«Մեր վրա կրակեցին, դանակահարեցին, հոսանքից զրկեցին».Ազատ Արշակյան
«ՕՐՕ-ն արեց ամեն ինչ` քարոզարշավի հավուր պատշաճի անցկացման համար: Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն անցկացնում է ավանդական քարոզարշավ։ Հանրապետական կուսակությունն էլ իր հերթին նույնպես «ավանդական» քարոզարշավ անցկացրեց, ինչի վառ ապացույցն էր Ջրառատում ՕՐՕ-ի համակիրների վրա զենք բարձրացնելը։ Իր ռեսուրսներն օգտագործելով` իշխանությունն ինքն էլ կարողացավ անել հնարավոր ամեն ինչ` մեր վրա կրակեցին, դանակահարեցին, հոսանքից զրկեցին, մեզ հոսանք չէին տալիս քարոզարշավ անցկացնելու համար։ Մեր ճանապարհները փակել են, մենք սուր քննադատությունների, քրեական հետապնդումների ենք ենթարկվել, ձերբակալվել,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Ազատ Արշակյանը Ընտրությունների ժամանակ արյուն թափելը Հանրապետական կուսակցության բրենդներից մեկն է, առանց որի նա գոյատևել չի կարող,ասաց նա և հավելեց,որ չնայած համակիրների նկատմամբ բռնություններին ու ճնշումներին` ՕՐՕ դաշինքի անդամները չեն ընկճվել, չեն վախեցել ու հիասթափվել, իշխանությանն իրենց ձեռագրով չեն պատասխանել, ընտրապայքարի դուրս եկած մյուս քաղաքական ուժերի հետ էլ չեն թշնամացել:
