ՀՅԴ-ն հեգնում է ՀՀԿ-ին
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, այսօր ամփոփելով ՀՅԴ նախընտրական քարոզարշավը, նշեց, որ ՀՅԴ կարգախոսն ու պաստառները որակապես ու ճաշակով տարբերվում էին մյուսներից, քանի որ ՀՅԴ քարոզչական պաստառների վրա անձ չկա, մարդու դեմք չկա: Ինչպես ասաց՝ ՀՅԴ-ն փորձեց քարոզչություն իրականացնել հանրապետության ամբողջ տարածքով, ինչպես նաև եթե մյուս քաղաքական ուժերի նախընտրական քարոզչությունը կառուցված էր հիմնականում մեկ անձի շուրջ, իսկ եթե դաշինք էին, ապա` 3, 4 կամ 5 անձի շուրջ, ապա Դաշնակցությունն առանձնացել է նաև նրանով, որ նախընտրական քարոզարշավը կառուցված է եղել ոչ թե մեկ կամ մի քանի անձի, այլ թիմի ու գաղափարների շուրջ: «Մենք մեր նախընտրական քարոզարշավի ժամանակ չենք փորձել մարդկանց սիրաշահել` զուտ ձայն տանելու համար: Բացի մեր կենտրոնական շտաբից, գործել են 13 տարածքային շտաբներ` ըստ 13 ընտրատարածքների, և յուրաքանչյուր ընտրատարածք ուներ իր քարոզչական ծրագիրը»,- ասաց Աղվան Վարդանյանը: Այնուհետև նշեց, որ իրենց ռեյտինգային թեկնածուների 28 տոկոսը անկուսակցական է:
