«Շուկան անընդհատ նեղանում է». Բագրատյանը զգուշացնում է
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանը երեկ համակիրների հետ այցելել էր Գյումրի: Ինչպես հայտարարել է իրենք միակ քաղաքական ուժն են, որ Հայաստանը տեսնում են ոչ թե Եվրասիական միության, այլ Եվրամիության կազմում: Նա հավաքվածներին խորհուրդ տվեց աչալուրջ լինել և չտրվել պահի ազդեցությանը: «Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածուն իր խոսքում նշեց, որ Գյումրին իր համար առանձնահատուկ է. «Էսպիսի մի խոսք կա, ասում են՝ օգնեք տաղանդավորներին, անտաղանդներն իրենք իրենց ճանապարհը կգտնեն: Այ Գյումրին էս տաղանդավորն է»: Այնուհետև հայտարարել է, որ եթե արտագաղթը ներկա տեմպերով շարունակվի, էներգակիրների գներն ավելի կաճեն: «Թեկուզ և այն պատճառով, որ տարեկան 40 հազար մարդ մեկնում է և 40 հազար մարդ քիչ է գազ սպառում: Շուկան անընդհատ նեղանում է»,- բացատրել է Հրանտ Բագրատյանը: Այնուհետև նա հորդորել է մտածել՝ կաշառք վերցնելուց առաջ և թամահ չանել այդ 10 հազար դրամներին: Անի Աղազարյան
