Փոխզիջումը պետք է լինի միայն Արցախի միջազգային անկախության դիմաց. Խ. Քոքոբելյան
«Մենք միակ քաղաքական ուժն ենք, որ ի տարբերություն մյուս 8 քաղաքական ուժերի, պարզ ու շիտակ ասում ենք, որ զարգացման այն ուղղությունը, որով ՀՀ-ն որպես պետություն գնում է, բերել է այս վիճակին Մեր միակ ուղղությունը Եվրոպական միությունն է, որը Հայաստանին թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական առումով կբերի զարգացման, ՀՀ-ն կդարձնի ապրելու համար ցանկալի երկրի, ոչ թե պարտադրված երկիր»,-Արթիկ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Այսօր շատ է խոսվում Արցախում փոխզիջումներից, բայց չեն ասում, թե ինչ փոխզիջում:Մենք ասում ենք՝ Արցախում փոխզիջումը պետք է լինի միայն Արցախի միջազգային անկախության դիմաց: Մենք ասում ենք, որ մինչև այս պահը թե՛ միջազգային հանրությունը, թե՛ մեր ռազմավարական գործընկերները թերացել են Արցախի միջազգային ճանաչման համար: Այսօր մթնոլորտը փոխվել է, ժողովրդին չեն կարող վախեցնել պատերազմով: Քառօրյան ապացուցեց, որ մեր 18 տարեկան զինվորների հերոսության շնորհիվ միջազգային հանրությունը հաշվի նստեց մեր հետ»,-ասաց նա: «ՀՀ-ում պետք է հաստատել արդարադատություն, և իրենք տնտեսության զարգացման հստակ ծրագիր ունեն: Նվազագույն կենսաթոշակը 73 000 դրամ ենք դարձնում ու ցույց ենք տալիս՝ որտեղից վերցնել, ոչ թե մյուսների նման տեսական բնույթի հայտարարություններ ենք անում: Նվազագույն աշխատավարձը 110 000 դրամ կդարձնենք, 140 000 աշխատատեղ կարող է ստեղծվել: ՀՀ-ում ստվերը 34% է, որը կազմում է 800 մլն դոլար, որը պետք է բերել սպիտակ դաշտ»,-ասաց նա:
