Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն ու բեռնատարը. կա 2 զոհ, 2 վիրավոր
Մարտի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապահի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են BMW մակնիշի 35 FX 741 համարանիշի և ՏHACMAN մակնիշի 20 QQ 720 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մելքումյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
