«Այս ընտրությունների գինը շատ բարձր է». Հերմինե Նաղդալյան
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը այսօր տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի հրապարակած ձայնագրությունները։ Այնուհետև խորհուրդ տվեց հետևել ՀՀԿ-ի կողմից հրապարակած հաղորդագրությանը և ինքն ավել բան չի կարող ասել: «Քաղաքական ուժերը, ովքեր լուրջ մասնակցում են ընտրություններին, որոշակի կազմակերպչական աշխատանք կատարում են՝ կողմնակիցներ, թվաքական, կոնտակտներ և այլն։ Այս ամենը մեկ բառով կարելի է անվանել ցուցակագրում»,- ասաց Նաղդալյանը։ Խոսելով քաղաքական ուժերի գործողություններից՝ նշեց, որ նախընտրական զարգացումների առումով ընտրարշավն իր ամենաակտիվ փուլում է։ Ինչպես ասաց՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները առանձնահատուկ են և այս ընտրությունների գինը շատ բարձր է։ «Այս ընտրությունները մարդուն կարող են թույլ տալ հասկանալ տարբերությունները կուսակցությունների և դաշինքների միջև, թե որն է ավելի շահեկան ծրագիր ներկայացնում պետության համար և ով է ունակ իրականացնելու այդ ծրագիրը, որպեսզի քվեարկի այդ քաղաքական ուժի օգտին»,- նշեց նա: Անի Աղազարյան
