1200 ընտանիք օդից կախված է. ում են բնակարան հատկացնում
Վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է բազմազավակ և երիտասարդ ընտանիքներին բնակարանի հարցում պետական աջակցություն տրամադրելու խնդրին: «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ խնդիրները: Առկա են հիմնավոր բողոքներ նաև մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»,- նշել է նա: Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը տեղեկացրեց, որ ըստ նախագծի՝ Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում գտնվող 2066.6 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը եւ 161 քառ. մետր մակերեսով վարչական շենքը՝ նվիրաբերության կարգով կտրամադրի այնտեղ բնակվող ընտանիքներին: Դավիթ Լոքյանն էլ տեղեկացրեց, որ ստուգել են եւ պարզել, որ բնակարանները հանձնվում են 18 տարին չլրացած քաղաքացիների: Աշոտ Մարկոսյանը պարզաբանեց, թե բնակարանները հանձնվում են ոչ թե 18 տարին չլրացած քաղացիներին, այլ այդ բնակարաններում ապրում են նաև անչափահաս երեխաներ: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ խնդրի լուծման առնչությամբ պատրաստվում են նախագիծ ներկայացնել և ՊՆ-ի ծառայողական ֆոնդի հաշվեկշռում 1200 բնակարան կա: «Կան դեպքեր, երբ նա, ում հատկացվել է բնակարանն, արդեն մահացել է: 1200 ընտանիք օդից կախված է»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
