ԿԸՀ-ն զգուշացրել է ՀՀԿ պատգամավորին, նա էլ խոստացել է էլ չանել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀԿ-ական պատգամավոր, պատգամավորի թեկնածու Գագիկ Մելիքյանին նախազգուշացրել է նախընտրական շրջանում այլևս մարդկանց խոստումներ չտալ, իսկ Մելիքյանն էլ խոստացել է, որ էլ չի կրկնի իր այդ արարքը: Այս մասին Lragir.am-ին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:Ազատություն ռադիոկայանը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը Տավուշի մարզի Պառավաքար համայնքում նախընտրական քարոզչության ժամանակ խոստանում 154 հազար դրամ փոխանցել գյուղացուն՝ վիրահատության համար:«Գագիկ Մելիքյանի կողմից խոստացվել է, որ անմիջապես իր կողմից էլ կձեռնարկվեն միջոցներ, և հետագայում կբացառվի նման երևույթների կրկնությունը», ասաց Մուկուչյանը:Հարցին, թե որևէ պատժամիջոց կսահմանվի՞ ՀՀԿ-ական թեկնածուի նկատմամբ, ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ նախազգուշացումը ևս պատժամիջոց է, որը կիրառվում է: «Խոստում տալ ևս չի թույլատվում: Երբ եղել են առանձին խոստման դեպքեր, ԿԸՀ-ն միշտ էլ արագ արձագանքել է», ասաց նա:
