Նրա խոսքերից էլ կարելի է ենթադրել, որ Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու.Փաշինյան
Ելք դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, թե ըստ Ելքի ծրագրի` ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի լուծվելու.«Նրա խոսքերից էլ կարելի է ենթադրել, որ Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու, երբեք չի լինելու մեզ համար ընդունելի լուծում»։ «Լեւոն Տեր-Պետրոսյանը Արցախի խնդրին պատմաբանի տեսանկյունից է նայում, թե տարիներ անց ինչ կասեն այս ժամանակահատվածի մասին: Ես ցավում եմ, որ 1997թ. մինչ օրս նրա դիրքորոշումը չի փոխվել, թեեւ աշխարհը փոխվում է, իրավիճակ է փոխվում։ 2008թ. համաժողովրդական շարժման ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը նման դիրքորոշմամբ երբեք հանդես չի եկել։ ՀԱԿ դաշինքի 18 ուժից 2-ն է կիսում նրա` այդ տեսակետը: Ըստ էության, միշտ եմ այդ մասին ասել, Արցախի հակամարտության կարգավորման հարցում ՀԱԿ-ը ՀՀԿ հետ կոալիցիայի մեջ է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամների այն դիտարկումներին, թե Նիկոլ Փաշինյանը միտումնավոր իր կայքից հեռացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին իր դրական հրապարակումները, նա նշեց. «nikol.com կայքի վրա պրովայդերից նամակ են ստացել, որ հարձակում է եղել, ժամանակավորապես այն փակվել է։ Ընտրություններով ենք այժմ զբաղված եղել, դրա համար չենք կարողացել այդ հարցով զբաղվել։ Երբ վերականգնվի կայքը, այնտեղ տեղադրված հրապարակումները եւս կվերականգնվեն»։
