Սոցհարցումները մարդկանց ապակողմնորոշելու համար են.Կոմկուս
Հայաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորության թեկնածու Վազգեն Սաֆարյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ բոլոր սոցիոլոգիական հարցումները սխալ են եւ միտված են հանրությանն ապակողմնորոշելու։ «Եթե մենք անցնենք խորհրդարան՝ օրենքի նախագիծ ենք ներկայացնելու ԱԺ՝ ընտրություններից առաջ բոլոր սոցիոլոգիական հարցումները արգելելու համար։ Հարցումները չեն համապատասխանում մեր ժողովրդի կամարտահայտման իրական դրսեւորմանը։ Բավական է, որ իրենք ասեին՝ «Ելքը» իբր 6.1 տոկոս ստանում է եւ «Ելքը» հայտարարեր՝ դե քանի, որ մենակ մենք ենք անցնում, եկեք մեզ ձայն տվեք։ Մյուսների տված ձայները կփոշիանան եւ ոչ մի արդյունք չեն ունենա։ Սրանք պատվիրված սոցհարցումներ են, որոնք հակաբարոյական են, քաղաքական տեսանկյունից՝ կոպիտ սխալ»,ասաց նա: «Միայն ընտրության արդյունքում կարելի է խոսել վերջնական արդյունքի մասին։Մարդը մի բան կարող է ասել, սակայն քվեախցում մեկ այլ բան կարող է անել։ Առավել եւս Հայաստանում, որտեղ վախի մթնոլորտ կա:Կոմունիստները ձայների մեծ քանակ են ակնկալում ստանալ Երեւանում, քանի որ մայրաքաղաքում ավելի շատ ազատ քաղաքացիներ կան»,հավելեց բանախոսը:
