«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն աջակցելու է ՀՀԿ-ական Արագած Ախոյանին
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելով
որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7
ընտրատարածքում, հավատ ունենալով կուսակցության առաջնորդի
և թիմի նկատմամբ՝ ես փորձել եմ որպես թեկնածու հնարավորինս
օգտակար լինել՝ բարձր պահելով այդ դաշինքի անունը: Սակայն
մարտի 5-ից սկսած, տեսնելով Արագածոտնի մարզի
ընտրատարածքում դաշինքի վարկանիշային թեկնածուների
պառակտված վարվելաձևը, ոչ ճիշտ թիմային աշխատանքը, ես
դադարեցնում եմ իմ գործունեությունը այդ դաշինքի հետ և հանդես
եմ գալիս հետևյալ հայտարարությամբ.
«Իմ ընտրողների հետ միասին աջակցելու եմ թիվ 7
ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցության
վարկանիշային թեկնածու Արագած Ախոյանին՝ հաշվի առնելով նրա
բարձր արժանիքները, հայրենանվեր գործունեությունը,
հսկայածավալ աշխատանքները, որ նա կատարել է Հայաստանում և
Հայաստանից դուրս՝ Արևմտյան Հայաստանում և միջազգային
տարբեր կառույցներում՝ բարձր պահելով հայի պատիվը և
արժանապատվությունը: Ես իմ թիմով սատարում եմ Արագածոտնի
մարզի թիվ 7 ընտրատարածքի արժանի թեկնածուին, հայրենասեր
մարդուն՝ Արագած Ախոյանին, ով ունի բարձր վարկանիշ և վայելում է
մարզի համայնքների բնակիչների վստահությունը և հարգանքը»:
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի
վարկանիշային թեկնածու
Նարինե Վալոդյայի Առաքելյան
31.03.2017թ
