«Անցած տարվա չարագուշակ ապրիլից հետո եկել է այսօրվա ապրիլը ». Տիգրան Մանսուրյան
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորները մշակույթի գործիչների հետ ծառ տնկեցին` ի հիշատակ իրենց զոհված մարտական ընկերների: }առատունկին մասնակցում էր նաեւ 2015թ. ԼՂՀ-ում հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելիս վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանը: Նա այսօր ուսումը շարունակում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: Մերօրյա հերոսը համեստորեն չէր ցանկանում շատ խոսել: «Միշտ պինդ պետք է լինենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: 2015թ. դեկտեմբերին Արցախի առաջնագծում ծանր վիրավորում ստացած Արմենակ Առուստամյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ զինվորը պետք է զգա հանրության ուշադրությունն ու աջակցությունը. «Դա «դուխ» է տալիս, ես գիտեմ՝ դա ինչ է»: Դանիել Դավթյանի հետ պուրակում ծառ տնկեց ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ով լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնելով նախաձեռնութ յան հեղինակներին, նշեց, որ ծառատունկն իր մեջ կյանքի շարունակականության, կյանքը կանաչ ծառով հաստատելու խորհուրդն ունի: «Անցած տարվա չարագուշակ ապրիլից հետո եկել է այսօրվա ապրիլը և շուտով գնում ենք դեպի ապրիլի 24` հիշելու ոչ միայն մեր նահատակներին, այլ նաև մեր զոհված քաջորդիներին»,-ասաց Տ. Մանսուրյանը: Ծառատունկին մասնակից, մարտական դիրքերում վիրավորում ստացած Արմենակ Առուստամյանի խոսքով` ապրիլյան պատերազմից հետո հասարակությունը հասկացավ, որ 18-20 տարեկան տղաները ավելին կարող են անել: «Դասեր չքաղեցինք, դասեր տվեցինք, թեև մենք էլ ունեցանք զոհեր»,- ասաց նա: Ծառատունկին մասնակցում էին նաեւ երգահան Արա Գեւորգյանը, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, նաեւ՝ դերասան, «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Սամվել Թադեւոսյանը:
