Հայաստանում այսօր «լռության օր» է
Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ այսօր «լռության օր» է. ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին օրենսդրությամբ արգելվում է իրականացնել քարոզչություն։
Հայաստանում վաղը կայանալիք խորհրդարանական ընտրություններն առաջինն են Սահմանադրական բարեփոխումներից հետո, երբ երկիրը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանական համակարգի։
Ընտրությունները այդ փոփոխություններից հետո առաջին անգամ անցկացվում են համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով։ Բայց, միաժամանակ, ընտրողներին առաջարկվում են կուսակցականների բաց ցուցակներ, որոնցում տարածքային թեկնածուներն են։ Այսինքն՝ ընտրողը բացի իր ցանկալի կուսակցությանը ձայն տալուց, հնարավորություն ունի ընտրել նաև տվյալ կուսակցության իր տարածքի թեկնածուներից մեկին։
Ամբողջ հանրապետությունում գործելու է 2009 ընտրատեղամաս։ Այս ընտրություններում առաջին անգամ կիրառվելու է քվեարկության էլեկտրոնային համակարգ. Ընտրողը կարող է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, որի տվյալները մուտքագրվում են համակարգ, այնուհետև մատնահետքի միջոցով դրանք նույնականացվում են։ Այս ընտրությունների նորամուծություններից է նաև այն, որ ընտրատեղամասերի մեծ մասում տեղադրված են տեսահսկող սարքավորումներ։
Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2-ին։ Ընտրատեղամասերը կբացվեն առաջվոտյան ժամը 08։00-ից մինչև 20։00-ն։
