«Հասարակության ուղեղների լվացումը նա եւ իր շրջապատն է փորձում անել». Բագրատ Եսայան
« Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, թե իր գնալուց հետո տնտեսությունը թուլանալու է, բայց նրա հրաժարականից ընդամենը 2-3 տարի հետո ՀՀ-ում սկսվեց տնտեսական զարգացման փուլը, որը շարունակվեց մինչեւ 2007-2008-ը, երբ համաշխարհային ճգնաժամը սկսվեց: Այդ ընթացքում նա մոռանում է իր ասածը, որ մեր տնտեսությունը գնալով թուլանալու է, որովհետեւ շրջափակման մեջ ենք, ԼՂ հարցը լուծված չի: Նա այդ զարգացման 7-8 տարիները ջնջել է իր հիշողությունից ու փորձում է ժողովրդի հիշողությունից ջնջել: Մենք 3 տարի ունեինք ներգաղթ, ոչ թե արտագաղթ: Իր ասածն ակնհայտ սուտ է»,-լրագրողներին ասաց ՀՅԴ ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Բագրատ Եսայանը՝անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը իրենց ծրագրային դրույթների վերաբերյալ՝ ԼՂ հարցով: Հարցին,թե ըստ Տեր-Պետրոսյանի, այսպիսի ուղեղների լվացումը կործանարար է լինելու ազգի համար՝ Բագրատ Եսայանն արձագանքեց. «Իր ուղեղի լվացումն է արդեն վերջնական փուլի հասել: Նա իր ուղեղը լվացել է 91-ից մինչեւ հիմա եւ որեւէ այլ մոտեցում իր ուղեղը չի մտնում: Մանավանդ տնտեսության մեջ մարդն ակնհայտ ասում է՝ ես տնտեսության մասին պատկերացում չունեմ եւ իր նախագահության օրոք էլ ով կհիշի՝ մարդը ուղղակի չէր միջամտում տնտեսական զարգացմանը: Տնտեսությունը հանձնել էր վարչապետներին, որոնք փոխվում էին թաշկինակի նման՝ օրը մեջ, եւ տնտեսական զարգացումն իր համար հարյուրերորդ պլանում էր »:
