«Չկա 100 տոկոս կատարյալ ընդդիմություն». Արսինե Խանջյան
«Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով մամլո ասուլիսի ընթացում կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը հայտնեց, որ խախտումնեւրը սկսվել են խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նման խախտումների օրինակ բերեց հայկական դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների պատմությունը, որոնք ցուցակներ են կազմել Հայաստանի հանրապետական կուսակցության համար։ Նա տեղեկացրեց, որ որոշում կայացրեցին՝ որպես դիտորդներ մասնակցել կիրակի օրը ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որպեսզի Սփյուռքի մասնակցությունը հայաստանյան կյանքին դառնա օգտակար։ Անդրադառնալով ընդդիմադիրներին՝ կարծիք հայտնեց, որ չկա 100 տոկոս կատարյալ ընդդիմություն: «Նույնիսկ ընդդիմադիր խմբերի շրջանում 100 տոկոս կատարյալները չկան, նրանք միեւնույն է, բացում են փոփոխությունների հնարավորությունը։ Եթե նույնիսկ դուք ստիպված եք ընտրել չարյաց փոքրագույնին, մտածեք, թե ձեզ համար որ կուսակցությունը կարող է լինել ամենափոքր չարիքը»,-նշեց դերասանուհին։ Նա խորհուրդ տվեց քվեարկել հանուն երկրի բարեկեցության. «Ձեր ձայնով դուք կարող եք օգնել երկրին կանգնել փոփոխությունների ուղու վրա»:
