցելի են: Մյուսներին ինչ էլ ասվի, չպիտի մոռանալ, որ այսպիսի կառավարման լծակներ ոչ մեկը չի ունեցել ՀՀԿ-ից բացի, եւ սրանք կամեցել, թե չեն կամեցել, վնաս են տվել երկրին: Վնասի տեսանկյունից ովքեր են հաջորդում հանրապետականին: Իհարկե, նրանք, ովքեր տարբեր արդարացումներով եւ ծամածռություններով սատարել ու աջակցել են հանրապետականին եւ անձամ Ս.Սարգսյանին: Սկզբում, իհարկե, ՕԵԿ կոչված կուսակցությունը, Սերժ Սարգսյանին արժանի իր ղեկավարով, որ ամենածայրահեղ պահին որոշեց լինել իշխանության հետ ու չլինել կեղծարարության դեմ բողոքող հարյուրհազարավոր քաղաքացիների կողքին, ինչով, ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին հավասար կրում է Մարտի 1-ի արյան ու ապականության պատասխանատվությունը, բայց մինչեւ հիմա չի համարձակվում ներողություն հայցել ժողովրդից, մեղա գալ, ու հանգիստ խղճով շարունակել մնալ քաղաքականության մեջ: Դրա փոխարեն անունն է փոխում, իբր օրինաց երկիրը կառուցեց պրծավ, հիմա վերածնում է Հայաստան աշխարհը: Տպավորություն կա, որ ՀՅԴ-ն, վաղուց եւ ակամա ուզում է մեզ համոզել, որ ինքը ոչ թե հեղափոխական է, այլ հակահեղափոխական կամ ավելի ճիշտ՝ հարմարվողական: Բոլոր առիթների դեպքում, մոռանալով իշխանության իր քննադատությունները, թռնում է հանրապետականի գիրկը, թե բա համագործակցենք հանուն հայրենիքի (իբր մյուսները հայրենիք չունեն), այնքան էլ համաձայն չենք, բայց դե մեր պահանջները կատարում է իշխանությունը, ուրեմն լինենք հետը: Վերջերս ավելի առաջ գնացին, ասում են՝ այն բոլոր բարեփոխումները (օրինակ՝ կեղծ համամասնական ընտրակարգը, որը կոչում են համամասնական), որ արել է իշխանությունը, մեր պահանջներով է արել: Չեն խոսում չարեփոխումների մասին, այդ մասով իրենք անմեղ են: Իրենց պես «անմեղ» է նաեւ ԲՀԿ-ն, որ հանրապետականի հիմնական փորձանքներին կողմ է քվեարկել, այդ թվում երկիրը Կրեմլի գետտո մտցնելու փորձանքին: Ամբողջ քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ առաջին դեմքով հայտարարեց, թե իրենց խոսքը գործ է, ինչ ասել են՝ արել են: Սակայն բոլորն են հիշում, թե ինչպես երկու տարի առաջ Ծառուկյանը խոստացավ էս ռեժիմի քոքը տալ, սակայն երկու օր անց որոշեց փակել քաղաքականության էջը, պատճառաբանելով թե չի ուզում արյունահեղություն լինի: Այսինքն միշտ չէ, որ Ծառուկյանի խոսքը գործ է, լինում են եւ անսպասելի հանգամանքներ, ինչպիսին Սերժի ռեժիմի արյունարբու բնույթի մասին անակնալ իմանալն է: Այժմ շատ նման է, որ հանրապետականը ԲՀԿ-ին նորից առաջ է մղել կամ քարտ բլանշ է տվել սոցիալապես կարիքավոր ու բողոքավոր ընտրողների քվեները հավաքել տալու համար, ինչպես եղավ 2007 թվականին, եւ մասամբ՝ 2012-ին: Սակայն, դատելով Զոհրաբյանի կոշտ բառապաշարից, եւ ենթադրելով, որ Ծառուկյանը հասկացել է, թե ինչ լյուպեն-կարիքավոր ու զորավոր եւ խելակորույս աջակցություն ունի, հաշվի առնելով իր ստացած անձնական եւ թիմակիցների ստացած այլեւայլ վիրավորանքները, այս անգամ հազիվ թե թույլ տա կողոպտել իր հավաքելիք քվեները: Չնայած ՀՀԿ-ի հետ կոալիցվելու մասին Ծառուկյանի եւ Զոհրաբյանի խոսքերի հակասականությանը, կասկածում եմ, թե Ծառուկյան դաշինքը հանրապետականի հետ կոալիցիա կկազմի: Քաղաքական գործիչների մասով հատկանշական է Օսկանյանի եւ Օհանյանի դիրքը: Նրանք, երկուսն էլ ահագին երկար ժամանակ եղել են իշխանության կազմում, մասնակցել են այնպիսի հակաժողովրդական եւ հակասահմանադրական գործողությունների, ինչպիսին Մարտի մեկի զանգվածային բռնություններն ու օրինազանցություններն են: Չնայած մեղա գալու հանրային պահանջին, այս քաղաքական գործիչները այդպես էլ ուժ չգտան բարեխղճորեն բացատրելու իրենց նախկին վարքը եւ ներողություն խնդրելու հակաժողովրդական ռեժիմին հանցակցելու համար: Ուշադիրները նկատած կլինեն, թե ինչպես փոխվեց Օհանյանի բառապաշարը եւ հռետորաբանությունը քարոզարավի ընթացքում, որքան կոշտացավ քննադատությունը իշխանության հասցեին ու տպավորություն կա, թե լուրերն այն մասին, որ Սերժ Սարգսյանի ու իր արանքով սեւ կատու է անցել, ճշմարիտ են: Կա նաեւ ենթադրություն, որ Ռոբերտ Քոչարյանը, դժգոհ լինելով իր թոշակառուի ճակատագրից, կամենում է երկու թեւով մտնել խորհրդարան՝ ՕՐՕ եւ Ծառուկյան դաշինքներով: ... Շատը երկար կարելի է վերլուծել բոլորին, բայց սահմանափակվեմ այսով: Ընտրությանը մասնակցել-չմասնակցելու այս տեւական հրապարակային եւ խառը բանավեճում առանձնահատուկ տեղ ունեն նրանք, ովքեր համոզված են, որ ամեն ինչ որոշված է: Երբ դա ասում է մարդ, որ հանգամանքների բերումով վաղուց հեռացել է երկրից ու ապրում է հեռվում, իսպառ հասկանալի է, գուցե հենց այդ պատճառով էլ հեռացել է ու դեռ շանս չի տեսնում այս աշխարհը կագի բերելու: Իսկ երբ դա ասում է Հայաստանում ապրող քաղաքացին, երկու բան եմ մտածում, կամ հաստատապես որոշել է հեռանալ՝ արդեն քաղաքացի չի զգում իրեն, կամ ինչ-որ մի բացատրություն ունի իր համոզմունքի, որ մեզ հետ չի կիսվում՝ հասկանանք: Ավտորիտար կամ ավելի կոշտ համակարգերի կործանումը հանաք-մասխարություն չէ, մարդիկ արյամբ, գնդակահարություններով, այլոց երջանկության հաշվին իշխանության են եկել ու գիտեն որ իշխանազրկումը կյանք, ունեզրկում ու ազատություն արժե, հո չեն զիջելու, ավտորիտար ռեժիմի կործանումը կենացներով, աղոթքով ու անեծքներով չի լինում, պետական համակարգը մարդու համար դարձնելու կամ այն քանդելու եւ նորը ստեղծելու համար շատ լուրջ ջանքեր են հարկավոր, անքուն գիշերներ, առողջություն, փող ու կյանք է հարկավոր դնել, ամենից առաջ կամք է պետք ունենալ: Իմ այս եւ նախորդ գրառումները, ելույթները, բանավեճերը Հայաստանի տարբեր անկյուններում նրանց հետ են ու նրանց համար, ովքեր իրենց քաղաքացիական ու ժառանգական հանգրվանը մեր երկրում են տեսնում: Ուրիշը չունենք, ուրիշն իր ունեցած լավը մեզ չի տալու: Ավտորիտար ռեժիմի դեմ կռիվը համաժողովրդական նախ ինտելեկտուալ համախմբում է ուզում, գուցե հանրային տեւական ֆորումներ, աշխարհի փորձի լրացուցիչ ուսումնասիրություն, նորանոր գործիքների հայտնագործում եւ գործարկում, վստահ եմ, որ հավաքական ինտելեկտը չի կարողանալու լուծումներ չգտնել այս դրությունից, չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե պրծել ենք, ու պետության լուծարումը ժամանակի հարց է: Էս չար կատակը սրտներիդ չառնեք խնդրում եմ, կներեք, բայց պիտի ասեմ: Երբ քաղաքական ապագայի մասին լսում եմ համառ ու պասիոնար մտքեր, թե՝ ձեւ չկա, ամեն ինչ որոշված է, խաղ չկա, ինչ էլ անենք, սրանք կրելու են, քվեները միեւնույն է՝ իրենց օգտին են շինելու եւ այլն, երկար վեճերից հետո, երբ հասկանում եմ, որ ֆազերս գցելու եմ արդեն, հարցնում եմ՝ գերեզմանոցում տեղ վերցրե՞լ եք արդեն, փոսն արդեն փորել տվեք, գնացեք մտեք մեջը՝ հողը վրեքդ տվեք էլի, միեւնույն է, հայտնի է, որ բոլորս մեռնելու ենք՝ գնանք: Բայց քանի կանք, եկեք մեր կարեցածն անենք: Ինձ վայել չէ մարդկանց կոչել գնալ կամ չգնալ ընտրության, ընտրել այս մեկին կամ մյուսին: Շատ են հարցնում՝ մասնակցելո՞ւ եմ, թե՞ չէ, ո՞ւմ եմ ընտրելու: Մտածում եմ, որ իմ մասնակցելով հանրապետական ռեժիմը մի քվե պակաս է ստանալու եւ նրա հակառակորդներից մեկը մի քվե ավել է ստանալու, տոկոսները չնչին չափով իմ մեկ քվեով փոխվելու է ի վնաս այս ռեժիմի եւ մասնակցելու եմ, նույնիսկ ընտրելու եմ, թեպետ դեռ դժվարանում եմ որոշել՝ որին: Ես իսկապես հարգում եմ ե՛ւ բոյկոտողների, ե՛ւ մասնակցողների դիրքորոշումը, պարտավոր էի մտածածս հաղորդել բոլորին եւ արեցի այդ: Լեւոն Բարսեղյան
