«ՕՐՕ»-ը հույսը դրել է Սփյուռքի վրա՞
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Թերեզա Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ծրագրում կրթության ոլորտի առաջնային անելիքներից են դասագրքերի որակի բարձրացման և 12-ամյա կրթական համակարգի վերացման հարցերը: Խոսելով մյուս ծրագրերից՝ Թերեզա Սարգսյանն ասաց, որ մտադիր են նորաստեղծ ընտանիքներին հատկացնել միանվագ 700 հազար դրամ, կրկնապատկել թոշակները եւ նպաստները, նվազագույն աշխատավարձը սահմանել 100 հազար դրամ: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե բյուջետային տեսանկյունից ինչպե՞ս է պատկերացնում այս ծրագրերի իրականացումը, պատասխանեց, որ իրենք լայն կապեր ունեն սփյուռքահայերի հետ և նրանք ցանկացած պահի կարող են վերադառնալ իրենց երկիր եւ մեծ գումարներ շրջանառության մեջ դնել: Շարունակելով ծրագրերի ցանկը՝ տեղեկացրեց նաև, որ ծրագրում են դուրս բերել ստվերում աշխատող գործարարներին, զարգացնել գյուղատնտեսությունը: Անի Աղազարյան
