Հստակ տերմին չկա, որ ցուցակագրումն արգելվում է
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն այսօր անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հայտնի ձայնագրությանը, տեղեկացրեց, որ հստակ տերմին չկա, որ ցուցակագրումն արգելվում է, և Ընտրական օրենսգրքում որեւէ պատասխանատվություն չկա, թե ինչ պատիժ է հասնում նրան, ով քարոզչության ընթացքում խախտումներ է թույլ տալիս: Սակայն , նրա խոսքով, կան որոշակի արգելքներ քարոզչություն իրականացնող անձանց համար. «Մի քանի կարեւոր հանգամանքներ կան: Ինչն է խախտվում օրենսդրությամբ: Սուբյեկտների շրջանակ նշվեց՝ դրանք մանկավարժներն են, որոնք քարոզչության համար արգելված սուբյեկտ չեն, բայց իրենց լիազորությունն իրականացնելիս նրանք չեն կարող զբաղվել քարոզչությամբ: Կարող են ասել, որ քարոզչություն չեն իրականացրել, այլ, ինչպես ՀՀԿ-ն է ասում՝ մոբիլիզացրել են իրենց ընտրազանգվածին: Բայց կա քրեական պատասխանատվություն ընտրողի կամքի վրա ազդելու համար: Մանկավարժները, ունենալով որոշակի ծառայողական հարաբերություններ իրենց ծնողական համայնքի վրա, արդեն իսկ իրենց դիրքով ազդում են ընտրողի ազատ կամքի վրա: Ես այստեղ գտնում եմ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ»:
