Հորդորների տեղատարափ
Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ բացահայտումներին, երբ ուսումնական հաստատությունների տնօրենները ՀՀԿ համար ձայներ էին հավաքագրել:Նա հորդորել էր «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ երեկ արած իր հայտարարությունից հետո՝ ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց Փաշինյանը երեկ անբարոյական է անվանել: «Մենք ասում ենք՝ հայոց դպրոցը պետք է արմատախիլ անենք քաղաքական պոռնիկներից»,- երեկ ասել էր Նիկոլ Փաշինյանը: Քիչ առաջ էլ ԱԺ պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանը մի նոր հորդորով է հանդես եկել. «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այսօր տարածած տեսաուղերձին, որտեղ նա նշում է, թե իբր խոչընդոտել են ԵԼՔ դաշինքի թիմակիցներին իրենց քարոզչությունն իրականացնել Խորենացի 47 հասցեում, քանի որ այն համարվում է` իր խոսքերով ասած, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի բակը, հայտնում ենք, որ նման միջադեպ նշյալ վայրում տեղի չի ունեցել եւ այն չի համապատասխանում իրականությանը: Ավելին` ո՛չ միջանձնային կոնֆլիկտներ հրահրելը, ո՛չ քարոզչական պաստառներ պատռելը Հակոբ Բեգլարյանի թիմակիցների գործելաոճին չի համապատասխանում և հերթական սուտն է»,- ասել է նա՝ նշելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրերն ընտրողներին ներկայացնելու փոխարեն, շանտաժներով, սոցցանցերում կոնկրետ անձանց դեմ ցեխ շպրտելով է զբաղված: «Ուստի` հորդորում ենք Փաշինյանին և իր թիմակիցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և սադրանքներ հրահրելուց ու շարունակել իրենց նախընտրական քարոզարշավը կոռեկտության սահմաններում»,- հայտարարել է Հակոբ Բեգլարյանը: Անի Աղազարյան
