«Ցանկացած վճիռ էլ ստվերում է». Գևորգ Կոստանյանը` ՄԻԵԴ-ում Արման Մկրտումյանի մասով քննվող գործի մասին
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: Լրագրողների հետ զրույցում Կոստանյանն անդրադարձավ ՄԻԵԴ-ում ընդդեմ ՀՀ կառավարության քննվող գործերին, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի մասով գործին: Հարցին, թե ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի Արման Մկրտումյանի կողմից հնչած արտահայտությունները արդյոք չեն ստվերում Հայաստանի հեղինակությունը, նշեց. «Ցանկացած վճիռ էլ ստվերում է: Իհարկե, բացարձակ անցանկալի է, որ որեւէ վճռի մեջ անվանական նշված դատավորի անունը, եւ երկրորդ, այդ անձը լիներ բարձրագույն դատական ատյաններից մեկի ներկայացուցիչը: Բայց սա բացառիկ երեւույթ չի միայն Հայաստանին վերագրվող: Դատավորի պատասխանատվության ենթարկելու գործընթացը կոնկրետ վճռաբեկ դատարանի նախագահի կամ պալատի նախագահի, դա կարգապահական եւ էթիկայի հանձնաժողովի լիազորությունն է: Հետեւաբար երկրի նախագահն այս դեպքում եւս ֆորմալ տեսակետից լիազորություն չունի դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցում»,-ասաց նա:
