«Խնդրի լուծման ցանկացած տարբերակ պարունակում է «տարածք` կարգավիճակի դիմաց» դրույթը». Վաղարշակ Հարությունյան
«Չկա որեւիցէ նախապայման, որպեսզի Ղարաբաղի հարցն այսօր լուծվի»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին Հայաստան, Արցախ և Ադրբեջանի սադրիչ գործողություններին, պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ ամեն բան պետք է դիտարկել անցած տարվա ապրիլյան գործողությունների համատեքստում: ԵԱՀԿ համանախագահների գործողությունները կապված են ապրիլյան գործողություններից հետո զարգացումների և հայկական կողմի դիրքորոշման հետ, որ Հայաստանը նախապայմաններ դրեց բանակցությունները վերսկսելու համար, այդ թվում` հրադադարի խախտման բացահայտման մեխանիզմներ դրվեն, երաշխիքներ տրվեն, որ Ադրբեջանը նորից չի սկսի ռազմական գործողություններ,հայտարարեց Վաղարշակ Հարությունյանը: «Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում համանախագահները լիովին համաձայնեցին Հայաստանի առաջարկած մոտեցումներին, նույնիսկ Ադրբեջանը համաձայնեց, բայց, վերադառնալով Բաքու, հրաժարվեց դրանից: Ինչո՞ւ: Որովհետև դա իր մարտավարությունն է»,- ասաց Վ.Հարությունյանը: Պաշտպանության նախկին նախարարն ասաց, թե երեք ճանապարհով կա հակամարտությունների լուծում. երբ մի կողմը հասնում է հաղթանակի, երբ կողմերը գալիս են համաձայնության և երբ ուժային տարբերակով միջազգային հանրությունը ստիպում է երկու կողմերին այնպես, ինչպես իրենք տեսնում ենք: Նա օրինակ բերեց Հարավսլավիան: Մեր պարագայում, ըստ նրա, երրորդ տարբերակը բացառված է, որովհետև որևէ պետություն կամ պետությունների խումբ լիարժեք ի վիճակի չէ ստիպել մի կողմի գնալ այս տարբերակի: Նար համոզմամբ, նաեւ Ադրբեջանը հասկանում է, որ լայնածավալ պատերազմով չի կարող լուծել Ղարաբաղի հարցը: Մնում է երրորդ տարբերակը`այն ինչ, որ հիմա է, դիվերսիաներ: «Համանախագահներն ամեն ինչ անում են, որպեսզի բանակցությունները վերսկսվեն»,- հավաստիացնում է Վաղարշակ Հարությունյանը`ընդգծելով նաեւ տարածաշրջանում համանախագահների շահերը: Վ.Հարությունյանի կարծիքով` Մադրիդյան սկզբունքները և խնդրի լուծման ցանկացած տարբերակ պարունակում է «տարածք` կարգավիճակի դիմաց» դրույթը: Նա չհամաձայնեց, որ Մադրիդյան սկզբունքները կարելի է հիմա ստորագրել, քանի որ անգամ համանախագահները խնդիր ունեն` ո՞վ է մտցնում խաղաղապահ ուժերը, քանի որ, ով մտցնի, նա էլ կվերահսկի տարածաշրջանը, իսկ Ադրբեջանն էլ ուզում է մի քանի տարածք պոկել` ոչինչ չտալով, և նրան աջակցում է Թուրքիան:
